Ոչ թե խթանենք, այլ սանձահարենք

Ոչ թե խթանենք, այլ սանձահարենք

Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է որոշակի հոլովով կամ կապային կառույցով խնդիր, ինչպես՝ խոսում էինք մեր գործերից կամ խոսում էինք մեր գործերի մասին։

Խոսենք խնդրառական այն սխալների մասին, որոնք մեր գրավոր ու բանավոր խոսքում հանդիպում են առավել հաճախ։  

Սկսենք «մասին» կապից։ Բերենք օրինակներ. 
«Մի քանի խոսքով անդրադառնանք այդ մասին»։
«Ինչ վերաբերում է ծրագրի մասին...»։
«Խնդրի կարևորության մասին չեն պատկերացնում»։
 «…ասաց պատգամավորը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ինքը թաքցնում է դրա մասին»։
«Կխնդրեի, որ ներկայացնեք Ձեր ստեղծագործությունների մասին»։
 

Որևէ բանի մասին կարել է, օրինակ, խոսել, խորհել, լսել, իմանալ, երազել, բայց ոչ երբեք, ինչպես բերված նախադասություններում է, անդրադառնալ, վերաբերել, պատկերացնել, թաքցնել, ներկայացնել։ Տվյալ օրինակներում «մասին» կապը չպիտի գործածվեր, և միտքն էլ պետք է ձևակերպվեր այսպես.
«Մի քանի խոսքով անդրադառնանք դրան»։
«Ինչ վերաբերում է ծրագրին...»։
«Խնդրի կարևորությունը չեն պատկերացնում»։
«…ասաց պատգամավորը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե ինքը թաքցնում է դա»։
«Կխնդրեի, որ ներկայացնեք Ձեր ստեղծագործությունները»։ (Եթե պետք է գործածել  «մասին» կապը, ապա՝ «Կխնդրեի, որ խոսեք Ձեր ստեղծագործությունների մասին»)։
    

Բերենք նաև այլ կապերի գործածության հետ կապված սխալների օրինակներ. 
«Ունեցվածքը կտակեց զավակի վրա»։
«Նրան մեղադրում են զրպարտության մեջ»։
«Ժողովուրդը հակադրվեց բռնության դեմ»։
«Երկրում ժողովրդավարության վերջնական հաստատումը հիմնականում պայմանավորում են կոռուպցիայի վերացման հետ»։  
«Ծանոթանում են մեր գործերի հետ»։
    

Այս նախադասություններում չպետք է գործածվեին վրա, մեջ, դեմ, հետ կապերը, որովհետև կտակում են ոչ թե որևէ անձի վրա (տվյալ դեպքում՝ զավակի), այլ անձին (զավակին)։ Մեղադրում են ոչ թե կատարած ինչ-որ բանի մեջ, որը տարածված սխալ է իրավաբանների շրջանում, այլ համար։ Հակադրվում են ոչ թե բռնության դեմ, այլ բռնությանը։ Ինչ-որ բան պայմանավորում են ոչ թե մեկ այլ բանի հետ, այլ բանով։ Ծանոթանում են ոչ թե գործերի հետ, այլ գործերին։    

Հավելենք, որ ծանոթանալու պարագայում հետ կապի գործածությունը ճիշտ է, եթե խոսքը վերաբերում է անձի։ Օրինակ. 
«Մենք ծանոթացանք Կարենի հետ»։
«Վերջապես նրանք իրար հետ ծանոթացան»։
Խթանել, խոչընդոտել, հյուրասիրել։
    

Բավական հաճախադեպ են նաև այս բառերի գործածության հետ կապված սխալները։ Պետք է հիշել, որ ներգործական սեռի բայերի իրի առումով խնդիրը դրվում է ուղղական (հայցական) հոլովով։ Բնականաբար խթանում կամ խոչընդոտում են, օրինակ,  զարգացումը, ընթացքը, աշխատանքները, այլ ոչ զարգացմանը, ընթացքին, աշխատանքներին։ 
Հյուրասիրում են ոչ թե մրգերով, խմիչքով, խորտիկներով (թեև որոշ բառարաններում և գեղարվեստական գրականության մեջ այս ձևերը նույնպես հանդիպում են), այլ մրգեր, խմիչք, խորտիկներ։ Օրինակ.
 «Նոր մտածելակերպը կխթանի մեր զարգացումը»։
 «Դա խոչընդոտում է մեր աշխատանքը»։
«Տանտերերն այցելուներին հյուրասիրեցին մրգեր»։

Խթանել բառի հետ կապված՝ երբեմն առաջանում է նաև այլ հարց. ի՞նչ հոլովով դնել խնդիրը, եթե խոսքը կենդանիների մասին է։ Ասել, օրինակ՝ Նա խթանեց ձի՞ն, թե՞ ձիուն։ 
Քանի որ մեր մտածողությամբ կենդանիներն ընկալվում են ոչ միայն իրի, այլև անձի առումով (փոխաբերական իմաստով), ուստի երկու տարբերակն էլ ճիշտ է՝ հակառակ այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներին։ Ընդ որում գրականության մեջ երկու ձևն էլ գործածվում է։ Օրինակ.
«Խելակորույս խթանեց ձին....» (Ավետիք Իսահակյան)։
«Նկատեց Մխիթարն ու խթանեց ձիուն» (Սերո Խանզադյան)։ 

Մենք էլ փորձենք այսուհետև ոչ թե խթանել, այլ սանձահարել այսպիսի սխալները։

Գուրգեն Միքայելյան
Լեզվի կոմիտեի գլխավոր մասնագետ