Ինչի՞ց է Փաշինյանը դարձել սիրող հեծանվորդ
Ո՞վ ավելի մեծ մեղքի բաժին ունի Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ փաստացի ղեկավարի պաշտոնում հայտնվելու եւ, իբրեւ դրա օրինաչափ ու անխուսափելի հետեւանք՝ հայությանը պատուհասած աղետների հարցում՝ 44-օրյա պատերազմ, հասարակության բեւեռացում, իշխանության կատարյալ հեղինակազրկում, Արցախի հայաթափում, պատմական ու իրական Հայաստանների հակադրում, եւ այդպես շարունակ։
Արդյո՞ք մեծագույն մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որ իր մարդկային ու մտավոր զարգացման մակարդակից անհամեմատ բարձր նշաձող է վերցրել եւ աջուձախ տապալվում է։ Թե՞ հասարակությունն է հիմնական մեղավորը, որ 2018-ին, «ղարաբաղյան կլանին» իշխանությունից հեռացնելու մտասեւեռմամբ, մի պահ կանգ չառավ մտածելու, թե ում է իշխանության բերում, եւ ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ։ Թե՞ վերջնահաշվում մեղավորը Սերժ Սարգսյանն է, ով սահմանադրությունից մինչեւ օրենքներ ու իշխանության համակարգ՝ ամեն ինչ խեղեց, փոխեց, սարդոստայնի վերածեց, միայն թե հավերժացնի իր ու իր հոգեզավակների իշխանությունը։ Իշխանությունը հավերժացնելու այդ վարքով էլ այնտեղ հասցրեց հասարակությանը, որ վերջինս, արդեն գիտակցությունը մթագնած, միայն Սարգսյանից, ՀՀԿ-ից, «ղարաբաղյան կլանից» ազատվելու խնդիր հետապնդեց։
Ամեն պարագայում, բոլորի ունեցած մեղավորության արդյունքն այն է (բացառությամբ նրանց, ովքեր 2018-ի ապրիլ-մայիսին են Փաշինյանի պարագլխությամբ կատարվող օխլոկրատիկ իշխանազավթմանը դեմ եղել, արտահայտվել, գրել, բարձրաձայնել), որ այսօր երկրի փաստացի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որը միջազգային թոհուբոհի եւ ներքաղաքական սրացումների ֆոնին փոխանակ երկրի ղեկավարին վայել խնդիրներ լուծի, ամբողջ ամռանը հազիվ հայաստանյան գյուղերի անասնագոմերում էր check-in, check-out լինում, տեսախցիկների առջեւ ինչ գտնում՝ ուտում էր եւ հեծանիվ էր վարում։
Ինչպես եւ ինչու Փաշինյանն ամռանը հասավ հայտնի անեկդոտի «մեզ փետուրներ պետք չեն» հոգեվիճակին, որ անգիտակցությունից ու անելանելիությունից մնար հեծանվային սպորտով զբաղվելը, ըստ իս՝ կապ ունի արտաքին քաղաքական, մասնավորապես, ԵՄ-ի հետ հարաբերություններում եղած զարգացումների հետ։ Այդտեղ տեսանելի հատվածը, այսբերգի գագաթը ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի՝ հունիս-հուլիսին Հայաստան ակնկալվող այցի չկայանալն էր եւ EU-Armenia New Partnership Agenda-ի չստորագրվելը։ Այդ փաստաթուղթը դեպի ԵՄ Հայաստանի ընթացքի ճանապարհային քարտեզն է, որ դեռ հուլիսին պետք է ստորագրված լիներ, գործողության մեջ դրվեր, այնինչ մինչ այսօր չկա՝ դրանից առաջացած վակուումի վիճակով։
New Partnership Agenda-ի բացակայությունը նշանակում է դեպի Եվրոպա Հայաստանի ընթացքի անորոշ առկախում, ինչի արդյունքում էլ Փաշինյանն ամռան կեսերից հայտնվել է ազատ անկման մեջ, չգիտի՝ վաղվա օրն իրեն ինչ է բերելու, եւ ուղղակի ժամանակ է սպանում։ Ընդսմին, առկախված է նաեւ Վրաստանի ընթացքը դեպի Եվրոպա, ինչն ավելի է խտացնում իրավիճակի պեսիմիստական գույները։ Իհարկե, Հայաստանի համար էլ, Վրաստանի համար էլ զարգացման ու ընթացքի այլ ուղղություն չկա՝ ԵՄ-ի հետ ինտեգրումից բացի, բայց երկու երկրի իշխանություններն էլ կարծես ԵՄ-ին վերջնականապես անհուսալի գործընկեր են թվացել, ինչի արդյունքում էլ տարբեր պատրվակներով արգելակել են Հայաստանի եւ Վրաստանի հետ ինտեգրման ուղղությամբ քայլերը։
Մինչդեռ, ի հակադրություն Հարավային Կովկասի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ողջ թափով ընթանում է բուն անդամակցության գործընթաց՝ քաղաքական ու տնտեսական ոլորտային ինտեգրումներից մինչեւ ռազմական կառույցների հարմոնիզացիա։
Արդյոք տեսանելի ապագայում Հայաստանի համար անորոշ եւ առկախված վիճակը ԵՄ-ի հետ հարաբերություններում կհաղթահարվի՞, ընթացք եւ որոշակիություն կուրվագծվի՞, թե՞ ձմռանն էլ Փաշինյանը կգնա դահուկային սպորտով զբաղվելու՝ կտեսնենք։ Ամեն պարագայում, Հայաստանի իշխանությունների կողմից մի ողորմելի վիզաների ազատականացման գործընթացի համար, որ նախապատրաստվում է դեռ 2012-13 թթ․-ից, առանց ամաչելու եւ հրապարակավ տարիների ժամկետ կանխատեսելն այն պարագայում, երբ Ուկրաինան ամենքիս աչքի առջեւ ամեն դրվածք, կանոն, ժամկետ ու կարծրատիպ կոտրելով երկու տարում կարողացավ հասնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ բացելուն, ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն ներկա պահին ԵՄ իշխանությունների աջակցությունը չունեն, այլեւ տեսանելի ապագայում դրա հույսը չունեն։
Փաշինյանը ճիշտ էլ գիտակցել է, որ ինքն արդեն մանրադրամ է, բայց ոչ մի կարիք չկա անձնապես իր ու իր իշխանության մանրադրամային կարգավիճակը Հայաստանին վերագրելու։ Հայաստանի արժեքը միայն բարձրացել ու բարձրանում է ռուս-ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արեւելքի անհանգստությունների եւ Հարավային Կովկասով Արեւմուտքի հետաքրքրվածության խորքին։ Նույնիսկ ի հեճուկս Փաշինյանի նման ապիկար վարչապետի ու վարչակազմի գոյության։
Կարծիքներ