Անհանգիստ եմ ու մտահոգված, թե ինչպես կավարտվի այս ամեն ինչը

Ինչպես հայտնի է, իշխանությունն անցած տարի, ի դեմս Գլխավոր դատախազության, սկսեց մի գործընթաց, համաձայն որի՝ գրողների եւ նկարիչների միությունների շենքերը պետք է պետականացվեն: Որպես հիմնավորում՝ հղում արվեց «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրեց համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին:
Սեփականազրկման գործընթացն արագ տեմպերով ու շատ վտանգավոր սցենարով է ընթանում հատկապես Նկարիչների միության Աբովյան 16 շենքի հետ կապված, դատավորն այս գործը գրավոր (ոչ հրապարակային) ընթացակարգով է քննում, ինչը նշանակում է, որ դատական նիստ չի լինելու, եւ միանգամից հրապարակվելու է վճիռը:
Հիշեցնենք, որ նկարիչների տան Աբովյան 16 հասցեում գտնվող շենքի մասով դատարանը վճիռը պետք է հրապարակեր դեռ անցած տարվա հոկտեմբերի 30-ին, որն այդպես էլ չհրապարակեց: Ինչպես տեղեկացանք, վճռի հրապարակման նոր ամսաթիվ է նշանակվել ապրիլի 25-ը: Այլ կերպ ասած` վտանգը դեռ չի անցել:
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպասողական վիճակ է. նոր դատական նիստերը նշանակված են ապրիլին. «Աբովյան 16 հասցեում գտնվող շենքի մասով դատական նիստը նշանակված է ապրիլի 25-ին, իսկ ապրիլի 23-ին Նկարիչների միության Շորժայի ստեղծագործական տան դատն է, Ծաղկաձորի ստեղծագործական տան մասով էլ դեռ սպասում ենք, որ օր նշանակեն»:
Ս. Սաֆարյանն ասում է` թե՛ ինքը, թե՛ միության անդամները լիահույս են, որ իրենց միության բոլոր շենքերի մասով կլինի արդար դատաքննություն, եւ իրենց սեփականության իրավունքն այլեւս կասկածի տակ չի դրվի։ «Ինձ մոտ հույսը վերջում է մահանում, ճիշտ է` ժպտում եմ, բայց այս ընթացքում ներսից շատ անհանգիստ եմ, եւ պարզ է, որ պետք է անհանգիստ լինեմ ու մտահոգված, թե ինչ ձեւով կավարտվի այս ամեն ինչը, իսկ պայքարելը միշտ կա, ու պետք է մեր շահերը մենք պաշտպանենք»,- կարճ հավելեց նա:
Կարծիքներ