Քո անունից հաղորդագրություններ մի տարածիր, Ռոմանոս ջան, դա նախարարին վայել չէ

Քո անունից հաղորդագրություններ մի տարածիր, Ռոմանոս ջան, դա նախարարին վայել չէ

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է ուղարկել լրատվամիջոցներին այսօր նախարարությունում տեղի ունեցած դիսպետչերականի մասին։ Ոչինչ, որ սա սովորական առօրեական գործընթաց է եւ ոչ մի նախարարությունից իրենց դիսպետչերականների մասին հաղորդագրություններ չի տարածում։ Մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ բան, որ մամուլի հաղորդագրությունը, որն առաքվել էր հասարակայնության կապերի բաժնից առաջին դեմքից էր գրվել՝ նախարարի անունից։
Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է․

«Այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ ներկայացրեցի համատեղ աշխատանքի նոր աշխատակարգը։

Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, ու այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել։ 

Ամենակարճ ժամկետներում կհայտարարվեն ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթները։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, ով իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ 

Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև բոլոր բարեփոխումները սկսվում են կադրերից: Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։

Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մի շարք հանձնարարականներ տվեցի առանձին ստորաբաժանումների ղեկավարներին»: 

Վերջում էլ նախարարը տեղեկացնում է՝ «տեսանյութը կարող եք ներբեռնել ստորև կցված հղումներով․․․»։

Ու այս նախարարությունում չի եղել մի հին աշխատող, որը նախարարին սովորեցնի՝ քո անունից հաղորդագրություններ մի տարածիր, Ռոմանոս ջան, դա նախարարին վայել չէ։