Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա խոսնակի արդեն դատարանում է. ու՞մ է մակագրվել գործը

Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա խոսնակի արդեն դատարանում է. ու՞մ է մակագրվել գործը

Մենք գրել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի:

Հիշեցնենք, որ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառումներ էր արել՝ կապված ԱԱԾ նախկին տնօրենի անվան շուրջ։ «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»,- գրել էր խոսնակը։

«Ես հերթական անգամ պնդում եմ՝ այդ տեղեկությունները ամբողջովին կեղծ են։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեղեկությունները իրոք ճիշտ լինեին, միայն հայտարարություննե՞ր կարվեին։ Եթե ճիշտ լինեին, կլինեին քրեական գործեր, կլինեին մեղադրանքներ։ Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետը անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին, եթե կպարզվի, որ մեղավոր եմ , կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ դրանք սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին՝ սուտ մատնության համար»,- օրերս Վանաձորում հայտարարել էր Վանեցյանը՝ հերթական անգամ անդրադառնալով խոսնակի գրառմանը։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 4-ին ու մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Արթուր Վանեցյանը պահանջում է, որ Փաշինյանն ու նրա մամուլի խոսնակը հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը: