Թրթուրները ոչնչացնում են անտառը, պատկան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում. ահազանգում են բնակիչները 

Թրթուրները ոչնչացնում են անտառը, պատկան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում. ահազանգում են բնակիչները 

Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի բնակիչները ահազանգում են, որ բնակելի տներին կից անտառը ոչնչանում է թրթուրներից, իսկ պատկան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում անտառը վնասատուներից եւ վարակից փրկելու համար. «500 հա եւ ավելի անտառը մեր աչքների դեմ չորանում ու ոչնչանում է: Թրթուրները ծառերի տերեւները ամբողջությամբ կերել են, իսկ նախարարությունը, անտառտնտեսությունը մատը մատին չեն խփում խնդրի լուծման համար: Այդ հատվածում մատուռ կա, եւ մի հիանալի աղբյուր: Թրթուրների դարդից չենք կարողանում այդ տարածք գնալ, էնքան շատ են՝ խրձով», -մեզ հետ զրույցում ասում էին բնակիչները: 

Խնդրին քաջատեղյակ էին նաեւ Կոտայքի մարզպետարանում: Մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության  վարչության պետ՝ Մհեր Եղիազարյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ նամակ են անտառտնտեսության պետական կոմիտե եւ շրջակա միջավայրի նախարարություն, սակայն ոչ մի կառույցից պատասխան չեն ստացել. «Զրուցել եմ նաեւ մասնագետների հետ: Ինձ անհանգաստացնում էր կուլտուրական ցանքատարածությունները՝ հացահատիկ, բանջարեղեն եւ այլն: Մասնագետները ասեցին, որ ցանքատարածությունների վրա թրթուրը որեւէ ազդեցություն չի ստեղծի, բայց դա որպես սրտհովանք չի: Երկրորդը՝ ըստ նրանց, արդեն ձվադրումը ավարտվել է: Անգամ, եթե հիմա սրսկումներ կատարվի, դա անօգուտ կլինի:  Ասեցին նաեւ, որ  ծառերը նորից կանաչելու են: Աշնանը մենք կունենաք իհարկե ոչ լիարժեք սաղարթը ձեւավորված, բայց ունենալու ենք կանաչած ծառեր: Մենք իրականության հետ պետք է հաշվի նստենք, որ կարողանանք վաղ շրջանում, գարնանը սրսկման խնդիրը լուծել, որպեսզի այսպիսի կրկնություն չունենանք: Ես այդ ճանապարհով անցնելուց տեսել եմ՝ ծառերը լրիվ տկլոր վիճակում են»,-ասաց Եղիազարյանը: Ըստ նրա՝ վերջին  տարիներին ընթացքում սրսկումներ արվել է, նման վիճակ չի եղել: Հարցին՝ ինչո՞ւ այս տարի անտառում սրսկումներ չեն կատարվել, Եղիազարյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, դա մեր գործառույթը չի, նախարարության, կամ անտառտնտեսության խնդիրն է»:

«Մենք էլ մեր հերթին դիմել ենք մեր տնօրենին, տնօրեն էլ՝ նախարարությունը, նախարարությունը դիմել է կառավարությանը, որ պետք է սրսկում լիներ ավիացիայով: Դա ձեռքի սրսկման խնդիր չի, խնդիր կար ավիացիայի: Ես միայն տարածքը ցույց տվող եմ ու ասողը, բայց չեմ կարող ասել, թե որ կազմակերպությունն է իրականացնում սրսկման աշխատանքները: Մենք չունենք սեփական տեխնիկա, որ այդ աշխատանքները կատարենք»,- ասաց «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արտաշ Հունանյանը, ապա հավելեց, որ Կոտայքի մարզում,  բացի Աղբյուրակի տարածքից,  Արա լեռան տարածքում էլ նույն վիճակն է: