Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է ծանրակշիռ փաստական տվյալների հիման վրա լինի

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է ծանրակշիռ փաստական տվյալների հիման վրա լինի

Հարցազրույց փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ

- Երեկ դատավոր Արուսիկ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորեցին։ Ծանո՞թ եք այդ գործին։ Առկա տեղեկատվությունը ի՞նչ հետեւությունների տեղիք է տալիս Ձեզ։ 

- Գործերին ծանոթ եմ հրապարակված տեղեկությունների մակարդակով, ավելին նախաքննական տվյալներն անթույլատրելի է հրապարակել՝ անգամ այդ տվյալները տիրապետելու պայմաններում։ Առաջին հայացքից երեւույթը դժվար է մարսել։ 
Գիտեք, քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը սկզբունքային նշանակություն ունի ամբողջ քրեական դատավարության համար, քանի որ այդ դատավարական փաստաթղթում ամփոփվում են, այսպես ասած, իրավապահների կողմից նախապատրաստական աշխատանքների արդյունքները, եւ տրվում են որոշակի փաստերի վերաբերյալ նախնական, մինչդեռ պաշտոնական գնահատականներ։ Այդ գնահատականները, իմ համոզմամբ, պետք է վերաբերվեն փաստական տվյալներին եւ այն դեպքերում, երբ հրապարակվում են քրեական վարույթով որեւէ կարգավիճակ ունեցող անձին անհատականացնող տվյալներ, ապա ողջամտորեն ի հայտ են գալիս ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող մի շարք իրավաչափ շահերի վերաբերյալ մտահոգություններ։ Այդ մտահոգություններից են, օրինակ, անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքը, որը նաեւ քրեադատավարական օրենսդրության կարեւորագույն հենասյուներից է։ 

Անկախ այն հանգամանքից դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կամ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ընդունել են մեղքը, թե ոչ, պետք է նախնական քննության այս փուլում հանրային պարսավանքի չենթարկել անձանց, քանի որ նրանց կողմից ենթադրյալ կատարված արարքի միակ գնահատողը դատարանն է, այն էլ՝ ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի պայմաններում։ Թարմ օրինակ է դատավոր Բորիս Բախշյանի գործի ելքը. հռչակվեց դատավորի անմեղությունը։    

- Առհասարակ՝ ո՞ր դեպքերում է հարկավոր մարդուն, առավել եւս դատավորին կամ փաստաբանին կալանավորել։

- Մինչ նոր, գործող քրեական եւ քրեական դատավարության օրենքների կիրառումը, բազմաթիվ քննարկումներ ենք իրականացրել մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի կալանավորման անհրաժեշտության շուրջ։ Թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք որոշումներով, և թե՛ մեր վճռաբեկ դատարանը բազմաթիվ նախադեպային որոշումներով իրավական դիրքորոշում են արտահայտել, որ անձին կալանավորելը պետք է կիրառվի խիստ սահմանափակ դեպքերում, քանի որ կալանավորումը, այնուամենայնիվ, խափանման միջոց է եւ պետք է պատժի տարրեր չպարունակի։ Դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվում էԲարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ. այս առումով դատավորի անկախության եւ մյուս կարեւորագույն երաշխիքները չեզոքացված չեն։ Մինչդեռ փաստաբանի պարագայում այլ է՝ նրա նկատմամբ քրեական դատավարությունն առանձին կարգավորումներ չի նախատեսել։ 
Իմ կարծիքով մեղադրյալին հաճախ եւ հեշտությամբ կալանավորելու պրակտիկային պետք է վերջ տալ, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել ծայրահեղ դեպքերում։  

- Մարդիկ, որոնք հետեւել են դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործունեությանը եւ նրա տված կալանքի որոշումներին, ուրախացել են, որ այդքան անհիմն կալանքի որոշումներ կայացրած դատավորը պատժվում է, ասում են՝ արդար է, բայց նա անմեղ մարդկանց կալանք տալու համար չի պատժվում։ Դուք որ դեպքերում համաձայն կլինեիք, որ դատավորի նկատմամբ քրեական վարույթ հարուցվի եւ նա ազատազրկվի։ 

- Թե՛ Արուսյակ Ալեքսանյանի, թե՛ Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը ծանոթ եմ։ Գտնում եմ, որ դատավորի նկատմամբ անգամ քրեական հետապնդում հարուցելը պետք է ծանրակշիռ փաստական տվյալների հիման վրա լինի։ Կալանքին, որպես առանձին խափանման միջոց, դեմ եմ, քանի որ այսօր քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է խափանման միջոցների բազմաթիվ այլընտրանքներ, որոնք կարող են կիրառել։ 

- Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ընդդիմադիրների գործերի պաշտպանությամբ է հայտնի։ Որքանով է հավանական, որ նրա կալանքը կապված է իր մասնագիտական գործունեության հետ։ 

- Այո, Էրիկը ակտիվ պաշտպաններից է եւ առավելապես աչքի է ընկել աղմկահարույց քրեական վարույթներով։ Հենց իր գործերով երեւի չեմ հիշի մի գործ, որ խափանման միջոցի հարց քննարկված չլինի։ Քանի որ քրեական վարույթների մանրամասներին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ինչ հիմքերով է պայմանավորված նրա կալանքը։ Եթե խոսենք այն կանխավարկածով, որ նրա նկատմամբ կալանքը կիրառվել է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, ապա տվյալ պարագայում գտնում եմ, որ սա իրավապաշտպան գործունեություն ծավալող անձանց զսպելուն է ուղղված, իսկ փաստաբանի անկախությունը մասնագիտական օրինական գործունեության կարեւորագույն հիմնասյուներից է։ 

- Ի՞նչ պետք է անի այս պարագայում Փաստաբանների պալատը եւ փաստաբան գործընկերները։ 

- ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը հենց առաջին իսկ օրը այցելել է Էրիկ Ալեքսանյանին, փաստաբանները թե՛ սոցհարթակներում, թե՛ դատական նիստի ընթացքում՝ դատարանի բակում, իրենց աջակցությունն են հայտնել Էրիկին։ Վերջինիս վերագրված քրեական վարույթը Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում է։ Ասեմ ավելին՝ պալատը դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որեւէ քրեական հետապնդում, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող մասնագիտական օրինական գործունեությամբ:

- Առհասարակ՝ նախնական կալանքի չարաշահման դեմ ինչպես կարելի է պայքարել, որ մարդուն ոչ թե հապճեպ՝ մեկ քննիչի ու դատավորի ձեռքով «պատժեն»,, այլ նրա արարքի գնահատականը տա դատարանը՝ քննության արդյունքում։

- Գիտեք, այդ կառուցակարգերը նախատեսված են քրեադատավարական օրենսդրությամբ։ Կալանքի այլընտրանքները շատ են՝ տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը եւ այլն։ Այս այլընտրանքները պատրանքային չեն եւ պետք է կյանքի կոչվեն։ Այսօր էլ, օրինակ, գրավը կամ բացակայելու արգելքը կիրառվում են, բայց դժվարությամբ, հատկապես, եթե խոսքը հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթի մասին է։