Ռեպրեսիաների շրջան

Ռեպրեսիաների շրջան

Իշխանությունն անցել է տոտալ հարձակման: Եվ քանի որ իշխանական կաբինետներում նստածները տարրական ֆանտազիա չունեն՝ նոր գործիքներ կիրառելու, ուստի գործի են դրվել հին, մաշված քրեաիրավական մեթոդները: Մի քանի օր է՝ ընդդիմադիր հայացքներ ունեցողներին են բերման ենթարկում, ձերբակալում եւ կալանավորում: Սեյրան Օհանյանին ու կնոջը դատախազություն հրավիրեցին, Նարեկ Սամսոնյանին ու Նարեկ Մանթաշյանին կալանավորեցին, Արթուր Վանեցյանին հրավիրեցին հարցաքննության, Մամիկոն Ասլանյանին ձերբակալեցին: Սա միայն երեւացող մասն է:

Իսկ փորձեք հետաքրքրվել, թե ինչ է կատարվում մարզերում, որտեղ իշխող ուժը` Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, ՏԻՄ ընտրություններում մեծամասնություն չի գրավել, եւ առաջիկայում պետք է համայնքային իշխանություններ ձեւավորվեն տեղերում: Է՛լ ծեծուջարդ, է՛լ սպառնալիքներ ու ձերբակալություններ, է՛լ ավագանու անդամների նկատմամբ անասելի ճնշումներ: Դրանց միայն մի չնչին մասն է մամուլում տեղ գտնում` մարդիկ նման մթնոլորտում խուսափում են խոսել, որ վիճակն ավելի չբարդացնեն: Բայց Հայաստանը փոքր երկիր է, եւ հնարավոր չէ մախաթը պարկում թաքցնել:

Իշխանական ողջ ռեպրեսիվ մեքենան գործի է դրվել եւ հանուն ինչի՞. որ, ասենք, 60-70 հազար բնակչություն ունեցող քաղաքում քաղաքապետը հանկարծ այլ կուսակցությունից չլինի, լինի յուրային եւ գլուխը կախ ենթարկվի Փաշինյանին ու նրա մարզպետներին: Բայց, հարգելիներս, այդ դուք չէի՞ք, որ հայտարարում էիք, թե ձեր կյանքի նպատակն արդար ընտրություն անելն է, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, թե պատրաստ եք կանգնել գնդակահարության պատի տակ: Հիմա ոչ թե գնդակահարության պատի տակ է պետք կանգնել, այլ հաշտվել ժողովրդի ընտրության հետ, որը երբեմն կարող է նաեւ չհամընկնել ձեր ցանկության հետ: Սա է գործող օրենքը: