Այսօր տեղի կունենա ռուս-թուրքական բանակցությունների երկրորդ ռաունդը

Այսօր տեղի կունենա ռուս-թուրքական բանակցությունների երկրորդ ռաունդը

Ինչպես հայտնի է, երեկ Մոսկվայում մեկնարկեցին ռուս-թուրքական բանակցությունները Սիրիայի Իդլիբի ապա-էսկալացիոն գոտում տիրող իրադրության հետ կապված։ Բանակցությունները ընթացան ՌԴ ԱԳ նախարարությունում, դռնփակ ռեժիմով։ Թուրքական պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։ Թուրքական պատվիրակության կազմում բացի դիվանագետներից, կան ներկայացուցիչներ նաեւ ռազմական նախարարությունից եւ հատուկ ծառայություններից։

Նշենք, որ այս բանակցությունները, ըստ էության, շարունակությունն են դեռ անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած բանակցությունների, որոնք ընթացան Իդլիբում իրադրության կտրուկ սրացման պայմաններում։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էին ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ փոխարտագործնախարար Սերգեյ Վերշինինը։ Անկարայի բանակցությունները կոնկրետ արդյունքներ չարձանագրեցին։ Այս բանակցությունից հետո տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը եւ արդեն այս շաբաթ թուրքական պատվիրակությունը Մոսկվայում է բանակցությունները շարունակելու համար։

Երեկվանից մեկնարկած բանակցություններում թուրքական կողմը ընդգծել է, որ պետք է իրավիճակի լիցքաթափում իրականացնել եւ կանխել մարդասիրական իրավիճակի հետագա սրացումը ռեգիոնում։ Միաժամանակ քննարկվել են այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են իրականացնել այն պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար, որոնք ձեռք են բերվել Իդլիբի հարցով Սոչիի համաձայնագրով։Երեկ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր։