Դիմում եմ ձեզ վերջին անգամ

Համարյա բոլորն են Զելենսկու ամեն հայտարարությունից հետո վեր թռնում՝ էս հո Նիկոլ Փաշինյանի ասածն է։ Այսինքն այս երկու կերպարները նույնականացվել են։ Նրանց հայտարարությունները, գործելակերպը, դերասանական հնարքները, հանրության խոցելի խավի հուզական նոտաների վրա խաղալը, իշխանության գալու ձևը համարյա տառ առ տառ նույնն են։ Երկուսն էլ եկել էին այն բանի համար, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում։ Եկել էին թուլացնելու, սև ու սպիտակի բաժանելու, միմյանց դեմ հանելու եղբայրներին, քույրերին, ծնողներին, զավակներին, հարազատներին։ Եկել էին պառակտելու։
Հայաստանը ինչու՞ չգնաց այդ ճանապարհով։ Որովհետև ուներ խոհեմ, հավասարակշռված, արտաքին վտանգները հաշվի առնող ու իր երկիրը սիրող վարչապետ։ Այսօր արդեն մեզ համար այբուբենի պես պարզ է, թե ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանն իր հրաժարականով։ Մի փոքրիկ հատված ներկայացնեմ․
«Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Շնորհակալ եմ»։
Այսօր արդեն կարելի է հասկանալ, որ խոսքը եղբայրասպան, կոկորդ կրծող պատերազմի և ոչ թե փողոցի սովորական շարժման մասին էր։ Կարելի է հասկանալ, որ խոսքը աշխարհաքաղաքական «մեր տունը մեր ձեռքով քանդելու» մասին էր։ Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, մեզ մոտ էլ նույն սցենարն էր կինելու։ Դա իմ եզրակացությունը չէ, ընդհանրացրել եմ սոցիալական ցանցերի արձագանքը՝ նույն սցենարն է, նույն սցենարիստը, տարբեր դերակատարներ։ Մեզ հետ չհաջողվեց «Ուկրաինա անել» , որովհետև խոհեմ ղեկավար ունեինք, որովհետև իր հողը հարգող ղեկավար ունեինք։ Մեզ հետ սցենարիստը այլ կերպ վարվեց։ Թեև մեզ պառակտել, ջլատել էին, բայց միասնական դուրս եկանք թշնամու հետ։ Վերջը բոլորդ ինձանից լավ գիտեք ու լռում եք։ Կգա նաև խոսելու ժամանակը։
Եթե եկող ղեկավարը խաղաղություն ուզեր մտցներ մեր երկրում, եթե ուզեր պառակտում չմտցներ, գալու օրվանից մինչև հիմա քաղաքական ձերբակալություններ չէին լինի, պառակտում չէր լինի, մեզ չէր բաժանի սև ու սպիտակի, այդքան անորակ, երկրակործան կադրային քաղաքականությամբ չէր առաջնորդվի։ Թալանչի իշխանության ունեցվածքը խլելու և ժողովրդին բաժանելու կեղծ կոչեր չէր անի։ Իսկ ինչ վերաբերվում էր
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի» արտահայտությանը, դա, իմ կարծիքն է, սովորական արտահայտություն էր, որը նշանակում էր՝ ժողովուրդ, այդ դուք ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին։ Եթե ձեր ընտրությունն է, ես ոչինչ անել չեմ կարող, դուք ճիշտ եք։
․․․ Իսկ այսօր Ուկրաինայո՞վ եք անհանգստացած։ Ձեզ թվում է, թե մեզ վերաբերվող սցենարը ավարտվե՞լ է։ Մենք մեր գործընկերների մոտ արդեն սովետական գործածությունից դուրս եկած մի կոպեկի արժեք էլ չունենք և նորություն չեմ ասի, եթե բարձրաձայնեմ, որ ձեզ նույնիսկ ձեր սեփական ժողովուրդը չի լսում։ Դուք թիմով խոսում, թիմով իրար եք լսում ու քվեարկում։ Ձեզ համար մնացածը օտար են։ Դուք մտել եք ձեր փոքր հալով աշխարհաքաղաքական խաղերի մեջ, մտել եք մեր անցած պատմության թերթերի մեջ ու փորձում եք փոխել անգամ պատմության անիվը՝ մոռանալով, որ պատմության անիվը արճիճից է ձուլված։
Կարծիքներ