Ոստանիկ Մարուխյանը թողել է պաշտոնը, նրա փոխարեն նշանակվել է ԺՊ

Ոստանիկ Մարուխյանը թողել է պաշտոնը, նրա փոխարեն նշանակվել է ԺՊ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ինչպես եւ խոստացել էր, իր պայմանագրի լռանալուն պես հեռացել է ռեկտորի պաշտոնից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մարուխյանը։ Ավելի վաղ Մարուխյանը ասել էր, որ իր լիազորությունների ավարտին՝ հունիսի 25-ին կհեռանա պաշտոնից․

«Արդեն ես թողել եմ պաշտոնը, ամսի 26-ից կա պարտականությունների կատարող։ Պարտականությունները կատարում է միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Վարդանի Աղգաշյանը»,- ասաց Ոստանիկ Մարուխյանը՝ հավելելով, որ հոգաբարձուների խորհուրդը դեռևս ձևավորման փուլում է, երբ ձևավորվի և սկսի աշխատանքը, կանցկացվի ռեկտորի պաշտոնի համար մրցույթ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 12-ին, մենք գրել էինք, որ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել էր մայիսի 15-ից իրեն համարել ազատված։

Մարուխյանը  նշել էր,որ պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը։ Հետագայում Մարուխյանը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ելնելով արտակարգ դրության երկարաձգման փաստից եւ Պոլիտեխնիկի մի շարք աշխատակիցների խնդրանքով՝ որոշել է հրաժարվել պաշտոնաթողության մտքից եւ կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը՝ 2020 թվականի հունիսի 25-ը։

Նախկինում Ոստանիկ Մարուխյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ռեկտորի պաշտոնից հեռանալուց հետո կզբաղվի իր ղեկավարած Միջուկային տարածաշրջանային կենտրոնով։ 

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռուբեն Աղգաշյանը ներկայումս՝ «ԱՊՀ ցանցային համալսարան»-ի կառավարման, «ՀՀ Ձեռ­նար­կությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդների անդամ է, ինֆորմատիկայի թեկնածուական ստուգարքի ՀՀ ԲՈԿ-ի հանձնաժողովի նա­խագահ, ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի խորհրդի, ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ, ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասո­ցիացիայի փոխնախագահ և այլն։ Արժանացել է մի շարք բարձր պարգևների և խրախուսանքների՝ մասնավորապես,  «Անանիա Շիրակացի» մեդալ, ՀՀ Նախագահի շնորհակալագիր, ՀՀ Վարչապետի հուշա­մեդալ, ՀՀ ԿԳ նախարարության, ՀՊՃՀ, ԵՊՀ, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»-ներ, ՀԱՊՀ Վաստակագիր և այլն։