Ռուսաստանը սեղմվում է միջուկային վահանակին

Ռուսաստանը սեղմվում է միջուկային վահանակին

Սովորաբար փակուղային իրավիճակներ նկարագրելիս ասում ենք՝ անձին, օբյեկտին քշել են անկյուն կամ սեղմել են պատին: Ռուսաստանի դեպքում ճիշտ է ասել, որ այդ երկիրն ինքնաբուխ է քշվել անկյուն եւ սեղմվում է ոչ այնքան որեւէ պատի, որքան միջուկային վահանակին: Միջուկային տակտիկական զենքեր գործադրելու մասին ՌԴ նախագահ Պուտինը խոսեց նաեւ ընթացիկ շաբաթ: Դեռ բարեբախտություն է, որ դա չարեց Մոսկվա եւ Կիեւ այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ: Որքան հայտնի է, Գուտերեշի ներկայությամբ ՌԴ նախագահը խոսել է այլ թեմայով, Կոսովոյի անկախության ճանաչման իրավական նախադեպի մասին: 

Բայց այն պատերազմական ճահճի, ավերակման ու մահերի մեջ, ուր հայտնվել է Պուտինը, համարյա ոչ մեկն ուշադրություն չի դարձնում, թե նա ինչ է խոսում, բոլորին հետաքրքրում է, թե նա ինչ է անում եւ ինչ կանի: Եթե փետրվարին, երբ սկսվեց Ուկրաինայի դեմ ՌԴ ներխուժումը, Արեւմուտքում խոսում էին այն մասին, թե Կիեւը, Ուկրաինան որքան կկարողանան դիմադրել, հետո՝ հետզհետե այն մասին, որ Ուկրաինային պետք է օգնել, որպեսզի Պուտինի պլանները տապալվեն, ապա ընթացիկ շաբաթ խաղաքարտերի մեծ մասը բացվեց:

Այլեւս ընթացող պատերազմի նշաձողն այն է, որ Ռուսաստանը ոչ միայն Ուկրաինայում տարածքային նվաճումներ չարձանագրի, ոչ միայն անվերադարձ դուրս մղվի Դոնեցկից, Լուգանսկից եւ Ղրիմից, այլեւ այժմ ռուս-ուկրաինական պատերազմի վերջախաղն ու վերջնանպատակն է անթաքույց հռչակվում: Ինչպես Գերմանիայի ՆԱՏՕ-ական ռազմաբազաներից մեկում գումարված համաժողովի ժամանակ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը ձեւակերպեց` դաշնակիցների նպատակը պետք է լինի Ռուսաստանին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական հարթությունում այնպես ջախջախել ու թուլացնել, որ այդ երկիրը երկար ժամանակ այլեւս ի զորու չլինի հարեւանների հանդեպ ռազմական ուժ կիրառել կամ պատերազմել: 
Ի դժբախտություն Ռուսաստանի ու ռուսասերների, սա ոչ միայն Արեւմուտքի կողմից ձեւակերպված արժանավայել, ազնիվ եւ վեհ նպատակ է` Եվրոպայի երկու խրոնիկ չարիքներից Ռուսաստանից եւ Թուրքիայից մեկին տեւական ժամանակի համար քաղաքականապես, տնտեսապես եւ ռազմականապես չեզոքացնելու, այլեւ, ինչն ավելի կարեւոր է, արդեն ուրվագծվող եւ այդ պատճառով էլ չթաքցվող հեռանկար է: 

Ռուսաստանի ահռելի մարդկային կորուստներն ու բարոյալքված բանակը (ի վերջո՝ փաստ է, որ Խորհրդային Միությունն Աֆղանստանում կորցրել էր շուրջ 13 հազար զինվորական, եւ խորհրդային մարդիկ դա ընկալում էին որպես ահարկու եւ դաժան փորձություն, այժմ ընդամենը երկու ամսում ՌԴ զինված ուժերն Ուկրաինայի հողում, ըստ ՄԹ գնահատականի, 15 հազար, ըստ ուկրաինացիների` 22-23 հազար աճյուն են թողել, եւ դեռ պետք է տեսնել, թե պուտինյան ճնշման ու գրաքննության թոթափումից հետո ռուսական հասարակությունն ինչպես է համակերպվելու այդ կորուստների հետ), անխնա ոչնչացվող ու վերականգնման դժվարություններ ունեցող զինտեխնիկան, միջազգային մեկուսացումն ու կոլապսի տանող ֆինանսատնտեսական ճնշումները Ռուսաստանի գրանցած այն արդյունքներն են, որ խիստ անհավանական են դարձնում վերջինիս հաջողությունն ընթացող ռազմական կամպանիայում:

Ի հակադրություն դրա, Ուկրաինայի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ռուսաստանի գործադրած գազանությունները, զանգվածային սպանությունները, որ միայն խորացրել են рашист-ների հանդեպ ուկրաինացիների ատելությունն ու պատերազմելու մղումը, գումարվելով Արեւմուտքից մատակարարվող արդեն ՆԱՏՕ-ական արտադրության արդյունավետ զինատեսակների, ցամաքային ու ռազմաօդային ծանր տեխնիկայի հետ, որ անհաշվելի քանակներով հոսում են ու հոսելու են Ուկրաինա, որքան էլ Ռուսաստանը պատեպատ զարնվի, նոտաներ հղի ու բողոքի, հնարավոր են դարձնում Ուկրաինայի հարձակողական գործողությունների իրականացումը, այդ թվում՝ հետզհետե բուն Ռուսաստանի տարածքում թիրախներ խոցելը: Իսկ ռազմական գործողությունների տեղափոխումը Ռուսաստանի տարածք ոչ միան արդյունավետ պաշտպանություն կլինի Ուկրաինայի համար, այլեւ սեփական տարածքում ռուսական առաջխաղացումը կասեցնելու եւ թշնամուն նահանջ պարտադրելու գրավական: Ռուսներն ինչպես նահանջեցին Կիեւից, այնպես էլ նահանջելու են Նովոռոսիայից եւ վերջնահաշվում՝ Ղրիմից:

Ռուսաստանն ինչ անմարդկային վայրագություններով ուղեկցի սովորական սպառազինության գործադրումը, հաջողության հասնելու նախադրյալ չունի: Դա նշանակում է, որ Ռուսաստանը՝ արագ թե դանդաղ, ուղիղ թե խոտոր, առաջանում է դեպի իր ունեցած վերջին խաղաքարտը` միջուկային զենքը (ռազմական գործիչների գնահատականներով` միջուկային տակտիկական զինատեսակները) ասպարեզ բերելուն: Վլադիմիր Պուտինն օրումեջ այդ մասին դատարկախոսի, թե ոչ, նման հեռանկար շատերն են տեսնում, գնահատում եւ հակամիջոցներ նախապատրաստում: Ռազմական գործիչները եւ փորձագետները նաեւ ասում են, որ, մեծ հավանականությամբ, միջուկային զենքը չի կիրառվի Ուկրաինայի հանդեպ, այլ որպես ՆԱՏՕ-ին նետվող մարտահրավեր` կգործադրվի ՆԱՏՕ-ի անդամ որեւէ պետության դեմ: Եթե հավատանք ենթադրություններին, թե ռուսական եկեղեցու պատրիարքն ու մյուս հոգեւորականները Պուտինին ներշնչել են կամ համոզել, որ ինքը ոչ ավել, ոչ պակաս` Աստծո ընտրյալն է, Աստծո կողմից իրեն վերապահված փրկչական առաքելություն պետք է իրականացնի` ի փառս Աստծո, Ռուսաստանի եւ ուղղափառ քրիստոնեության, ապա Կրեմլի միջուկային հարվածը, եթե այդպիսին լինի, պետք է որ ոչ քրիստոնյա եւ ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա իջնի: Եթե այդպես լինի, բոլորովին վատ չի լինի, սակայն ապրենք եւ տեսնենք, թե Պուտինի արկածախնդրությունն իրականում ինչպես կընթանա եւ ինչ քայլով կավարտվի: