«Հրապարակ». Ես խորհուրդ եմ տվել վարչապետին, որ միանշանակ չէ նման դատավորներին պատժելը

«Հրապարակ». Ես խորհուրդ եմ տվել վարչապետին, որ միանշանակ չէ նման դատավորներին պատժելը

2018 թվին Մնացական Մարտիրոսյանին առաջարկում էին դիմում գրել, հեռանալ։ Եվ այդ հրահանգը, մեր տեղեկություններով, նրան է փոխանցել Ռուբեն Վարդազարյանը։ «Նման խոսակցություն մեր միջեւ տեղի չի ունեցել»,- մեր հարցին այսպես պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը։ Իսկ երբ հարցրինք՝ այդ թեմայով որեւէ շփում չի՞ եղել, Վարդազարյանն արդեն բացվեց՝ որոշակիորեն հաստատելով մեր տեղեկությունը․

«Ընդամենը շփում է եղել, խոսակցություն է գնացել էն դատավորների մասին, որոնց դատական ակտերի վերաբերյալ որոշում է կայացվել Եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատական ակտերի հետ կապված։ Ես խորհուրդ եմ տվել վարչապետին, որ միանշանակ չէ նման դատավորներին պատժելը, շատ դեպքերում ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում ՀՀ-ի դեմ՝ նշելով, որ ձեր օրենքը կատարյալ չէ, դատարանը սխալ թույլ չի տվել, բայց ձեր օրենքն է խախտում մարդու իրավունքները, եւ, միանշանակ, դատավորի կարգապահական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար մեխանիկական աշխատանքը բավարար չէ, պետք է յուրաքանչյուր անգամ կարդալ Եվրոպական դատարանի որոշումը եւ տեսնել դատավորի մեղավորությունն այս կամ այն հարցում, ոչ թե մեխանիկական՝ այ, որ որոշում է կայացրել իր դեմ, ուրեմն դատավորը մեղավոր է։ Էդ կոնտեքստով է քննարկվել Մնացական Մարտիրոսյանի անունը»։

- Իսկ քննարկում եղե՞լ է այն կոնտեքստով, որ հետագայում նաեւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Մնացական Մարտիրոսյանի նման դատավորը կամ իր տեսակը կարող է պետք գալ օրվա իշխանությանը, որովհետեւ ժամանակին էլ պետք է եկել, ծառայել է նախորդ իշխանություններին։

- Չէ, նման խոսակցություն չի եղել։ Ընդհանրապես, ինքը անձնավորված որեւէ խոսակցություն ինձ հետ երբեւիցե չի վարել։

- Գուցե ոչ անձամբ իր հետ, այլ իր ուղարկած անձանց։ Մեզ պատմեցին, որ սկզբում Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել, ինչպես ինքն էր ասում, «պատերի տակ վնգստացող դատավորներ» ունենալ, հետո հասկացել է, որ իրեն ձեռնտու է այդպիսի դատավորներ ունենալը։

- Չէ, եթե նման բան լիներ, ես կասեի։ Իրականում, նման հարց չի քննարկվել իր հետ։ Շատ վերացական թեմաներ ենք մենք իր մոտ քննարկել, երբեք կոնկրետ անձանց հետ, դատավորների անձի հետ կապված որեւէ հարց չի քննարկվել։

- Իսկ Ձեր հորդորին անսալո՞վ է Նիկոլ Փաշինյանը պահել Մնացական Մարտիրոսյանին, թե՞․․․

- Կարծում եմ՝ ոչ միայն։ Ցանկացած գործող իրավաբան իրեն խորհուրդ է տվել, որ Եվրոպական դատարանի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության դեմ, չի նշանակում դատավորի մեղավորություն, դա նշանակում է նախաքննական մարմնի մեղավորություն, ամենավերջում՝ դատավորի մեղավորություն։

- Բայց վարչապետն իրավունք չունի, չէ՞, դատավոր նշանակել եւ ազատել, փոխարենը կարո՞ղ է, ըստ Ձեզ, որոշակի քայլեր ձեռնարկել, որ այդ դատավորն այլեւս չպաշտոնավարի։

- Մեխանիկորեն դա կարող էր հանձնարարվել իրեն ենթակա Արդարադատության խորհրդին՝ կարգապահական վարույթ հարուցվեր, կամ, ինչպես եղել է իմ դեպքում, կարող է հրահանգ տրվել ՀՔԾ-ին եւ դատախազությանը՝ քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ։ Բայց ԲԴԽ-ի միջոցով, կարծում եմ, պատկերացրել ու հասկացել է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ, կամ գուցե ես եմ ինձ էնպես պահել, որ ինձ հետ հնարավոր չի եղել նման հարց քննարկել։

- Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում նույն Մնացական Մարտիրոսյանի աշխատանքը, երբ Նիկոլ Փաշինյանը նրան հազար ու մի պիտակ էր կպցնում՝ ասելով, որ նախկիններին էր ծառայում, «վնգստացող դատավորների» շարքին էր դասում եւ այլն, այսօր այդ մարդը ծառայում է արդեն այս իշխանություններին։ Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանի տեսակը դատական համակարգում ի՞նչ արժեք ունի։

- Երբեք ինձնից չեք լսի որեւէ դատավորի մասին քննադատական կամ գովեստի բառ։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ եթե Մնացական Մարտիրոսյանը թույլ է տվել կարգապահական խախտում, ապա այդ դեպքում երեք մարմին կա, որը կարող է վարույթ հարուցել, եւ կա, ի վերջո, դատախազություն, որը կարող է քրեական գործ հարուցել։ Իսկ թե Մնացական Մարտիրոսյանը լավն է, թե վատն է, կամ էս իշխանություններն են օգտվում նրա ծառայություններից, թե էն իշխանություններն են օգտվում, թույլ տվեք մի բառով պատասխանել՝ ես բավականին ջերմ, ընկերական հարաբերություններ ունեմ Մնացական Մարտիրոսյանի հետ, երկար տարիներ աշխատել եմ նրա հետ կողք-կողքի եւ ես որեւէ կերպ չեմ մեկնաբանում։ Ընդամենը կարող եմ ասել՝ Մնացական Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ, արհեստավարժ դատավոր է։