Կոտայքի մարզպետը մտադիր է իր մարդուն «նշանակել» Չարենցավանում փոխքաղաքապետ

Կոտայքի մարզպետը մտադիր է իր մարդուն «նշանակել» Չարենցավանում փոխքաղաքապետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է կամաց-կամաց իր տիրապետությունն ու իշխանությունը հաստատել Չարենցավան քաղաքում, որը երկար տարիներ է՝ ղեկավարում է Հակոբ Շահգալդյանը։ Մեր տեղեկություններով՝ մարզպետը առաջարկել է Չարենցավան համայնքում փոխքաղաքապետի երկրորդ հաստիք բացել, որպեսզի իր մարդուն նշանակել տա այդ պաշտոնում՝ այդպիսով իր անձնական ներկայացուցիչն ու վերահսկողը ունենալով Չարենցավանի քաղաքապետարանում։

Դրանով նա կթուլացնի նաև քաղաքապետի դիրքերը, որով էլ հող կնախապատրաստի ապագայում քաղաքային իշխանությունն իր կամ իր թիմակիցների ձեռքը վերցնելու համար։ Մեզ ասացին, որ վաղը այս հարցով ավագանու նիստ է տեղի ունենալու, որ հաստատեն փոխքաղաքապետի երկրորդ հաստիքը՝ մոտ 320 հազար դրամ ամսական աշխատավարձով։ Արդեն թեկնածուի անուն էլ է շրջանառվում, որը մարզպետի առաջարկած մարդն է։

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որն այս պահին գտնվում է մեկուսացման մեջ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, մեզ հետ զրույցում ասաց, որ սա իր և մարզպետ միջև եղած փոխհամաձայնությամբ է տեղի ունենում՝ պայմանավորված գյուղերում ծանրաբեռնված աշխատանքով։ Թեպետ՝ իր խոսքից այլ տպավորություն ստացանք, որ սա ավելի շատ մարզպետի ցանկությունն է։

«Որ ճիշտը խոսենք, իրականում անհրաժեշտություն կա երկրորդ հաստիքի, որովհետև չենք կարողանում հասցնել, որ և՛ Չարենցավանը կուրացիա անենք, և հարակից գյուղերը։ Ի վերջո, էդ աղբահանություն, բան, դրանց գումարները սկսել է չհավաքվել, աղբի վարձ չեն վճարում, հողի հարկ չեն վճարում, առաջարկություն եղել է, խոսել ենք, որ երկրորդ հաստիք էլ լինի, մի քիչ էլ իրենք պատասխանատվություն վերցնեն, որ էդ հարցերը կարգավորեն, թե չէ էսպես գնալով իրավիճակը բավականին կբարդանա»,-ասաց Հակոբ Շահգալդյանը՝ նշելով, որ եթե հաստատվի, որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբեր ամսից։

-Իսկ ո՞ւմ առաջարկն է դա եղել։

-Ընդհանուր ես ներկայացրել եմ, որ վարչական շրջանում էսպիսի րադրություն կա, ասել եմ՝ փորձեք, եթե կարող եք դուք էլ մի մասնագետով, եթե մարդ ունեք, որը կարող է, բնականաբար իմ համաձայնեցնելով, թե ով է էդ մարդը, թող գա փորձնական ժամանակահատվածով աշխատի։

-Բայց քաղաքում խոսում են, որ դա մարզպետի ցանկությունն է, և ինքն է ուզում իր ուզած մարդուն առաջադրել այս պաշտոնում։

-Չէ, դա փոխադարձ բան է, մի քիչ էլ նաև պատասխանատվության զգացում՝ էն առումով, որ իմանան, թե իրենց աշխատողները ինչ ձևով են իրենց աշխատանքները կազմակերպում։ Մենք հիմա, քանի որ գումար չի հավաքվում, ստիպված բյուջեից աղբի փող ենք տալիս գյուղերը սպասարկելու համար։ Ես ասում եմ, որ ինձ պետք է, որ դուք ինֆոմացված լինեք, թե էս բացերը որտեղից են լինում։ Դրա համար մի հոգի թող լինի գյուղերի համար պատասխանատու, Չիլինգարյան Վարդգեսը կմնա միայն քաղաքի մասով, իսկ էդ հավաքագրում, աղբահանություն և այլն, մյուս փոխքաղաքապետը թող զբաղվի։

-Ստացվում է, որ Կոտայքի մարզպետն իր մարդն է ունենում Չարենցավանի քաղաքապետարանում։

-Չէի ասի՝ իր մարդը, որովհետև դա փոխադարձ համաձայնությամբ պիտի լինի։

-Պարոն Շահգալդյան, չեք կարծո՞ւմ, որ սա հետագայում կարող է Ձեր դիրքերի թուլացմանն ուղղված քայլ լինի կամ քաղաքային իշխանությունն իրենց մարդկանցով համալրելու փորձ։

-Դե, թող փորձեն, ի՞նչ է եղել, հիմա, հո հարյուր տարի քաղաքապետ չե՞մ մնալու։ Բայցևայնպես, ես իմ աշխատանքը գիտեմ, իմ փորձը ինձ չի դավաճանում։ Ուղղակի հավատացած եղեք, որ գյուղերում վիճակն էն առումով է վատ, որ բարձիթողի վիճակի է վերածվում ամեն ինչ։ Դրա համար ես ուզում եմ, որ կոնկրետ մի հոգի ժամանակավոր էս հարցով զբաղվի։

-Իրականում Դո՞ւք եք դա ավելի շատ ուզում, թե՞ մարզպետը։
 

-Էսպես ասեմ, փոխադարձ խոսակցության արդյունքում՝ 50/50։

-Իսկ արդեն հայտնի՞ է՝ ով է թեկնածուն։

-Ոչ, թեկնածուին պետք է ինքը առաջարկի, ես պարտադիր իմ համաձայնությունը տամ։ Փոխադարձ համաձայնությամբ պիտի լինի։

-Այսինքն՝ մարզպետը, ամեն դեպքում, իր մարդուն է նշանակելու։

-Չէի ասի՝ իր մարդուն, բայց իմ համաձայնությունը էդտեղ կարևոր է լինելու։

-Իսկ հնարավո՞ր է՝ Դուք համաձայնություն չտաք, եթե թեկնածուն Ձեր սրտով չլինի։

-100 տոկոսով։ Բա, եթե ես պիտի էդ մարդուն աշխատավարձ տամ, արդյունք չլինի, ո՞նց կպահեմ։

-Իսկ աշխատավարձը որքա՞ն է լինելու նոր փոխքաղաքապետի։

-Կեղտոտով՝ 280 հազար դրամի չափ։

-Ի դեպ, խոսակցություն կա, որ ավագանու անդամներն այնքան էլ ոգևորված չեն այս առաջարկով, և հնարավոր է՝ վաղվա նիստը բոյկոտեն։

-Ես չեմ կարծում, իրենք պիտի հասկանալով մոտենան այդ հարցին։ Ես ասեմ՝ դա նաև մի քիչ մեր գործը թեթևացնելու է, որովհետև մանավանդ Աղվերանի գոտում 30 տարվա անօրինական շինություններ կան՝ նախորդ տարիներից կառուցված, ու էդտեղ պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն, և անհրաժեշտություն կա, որ վարչական ղեկավարների աշխատանքը լինի նաև ուրիշ համակարգող։ 

-Այդ «իրենքը» ովքե՞ր են, պարոն Շահգալդյան, չէ՞ որ գոյություն ունի քաղաքային իշխանություն, որի գլխին այս պահին Դուք եք, և Դուք Ձեր պատասխանատվության շրջանակներում պետք է այդ ամենը ապահովեք։

-Դու ճիշտ ես ասում, Վահե ջան, բայց ես ուզում եմ, որ էդտեղ կոնկրետ հարցեր կան, որ էդ պատասխանատվության շրջանակն անպայման կիսվի, որ իրենք էդ խնդիրները հասկանան։ Միայն ասելով չի, որ սրա կառուցածը քանդենք, նրանը քանդենք։ Թող գան փորձեն օգնել։