Զանգեզուրի միջանցքը կլինի մեր հաջորդ պատմական հաջողությունը. Ալիև

Զանգեզուրի միջանցքը կլինի մեր հաջորդ պատմական հաջողությունը. Ալիև

Մենք պատրաստ ենք համագործակցության: Արդեն քանի անգամ են փոխվարչապետերը հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է կանխել Զանգեզուրի [Սյունիքի] միջանցքի իրականացումը: Բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք։

Հայտարարել է (05.03.2021) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարում:

Ալիևը նշել է, որ բանակցային սեղանին արդեն կան տրանսպորտային ու կոմունիկացիոն մի շարք նախագծեր:

«Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է: Զանգեզուրի միջանցքը պատմական ձեռքբերում է: Այն փաստը, որ այս հարցը հատկապես արտացոլված է Եռակողմ հռչակագրում [Նոյեմբերյան եռակողմ հայտարարությունում], մեծ քաղաքական հաղթանակ է մեզ համար։ Զանգեզուրի միջանցքի գործունեության շուրջ անցկացվում է ակտիվ աշխատանք, տրանսպորտային և կոմունիկացիոն բազմաթիվ նախագծեր արդեն քննարկվում են։ Եվ դա կլինի մեր հաջորդ պատմական հաջողությունը», - հավելել է ծավալապաշտական նկրտումներ ունեցող Բաքվի բռնապետը։

Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարություն են ստորագրել տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար եռակողմ խումբ ստեղծելու մասին: Հունվարի 30-ին տեղի է ունեցել տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ խմբի առաջին հանդիպումը։