«Մարսոյի» տղանե՞րն են կրակել բռնցքամարտիկի վրա․ մանրամասներ՝ Էջմիածնի կրակոցներից

«Մարսոյի» տղանե՞րն են կրակել բռնցքամարտիկի վրա․ մանրամասներ՝ Էջմիածնի կրակոցներից

Այսօր Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, վիրավորվել է 27-ամյա մի երիտասարդ, նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։ Իրավապահ մարմիններից հայտնում են, որ բերման ենթարկվածներ չկան։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ վնասվածք ստացածը Գուրգեն անունով մի բռնցքամարտիկ է, իսկ կրակողը եղել է Արմավիրի զորամասի նախկին հրամանատար Գեւորգ Ենոքյանի (Մարսո) որդիները։ Մեզ հայտնի է դարձել, որ կողմերը կոնֆլիկտ են ունեցել դեռ մեկ տարի առաջ։

«1 տարի առաջ մեքենաների վթար է լինում, իջնում են, լեզվակռիվ են անում, «Մարսոյի» տղու ձեռքին խփում է (նկատի ունի՝ բռնցքամարտիկ Գուրգենը) «նոկաուտ» է անում։ Սրանք մուռը պահում են, գալիս են, սենց բան են անում։ Հերը միլիարդատեր ա, սաղին առել ա, ամսական կես միլիոն դոլար փող ա աշխատում»,- նշեց մեր աղբյուրը։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Քննչական կոմիտեից, սակայն մեզ փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ Գեւորգ Ենոքյանի անունը նախկինում եւս կապվել է աղմակահարուց դեպքերի հետ։ Մամուլը 2010 թվականին գրվել է, որ Գեւորգ Ենոքյանը իր վարորդի՝ «Կոբրա» մականունով անձի հետ զորամասում գումարտակներից մեկի հրամանատարին կապել է աթոռին, ծեծել, փորձել անարգել։  2008 թվականին էլ գրվել է, որ Ենոքյանը 2008-ի նախագահական ընտրությունների քվեարկության օրը  ակտիվորեն ու անթաքույց մասնակցել է Կողբ համայնքում տեղակայված 40/05 ընտրատեղամասում իրականացված ընտրակեղծիքներին: Նա այդ ժամանակ եղել է Կողբի զորամասի հրամանատարը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրօրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), ինչպես նաեւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) հատկանիշներով։