Իրանը 2022 թ․ մարտից եռապատկել է զենքի արտահանումը․ ՊՆ

Իրանական զենքի արտահանումը եռապատկվել է 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Սեյյեդ Մեհդի Ֆարահին։ Նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
«Մեր պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի այն եռապատկվել է նախորդ տարվա համեմատ»,- ասել է Ֆարահին։
Փոխնախարարի խոսքով՝ երկրում ռազմարդյունաբերական համալիրի ինտենսիվ զարգացումը սկսվել է տասը տարի առաջ։ Դրա արդյունքը եղել է զորավարժություններին հայրենական զինտեխնիկայի մասնակցության նկատելի աճը. միայն վերջին տարում դրա մասնաբաժինը աճել է 10%-ով՝ հասնելով 93%-ի։
Իրանցի գեներալը նաեւ նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի պատճառով հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է լինի ոչ թե մասնավոր անձանց, այլ կառավարության ձեռքում։
Կարծիքներ