Ազնիվ Բաղդասարյանին այցելելու նպատակը դա է եղել․ Ամատունի

Ազնիվ Բաղդասարյանին այցելելու նպատակը դա է եղել․ Ամատունի

Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի զինվորականները՝ հանրությանը քաջ հայտնի Իբրահիմի գլխավորությամբ, իբր հանդիպում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի որ կինն էլ ադրբեջանցիներին ասում էր. «Բարի գալուստ ձեր տուն»։

Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ազնիվ Բաղդասարյանը հայ չէ, և իբր նույն կինը 2019-ին էլ է ադրբեջանական լրահոսում հանդիպել։ Այսօր, սակայն, ԱԱԾ-ից հայտնեցին, որ Ազնիվ Բաղդասարյանը գերեվարվել է հոկտեմբերի 7-ին և «Բարի գալուստ ձեր տուն»-ը ասել է սպառնալիքի ազդեցության տակ։

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Զառա Ամատունին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ԿԽՄԿ-ն այցելել է Ազնիվ Բաղդասարյանին՝ հարազատների հետ կապի հնարավորություն է տրվել, սակայն կապը եղել է, թե ոչ, չի կարող ասել․

«Ես ասել եմ, որ հնարավորություն է տրվել ընտանիքի հետ կապ հաստատելու, իսկ թե կապը տեղի ունեցել է, թե ոչ, ես դա չեմ կարող ասել, որովհետև մենք հնարավորությունը տվել ենք, դա ես կարող եմ հաստատել, մնացածն իր այն հարազատի հետ է տեղի ունենում, որի հետ մենք անմիջական կապի մեջ ենք, և, բնականաբար, կարող եմ հաստատել, որ նման տեղեկության մասին մինչև հանրայնորեն խոսելը, նշված բարեկամի կամ հարազատի հետ մենք կապի մեջ ենք լինում, հետո նոր հանրայնորեն հայտնում ենք, որ մենք արել ենք նման այցելություն։ Տրվել է կապի հնարավորություն հարազատների հետ»։

Փորձեցինք տեղեկություններ ստանալ Ազնիվ Բաղդասարյանի մասին, թե որ քաղաքից կամ համայնքից է և այլն:

«Բովանդակային մասին վերաբերող բոլոր հարցերը հանրային հրապարակման ենթակա չեն, որովհետև, մեր ընթացակարգերի համաձայն, դրանք տեղի են ունենում կոնֆիդենցիալ երկխոսությամբ իր ընտանիքի հետ և իշխանությունների հետ, դրա համար դա դուրս է մնում հանրային քննարկումներից, և դա նաև իրավունքի պահանջն է»,- ասաց Ամատունին։

Հարցրինք նաև, թե երբ է եղել այցը, ինչ պայմաններում է պահվել Ազնիվ Բաղդասարյանը:

«Ամսաթիվ չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ ասել, որ հոկտեմբերին է եղել։ Պահման պայմանները, առողջական վիճակը և հարակից բոլոր հարցերը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են, և այցելության նպատակը հենց դա է եղել, սակայն դրա հետ կապված մանրամասներ ես ևս չեմ կարող ասել, որովհետև դրանք քննարկվում են ներգրավված կողմերի հետ, անձի հետ, և մյուս հարցերը` կապված նաև հետադարձ կապի հետ, մեր հաջորդ այցերի ժամանակ փորձելու ենք կարգավորել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ենք տեսել և ինչպես, մենք այդ մասին չենք խոսում»,- ասաց Ամատունին՝ նշելով, որ չի կարող պատասխանել նաև այն հարցին, թե Ազնիվ Բաղդասարյանը քաղաքացիակա՞ն անձ է, թե՞ ոչ։