Կանացի ոգևորություն

Կանացի ոգևորություն

Մարզական լրագրողի հուշերից

Հայկական ֆուտբոլին մոտիկից ծանոթ մարդկանցից դժվար թե գտնվի մեկը, ով համաձայն չէ, որ մեր ազգային հպարտություն համարվող «Արարատ» թիմի իսկական վերելքն սկսեց նշմարվել 1965-ից, երբ ակումբի ղեկն ստանձնեց Արտյոմ Ֆալյանը: Նրա կողմից նախ գործնական, հիրավի արհեստավարժ քայլեր ձեռնարկվեցին շնորհալի, հուսադրող խաղացողների բացահայտման ուղղությամբ, նրա ղեկավարությամբ մեր թիմը հենց նույն թվականին առաջին տեղը գրավեց երկրորդ խմբում՝ արժանանալով ԽՍՀՄ չեմպիոնի փոքր ոսկե մեդալների, եւ երկու տարվա ընդմիջումից հետո վերստին վերադարձավ ուժեղագույնների խումբ: 

Ճիշտ է եւ այն, որ հայ ֆուտբոլիստները կոմբինացիոն ավելի բարձր արվեստ ու արդյունավետ խաղ սկսեցին դրսեւորել նոր ավագ մարզիչ (ավաղ, Ֆալյանը, մրցաշրջան 67-ի ավարտին թաքուն բանակցություններ վարելով «Զենիթի» պատվիրակների հետ, անսպասելի տեղափոխվել էր Լենինգրադ՝ համաձայնելով գլխավորել տեղի թիմը) Նիկոլայ Գլեբովի ղեկավարությամբ: Դա 1971-ին էր, երբ արարատցիները, առաջին անգամ չզիջելով մոսկովյան հանրահայտ ակումբների հնգյակին, իհարկե՝ ոչ պաշտոնապես, հռչակվեցին ԽՍՀՄ մայրաքաղաքի չեմպիոններ:

Ինչպես չհիշել, որ նույն թվականին «Հրազդան» մարզադաշտում կայացավ ԽՍՀՄ-Ֆրանսիա օլիմպիական հավաքականների ընկերական հանդիպումը, որը խոշոր՝ 5։1 հաշվով շահեցին Խորհրդային Միության ֆուտբոլիստները: Եվ անկարելի է չնշել, որ մեր հավաքականի գրեթե կեսը ներկայացնում էին արարատցիները՝ Հովհաննես Զանազանյանը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Արկադի Անդրեասյանը եւ Լեւոն Իշտոյանը: Եվ վերստին՝ ինչպես չհիշեցնել, որ առաջին խաղակեսից հետո հաշիվը 4։0 էր, եւ բոլոր գոլերը խփել էին հայ ֆուտբոլիստները՝ երկու անգամ աչքի էր ընկել Անդրեասյանը, մեկական՝ Իշտոյանն ու Զանազանյանը:
Իսկ ամենաուրախալին այդ մրցաշրջանում այն էր, որ «Արարատը» հրաշք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր, զիջելով միայն Կիեւի «Դինամոյին»: 

Սակայն կարծես ոգեւորվելով, մի փոքր շեղվեցի: Բանն այն է, որ Գլեբովը Երեւան էր ժամանել տիկնոջ՝ ժիր ու անմիջական Աննա Սեմյոնովնայի՝ ֆուտբոլի բացառիկ կրքոտ սիրահարի հետ, այն աստիճան կրքոտ, որ բնավ ետ չէր մնում շատ բան տեսած մյուս տաքարյուն հանդիսականներից: Եվ բոլորովին զարմանալի չէր, որ արդեն լայն ճանաչման արժանացած, 40-ն անց այս տիկինն ընդգրկվեց Հայաստանի մի պատկառելի պատվիրակության կազմում, որը պետք է ներկա լիներ Իսպանիա-ԽՍՀՄ Եվրոպայի առաջնության ընտրական խաղին (1971 թ.):
Հարկ է նկատել, որ դա բազում առումներով առանձին հետաքրքրություն ներկայացնող ուղեւորություն էր՝ սովետները ներկայացնող այլ խմբերի հետ: Նախ, դա սովետների երկրի մարդկանց առաջին թռիչքն էր դեպի Իսպանիա՝ այստեղ 30-ական թվականներին ֆրանկոյական դիկտատուրա հաստատելուց հետո։ Պակաս գայթակղություն չէր եւ այն, որ առաջին անգամ, եթե կարելի է այսպես ասել, առերեսվելու էինք ամերիկյան դոլարի հետ (հենց ինքնաթիռում ամեն մեկիս բաժանեցին վեցօրյա ուղեւորության համար նախատեսված 9-ական դոլար), ամենից կարեւորը՝ ներկա էինք լինելու երկու ազգային հավաքականների մի պաշտոնական մրցամարտի, որին սովետների թիմի կազմում առաջին անգամ մասնակցելու էր հրավիրվել Հայաստանի ներկայացուցիչը՝ Լեւոն Իշտոյանը: Բոլորիս համար, հասկանալի է, հետաքրքրություն էին ներկայացնելու նաեւ լայնորեն ռեկլամվող ցլամարտերը…

Հարկ է նկատել, որ ֆուտբոլային խաղը Սեւիլիայում անցավ բավականին սուր, հիրավի անզիջում պայքարում, եւ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Եվ որքան էլ փորձում էինք ոգեւորել Իշտոյանին՝ երազելով իր նորամուտը գոլով ավարտի, ավաղ, բան չստացվեց: Իսկ բոլորին բարձր ձայնակցում էր Աննա Սեմյոնովնան, այնքան բարձր ու անդադար, որ դրանով անկեղծորեն զարմացնում էր նույնիսկ շատ բան տեսած տեղացիներին…
Ոչինչ, դժգոհ չէինք, բարձր տրամադրությամբ էլ հրաժեշտ տվեցինք Իսպանիային: Իսկ դրանից մեկ շաբաթ անց «Հրազդան» մարզադաշտն էր եռում ֆուտբոլասերների ոգեւորությունից, եւ դա հասկանալի է՝ արարատցիները ցանկալի արդյունքի հասան, հաղթական վերջակետ դրին մրցաշրջանին՝ 2։0 հաշվով պարտության մատնելով Մոսկվայի «Դինամոյին» ու առաջին անգամ արժանանալով արծաթե մրցանակների:

Խաղից հետո հիացմունքի, գովեստի պակաս չէր զգացվում նաեւ հանդերձարանում, ուր անսպասելիորեն ներխուժեց Աննա Սեմյոնովնան: Ներս մտավ ու հուզված սկսեց փնտրել օրվա հերոսներին: 

- Որտե՞ղ են տղաները, ուզում եմ շնորհավորել նրանց,- չէր հանգստանում նա:

- Մի փոքր համբերեք՝ կերեւան, նրանք հիմա դուշի սենյակում են,- բացատրեց մարզիչներից մեկը:

- Ի՞նչ համբերել, ի՞նչ բան,- կոշտ վրա տվեց տիկինը եւ իրեն նետեց լոգասենյակ:
Ինչպես ներկաներն էին պատմում, մտավ եւ առանց այլեւայլության սկսեց սրտանց շնորհավորել անակնկալի եկած, ջրցողվող մերկ տղաներին։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ