Իշխանական թիմում իրար մեղադրում են բյուջեն չհիմնավորված մսխելու համար

Իշխանական թիմում իրար մեղադրում են բյուջեն չհիմնավորված մսխելու համար

Պարզվում է՝ խորհրդարանի 700 հոգանոց աշխատակազմը քիչ է, որպեսզի պառլամենտն արդյունավետ աշխատի․ խորհրդարանը հավելյալ՝ մասնագիտական ներուժի ներգրավման կարիք ունի: Այդ նպատակով իշխող խմբակցությունն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ»  օրենքում փոփոխությունների միջոցով մշտական հանձնաժողովներին մեկական խորհրդականի հաստիք էլ ավելացնել, բայց նրանք ոչ միայն մասնագետներ են լինելու, այլեւ քաղաքական աշխատանք իրականացնող են համարվելու եւ ստանալու են ավելի բարձր աշխատավարձ, քան շարքային խորհրդականները: Օրենքով առաջարկում են ամրագրել աշխատավարձի գործակիցը, ըստ այդմ՝ նրանք կստանան պատգամավորների համար սահմանված աշխատավարձի կեսը՝ մոտավորապես 300 հազար դրամ:

Ակնհայտ է, որ խորհրդարանական մեծամասնությունը գլուխ չի հանում օրենսդիր ծանր աշխատանքից, որովհետեւ օրենք գրելն ամեն մարդու խելքի բանը չէ, այն էլ՝ հեղափոխական պատգամավորների համար, որոնցից շատերի կարիերան սկսվել է հենց Ազգային ժողովից, իսկ հեղափոխության օրերին լավ քայլելը դեռեւս օրենքները հասկանալու կամ օրինաստեղծ աշխատանքով զբաղվելու գրավական չէ։ Այդ պատճառով էլ, այսպես կոչված, քաղաքական խորհրդականներ ընդունելու անհրաժեշտություն է առաջացել: Բայց, որպեսզի այս փաստն աչք չզարնի, նախագծում այլ փոփոխություններ էլ են առաջարկվում, որոնք, ինչպես հիմնական զեկուցող, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց, ուղղված են պառլամենտական վերահսկողության գործիքակազմը հարստացնելուն, մշտական հանձնաժողովների դերն ու արդյունավետությունը բարձրացնելուն։

Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ բնագավառների՝ հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին՝ ընդունված նորմատիվ ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ  հաշվետվություն ներկայացնելու: Նախագծի մեկ այլ դրույթով սահմանվում է, որ ԱԺ հանձնաժողովները յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը, ներկայացնում են եզրակացություններ կառավարության կողմից նախորդած տարվա ընթացքում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ։

Պատգամավորը նշեց, որ նախագծի մշակման մյուս նպատակն ԱԺ հաշվետվողականության բարձրացումն է։ Ահա ինչու սահմանվում է, որ յուրաքանչյուր նստաշրջանի վերջին նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնելու է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի ամփոփ հաշվետվությունը, որը ներառում է խորհրդարանական լսումների, հանձնաժողովին հասցեագրված դիմումների եւ դրանց պատասխանների ու արդյունքների մասին տեղեկատվություններ եւ այլն: Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով, հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, որը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների ներկա գտնվելու դեպքում:

«Մենք, բնականաբար, կողմնակից ենք հաշվետվողական գործողություններին»,- իր ելույթում նշեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: «Բայց եկեք արձանագրենք, որ Ազգային ժողովում մի քանի հարյուր անձից կազմված աշխատակազմ կա, եւ, առհասարակ, աշխատանքի արդյունավետության բարձրացման կարիք կա: Պետք է հասկանալ՝ ամեն մեկն իր քաղաքական պրոդուկտի եւ արդյունավետության բարձրացման մեջ որքանով է հաջողում կամ ձախողում: Վստահաբար, մենք ունենք լավ եւ վատ աշխատակիցներ, եւ պարգեւավճարների բազմաչարչար հարցով պետք է արձանագրել, որ խրախուսումները պետք է լինեն հասցեական՝ շատ եւ արդյունավետ աշխատող մարդկանց համար: Պարգեւավճարները չպետք է համատարած բնույթ կրեն՝ որպես մոտեցում եւ հայեցակարգ»,- ասաց պատգամավորը:

ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ հանձնաժողովի անդամը կարող է նիստին չմասնակցել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով, արդյունքում կարող է տապալվել որոշումների եւ եզրակացությունների ընդունումը: Հայրապետյանն ընդդիմադիր պատգամավորին հիշեցրեց՝ հանրությունն ամեն ինչ կտեսնի, հանրային պարսավանքի ինստիտուտը չպետք է թերագնահատել, հանրությունը կտեսնի՝ արդարացվա՞ծ է պատգամավորի՝ ԱԺ-ում լինելը, թե՞ ոչ:

Ուշագրավ է, որ կառավարությունն առանձնապես ոգեւորված չէ բյուջեի վրա նման բեռ դնելու փաստից․ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը բաց տեքստով ասաց այդ մասին. «Երբ կառավարությունն իր ծրագիրը հաստատում էր, որը հավանության է արժանացել նաեւ ԱԺ-ի կողմից, այնտեղ արձանագրված է, որ մենք ունենք պետական ուռճացված համակարգ եւ նաեւ նպատակ ենք դրել՝  ճկուն ծախսարդյունավետ, դինամիկ եւ մրցունակ պետական կառավարման համակարգ ստեղծել, ինչը ենթադրում է ֆունկցիաների կրկնության բացառում»: Փոխնախարարի կարծիքով, առաջարկվող նոր հաստիքները կրկնություն են, ասաց՝ հաստիքների ստեղծումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, եւ պնդեց, որ այն խնդրահարույց է հատկապես համաճարակի պայմաններում պետական բյուջեի միջոցների հնարավոր մուտքերի նվազման, ինչպես նաեւ ծախսերի առաջնահերթությունների փոփոխության առումով:

Վահե Դանիելյանը խնդրահարույց համարեց նաեւ աշխատավարձի բարձր՝ 6 գործակցի սահմանումը. «Պետական քաղաքականությունը հիմնված է այն սկզբունքի վրա, որ աշխատավարձերը պետք է համապատասխանեն գործառույթներին եւ պատասխանատվությանը, այլապես, եթե այն տրամաբանությամբ առաջնորդվենք, որ բարձր աշխատավարձով մասնավոր հատվածից ավելի մրցունակ կադրեր բերենք, ապա ցանկացած պաշտոնյայի կամ հաստիքի համար հնարավոր է ավելի բարձր գործակից սահմանել»:

Կառավարության ներկայացուցչի դիտողություններն ԱԺ նախագահը կուլ չտվեց․ նախ հիշեցրեց, թե կա մի չգրված ավանդույթ, երբ գործադիրի գործընկերները, որպես կանոն, ձեռնպահ են մնում ԱԺ ներքին աշխատանքի կազմակերպման գործընթացից:

«Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգի վերաբերյալ ուռճացվածության դատողություններին՝ բյուջեի, ստեղծված այլ հանգամանքների մանրազնին վերլուծությունը կարելի է սկսել եւ սկսել այլ գերատեսչություններից»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Օրենքի նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց, որ ոչ մի երկրում գործադիրն ուրախությամբ չի ընդունում իր նկատմամբ խորհրդարանի վերահսկողական լծակների ընդլայնման նախաձեռնությունները: «Մենք լեգիտիմ շահ ունենք՝ ներկայացնելու մեր դիրքորոշումը»,- արձագանքեց արդարադատության փոխնախարարը:

«Ձեր լեգիտիմ շահի նկատմամբ էլ ենք հարգանքով վերաբերվում, պարոն Դանիելյան ջան»,- արձագանքեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ ընդգծված հարգանքով է վերաբերվում փոխնախարարի մասնագիտական դիրքորոշմանը եւ բավականին ջերմ վերաբերմունք ունի նաեւ անձնապես: