«Ապագայի» մասին

«Ապագայի» մասին

Քայլում եմ Երևանի փողոցներով և անընդհատ աչքիս առաջ են գալիս, արդեն նախընտրական քաղաքական  գովազդները։ Իշխող, ՔՊ  կուսակցության գովազդն   է «Կա ապագա, կա», շատ «խորիմաստ» կարգախոսը։ 
Այո՛, ամեն մարդ, հասարակություն, ազգ, ժողովուրդ, պետություն ունի ապագա։ Այդ ապագան կարող է լինել երջանիկ, մշուշոտ, դաժան և վերջապես՝ ողորմելի։ Ինչպես ամեն մարդ, ոչ թե պիտի դժգոհի բախտից, այլ ունենալով նպատակ, կերտի իր ապագան։ Բազմիցս քննարկում-սեմինարներ եմ անցկացրել Հայաստանի երիտասարդների հետ։ Նրանց հիմնական մասի նպատակը, ոչ թե իր բնագավառում հաջողությունների հասնելն է և բարձրակարգ մասնագետ դառնալը, այլ, այսպես կոչված «լավ  վարձատրվող աշխատանք» ունենալը։ Չունենալով անհատական մեծ նպատակներ և   դրան հասնելու  ջանքեր կիրառելու կամք, բավարարվում են, անկախ «մասնագիտական» դիպլոմից, որևէ յուղոտ դիրք , պաշտոն ունենալ, կամ ուղղակի, բառի բուն իմաստով ծառայող լինել։ Այսպիսի հասարակությունը չի կարող նաև ունենալ ազգային մեծ նպատակներ և խնդիր դնել դրանց հասնելու համար։Այդպիսի հասարակությունը, ազգը, ժողովուրդն, իհարկե նույնպես ունի ապագա։ Բայց, ինչպիսի՞ ապագա։Մեզ 1991թ․ հնարավորություն էր տրվել ունենալու անկախ պետություն։ Պետական այրերը պետք է իրենց առջև դնեին մեծ նպատակներ և ողջ ջանքերն ուղղեին այդ նպատակներն իրագործելու համար։ Եվ դրա առանցքը պետք է լիներ Արցախը։ Հայաստանի երեսուն տարիների վայրիվերումներով ընթացած քաղաքական կյանքն, այնուամենայնիվ որոշակի հույսեր էր տալիս, որ ի վերջո, կստեղծվի այդ նպատակի հայեցակարգ-մոդելը, քանի որ ունեինք Արցախի հիմնախնդիր։Իսկ առանց Արցախ, ապագան երբեք հուսալի չէր կարող լինել։ Միջազգային հանրության համար Հայաստանն, այսպես ասած միջազգային  սուբյեկտ էր, ոչ թե իր սփյուռքով, ցեղասպանության բարդույթով, առաջին քրիստոնյա ազգ լինելով, այլ միայն ու միայն արցախյան հաղթանակներով և աշխարհագրական դիրքով՝ նկատի ունեմ Սյունիքը։ 

2020թ․ կորցնելով Արցախը, Հայաստանը դադարեց միջազգային սուբյեկտ-պետություն լինելուց և դեռևս մեր միակ հաղթաթուղթը մնում է Սյունիքը, որի վրա նույնպես ամպեր են կուտակված։ Այո, Հայաստանը դեռևս ՄԱԿ-ի անդամ ճանաչված պետություն է, բայց իրականում տարածք։ Ի դեպ, դաշնակիցների մասին։ Դաշնակիցներ ունենում են կայացած, նպատակ ունեցող պետությունները, իսկ տարածքում ապրող ժողովուրդը դաշնակիցներ չի ունենում, այլ ընդամենը փնտրում է հովանավորներ։ Եվ Հայաստանում քաղաքական բանավեճերը, իբր լավ ու վատ դաշնակիցների մասին, շինծու են, անձնական՝ անկեղծ, թե թաքնված շահերից ելնելով, իսկ իրականում  խոսքն իրենց «համոզմամբ» «լավ» ու «վատ» հովանավորի մասին է։ Եվ այսօր, երբ տարբեր պետությունների ղեկավարներ, միջազգային կառույցներ խոսում են Արցախի կարգավիճակի, գերիների, ցեղասպանության մասին, ընդամենն իրենց շահերի համար օգտագործում են մեզ՝ հայերիս։ Իսկ մենք հորթի ուրախությամբ, կրկնում ենք այդ խոսքերը և մանրադիտակով նայում, թե ո՞ր երկիրն «այնպես իրեն չպահեց» ․․․Եվ սկսվում է «դավաճանեցին», կամ «փրկեցին» դատարկախոսությունները։ Մեզ թվում է, որ տարբեր երկրներ պետք է իրենց պետական, աշխարհաքաղաքական շահերը մի կողմ դնեն և շարժվեն միայն «հայասիրությամբ»։ Պատահական չի, որ մենք մեծարում ենք, օտար, այսպես կոչված, «հայասերներին»։ Եվ այդ երկրները, որպես «հայասեր», պետք է ապահովեն մեր անվտանգությունը, ներդրումներ անեն, իսկ մենք ռեստորաններում  ռաբիսի մելամաղձոտ հնչյունների տակ քեֆեր և հարսանիքներ անենք։

Բայց վերադառնանք ՔՊ կարգախոսին։ Այո , եթե դու քո առջև նպատակ չես դրել, կամ քո ողորմելի նպատակն «ընդամենը լավ ապրելն է» և քո կարծիքով՝ առանց Արցախ, գուցե նաև առանց Սյունիք, ապա, իհարկե, դու նույնպես ունես ապագա, այն է՝ ողորմելի ապագա։

Հ․Գ․ Կստեղծվի՞ արդյոք Հայաստանում նվիրյալ գործիչների այնպիսի քաղաքական միավորում, որ կունենա ոչ թե այսպես ասած տեսլական, այլ նպատակ՝ ստեղծելու ուժեղ, իրավական պետություն, իր պետական հստակ կառույցներով։ Իհարկե, եթե դեռևս ուշ չէ։

Ավետիք Իշխանյան