ԱԳՆ. «Տարածաշրջանում ստեղծվել է նոր իրադրություն, որը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է»

ԱԳՆ. «Տարածաշրջանում ստեղծվել է նոր իրադրություն, որը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է»

2021 թվականի փետրվարի 10-ին Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Հովհաննիսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ մտքեր էր հնչեցրել, որոնք ավելի շատ հարցերի տեղիք էին տվել, քան հարցերի էին պատասխանել։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Թուրքիայի շրջափակման կիրառմանը՝ Այվազյանն ասել էր․ «Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը։ Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով։ Եվ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»։ 

Այվազյանի այդօրվա ելույթի հետ կապված «Հրապարակը» երկու մասից բաղկացած հարցում էր ուղարկել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։
 
Հարցման առաջին մասով հետաքրքրվել էի, թե ի՞նչ նկատի ուներ ԱԳ նախարարը՝ «Արցախում ստատուս-քվոյի փոփոխություն» ասելով, այն դեպքում երբ Թուրքիան և Ադրբեջանը նշում են, որ «Ղարաբաղյան հարց չկա, այն լուծված է»։ Խնդրել էի հստակեցնել, թե ինչո՞ւ «Թուրքիան այլևս պատճառ չունի կիրառելու շրջափակում»։ Ի՞նչ նկատի ուներ Այվազյանն՝ ասելով, որ ստատուս-քվոն փոխվել է «ուժի կիրառման միջոցով», և թե, ըստ ԱԳ նախարարի, «ո՞ւմ կողմից ուժի կիրառման միջոցով է փոխվել այն»։

«Ինչպես նաև, ժամանակին՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո, Թուրքիան, փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ։ Իսկ նախարարը 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարություններում ընդգծում էր ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքը, խոսում էր Հայոց ցեղասպանության մասին, Ցյուրիխյան արձանագրությունների մասին։ Ի՞նչ էր հասկացնում նախարարը իր խոսքերով, արդյո՞ք հրաժարվում է Թուրքիային ուղղված իր նախկին գնահատականներից», - նաև նշված էր հարցադրման մեջ։

Ի պատասխան դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ «ԱԳՆ ուղարկած Ձեր հարցման առաջին կետի առնչությամբ հայտնում ենք, որ այդ հարցի որոշ դրույթների առնչությամբ եղել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որը հասանելի է այստեղ:

ԱԳՆ կողմից ներկայացրած հղումը վերաբերում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությանն ուղղված ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությանը, որը նույնպես կապված էր Այվազյանի հիշյալ ելույթի հետ։ «Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը, և այդ իսկ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանին մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու մասով։ Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ», - նշված էր եղել մեկնաբանության մեջ:

ՀՅԴ կառույցին ուղղված մեկնաբանությամբ մեջ Նաղդալյանը նաև ասել էր, որ «ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, մշտապես համարել են շրջափակումն ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից» և «ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը»։ 

«Վստահ ենք, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով։ Այս հարցում ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկելու ենք ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական»:

Հարցմանը շարունակվող պատասխանի մեջ նշվում է, որ «Տարածաշրջանում ստեղծվել է նոր իրադրություն, որը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանք է»: Ամենայն հավանականությամբ, ԱԳ նախարարությունը պատասխանել է հետևյալ հարցիս՝ «ի՞նչ նկատի ուներ ԱԳ նախարարը՝ «Արցախում ստատուս-քվոյի փոփոխություն» ասելով»։

Սակայն նշենք, որ, ի վերջո, ԱԳՆ-ի այս ձևակերպումը չի տալիս այն պարզ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Թուրքիան այլևս պատճառ չունի կիրառել շրջափակում Հայաստանի նկատմամբ, ինչպես նշել էր Արա Այվազյանն իր՝ «Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը։ Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով» ձևակերպման մեջ։ 

Ինչո՞ւ չի տալիս հարցի պատասխանը։ Որովհետև ադրբեջանա-թուրքական կողմը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է», հայկական կողմը պաշտոնական հայտարարություններում [ուշադրություն դարձրեք, որ տողերիս հեղինակը նշում է «պաշտոնական հայտարարություններում» բառակապակցությունը] նշում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման» անհրաժեշտություն մասին՝ հիշատակելով «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», «Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիայի» անհրաժեշտությունը։ Սակայն ԱԺ-ում ԱԳ նախարարը հայտարարում է․ «Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու», այն դեպքում երբ Թուրքիան սահմանների բացումը պայմանավորում էր ղարաբաղյան հակարամարտության կարգավորմամբ, ընդ որում՝ ադրբեջանական շահի տեսանկյունից, այսինքն՝ ամբողջ ԼՂ-ն իր կազում։ 

Հիմա կրկին հարցեր են առաջանում՝ հայկական պաշտոնական կողմը ներկայացնող ԱԳ նախարարությունն ի՞նչ է ասում՝ ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորման հարց կա՞ իմքայլականների համար, թե՞ չկա։ Ադրբեջանա-թուրքական կողմի հետ ներքին կարգով պայմանավորվել են, որ հրաժարվո՞ւմ են Արցախյան հիմնախնդրից։ Ինչի՞ց են խուսափում իշխանական շրջանակներն այսպիսի մանիպուլյատիվ պատասխաններ հնչեցնելով։

ԱԳՆ-ն իր պատասխանի մեջ նաև մեջբերել է 2021-ի հունվարի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ Արա Այվազյանի խոսքերից մի հատված․ «Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից»: 

Այնուհետև հարցման պատասխանի մեջ առանձին պարբերությամբ նշված է․ «Բազմիցս նշվել է տարբեր մակարդակներում և ձևաչափերում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող լուծված համարել, քանի դեռ լիարժեքորեն չեն հասցեագրվել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքները»: 

Ու կրկին բաց է մնում հարցը՝ ի՞նչ է նշանակում, թե «այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»։ Այսինքն՝ համաձայնվո՞ւմ եք ԼՂ հակամարտության լուծմանն ի օգուտ Ադրբեջանի, որովհետև Թուրքիան ի օգուտ Արդբեջանի լուծմանն է կողմ։ 

ԱԺ-ում փետրվարի 10-ի հարցուպատասխանի ժամանակ Այվազյանը նաև հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ Հայաստանի համար պետք է, մեր դիվանագիտության համար պետք է, մեր պետության համար պետք է, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ՝ բնականաբար չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»:

Հարցման երկրորդ մասով ԱԳՆ-ից հետաքրքրվել էի, թե որո՞նք են ԱԳ նախարարի նշած «կարմիր գծերը»։  Ի պատասխան այս հարցին՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, թե Այվազյանը «նկատի է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համալիր և համապարփակ անվտանգությունը խաթարող հանգամանքների բացառումը»։

Այս պատասխանը նույնպես բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս կրկին, ու շրջապտույտը շարունակվում է գոնե այն մարդկանց համար, որոնք տեղյակ չեն թե իրականում ինչի շուրջ են բանակցում իմքայլական շրջանակները։ Չնայած եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ կարող են ի հայտ գալ այլ գաղտնի պայմանավորվածություններ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի և նրա գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի միջև, ապա պատկերը կամբողջանա։ Ինչպես, օրինակ, բոլորից թաքուն Փաշինյանը ստորագրեց 2020-ի նոյեմբեր 9/10-ին Հայաստանի և Արցախի կապիտուլյացիան։ Իսկ արդեն 2021-ի փետրվարի 9-ն ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ կա ստորագրված հուշագիր Սյունիքի մարզի Կապանի ճանապարհի վերաբերյալ, և հրապարակեց այն՝ նաև նշելով, որ իրեն դա ցույց է տվել Կապանի ճանապարհին պարեկություն իրականացնող ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սպան։ Իմքայլականները, որոնց թողտվությամբ Ադրբեջանն իրեն հարմար Հայաստանի տարածքներից մասեր է պոկել ու պոկում, թաքուն էին պահել այդ հուշագիրը հանրությունից։ Եվ միայն Բագրատյանի հրապարակումից հետո մեկ այլ իմքայլական Տիգրան Ավինյանը հաստատեց փաստաթղթի գոյությունը։