Ինչ տրամաբանությամբ են մնում կամ գնում այնտեղից

Ինչ տրամաբանությամբ են մնում կամ գնում այնտեղից

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը նախօրեին գրել է․ «Երեւանի քաղաքապետարան. վերադարձ դեպի ԽՍՀՄ», որտեղ Երեւանին վերաբերող տարբեր հարցերի է անդրադարձել՝ աղբահանություն, սանմաքրում, վերելակներ, «կամազներ», եւ հարց է բարձրացրել՝ ո՞րն է մայրաքաղաքի կառավարման տրամաբանությունը։

Քաղաքային իշխանության կառավարման տրամաբանության մաս են կազմում նաեւ կադրերը։ Երեւանի քաղաքապետարանի պարագայում անհասկանալի է, թե ինչպես եւ ինչու են փոխվում հին կադրերը, եւ ինչ տրամաբանությամբ են մնում որոշ հներ։ Այստեղ կան նախկիններից մնացած վարչության պետեր, ներառյալ՝ Տարոն Մարգարյանի տեղակալ, այժմ խորհրդական Կամո Արեյանը։ Կան նորեր, եւ, իհարկե, Հայկ Մարությանի ընկերները՝ դերասանական, պրոդյուսերական «կռուգներից»։ Երբ Մարությանը դարձավ քաղաքապետ՝ 2018-ի սեպտեմբերին, ակտիվ շրջանառվում էր հին «գելերի»՝ վարչության 12 պետերի հեռացման հարցը, որոնք արդեն «ճամպրուկներն» էին հավաքում։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց կեսը հեռացվեց, կեսը մնաց, որոնցից մեկն էլ՝ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության 20 տարվա պետ Ռուզաննա Զաքարյանը, որը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել եւ նշանակվել մանկապարտեզի տնօրեն։

Տեսնենք, թե ներկայիս վարչության պետերից ով է հին, ով՝ նոր։ Անշարժ գույքի կառավարման վարչության պետի ԺՊ Վահան Խաչատրյանը նոր է, նախկին պետ Արսեն Ամյանը նորերի հետ մեկ տարի աշխատեց ու հեռացավ։ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն այս պաշտոնում աշխատում է դեռ Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետ նշանակվելու ժամանակներից։ Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նոր է։ Տարոն Մարգարյանի քաղաքապետության շրջանում այս վարչության պետն Արման Եդոյանն էր, ով աշխատանքից ազատվել է մինչ Մարությանի քաղաքապետ դառնալը։ Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը «հնից հին է»՝ աշխատում է դեռ Երվանդ Զախարյանի ժամանակներից։ Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը նորերից է, հինը՝ Արազ Բաղդասարյանը՝ Վահագն Վերմիշյանի փեսան, վաղուց է ազատվել աշխատանքից։ Բնապահպանության վարչության պետը նոր է՝ դեռեւս պաշտոնակատար է՝ Գեւորգ Նավասարդյան, նախկինը Ավետ Մարտիրոսյանն էր։ Գնումների վարչության պետը նորերից է՝ Էդգար Կիրակոսյան։

Նախկին վարչության պետն էր Գրիգոր Չթրյանը։ Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը դեռ Տարոն Մարգարյանի օրոք էր այս պաշտոնը զբաղեցնում։ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության ԺՊ՝ Սերգեյ Ասլանյան․ նորերից է, նախկինը Տիգրան Սարգսյանն էր։ Իրավաբանական վարչության պետի ԺՊ Հարություն Թունյանը նոր է, նախկինը՝ Զավեն Առաքելյան։ Կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը հներից է։ Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս հրաժեշտ է տալու պաշտոնին։ Նա Ճվճվ Արոյի քույրն է։ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը նորերից է, հինը Հրայր Անտոնյանն էր՝ Արաբկիրի նախկին թաղապետը, ով նույնպես աշխատանքից ազատվել էր մինչեւ Մարությանի քաղաքապետ դառնալը։ Հանրակրթության վարչության պետը հներից է՝ Աննա Ստեփանյան, ում մնալը պայմանավորում էին նրա տագոր՝ Գրիգորի Հայրապետովի գործոնով, բայց Հայրապետովն արդեն 7 ամիս է՝ Փաշինյանի թիկնազորում չէ, իսկ Ստեփանյանը մնում է։ Նա հայտնի էր որպես կարկառուն ՀՀԿ-ական, որի մասին մամուլը գրեց, որ 2017-ի Երեւանի ավագանու ընտրությունների օրը ընտրատեղամասերից մեկում հանդես էր եկել որպես դիտորդ՝ «Կրթություն եւ մշակույթ» կազմակերպության անունից։ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը նոր է, նրա իրավանախորդն Անդրանիկ Քասարյանն էր։

Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետը Գոշ Սարգսյանն է, հինը Ռուբեն Հովհաննիսյանն էր։ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը եւս նոր մարդ է՝ Գրիգոր Հարությունյան, ով Մարությանի տան «պրարաբն» է եղել: Այս վարչության նախկին պետը Սամվել Մհերյանն էր, ով եւս աշխատանքից ազատվեց մինչ Մարությանի քաղաքապետ դառնալը։ Վերահսկողության վարչության պետը նոր է՝ Արթուր Ավետիսյան, նախկինում Արմեն Սիմոնյանն էր։ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը նոր է, նախկինը Արթուր Գեւորգյանն էր, ով եւս ազատվել էր աշխատանքից մինչ Մարությանի քաղաքապետ դառնալը։ Տրանսպորտի վարչության ԺՊ՝ Էդգար Գալստյան։ Նախկինը Հենրիկ Նավասարդյանն էր։ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը եւս նորերից է՝ Ռոբերտ Դարբինյան, նախկինը Հայկ Ասատրյանն էր։ Ֆինանսական վարչության պետ եւ «Նոյյան տապան» ռեստորանի սեփականատեր Վիլեն Արեւշատյանը եւս աշխատում է դեռ Տարոն Մարգարյանի ժամանակներից։ Մշակույթի եւ տուրիզմի վարչության կազմում գործող տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել, ինչպեսեւ նախկինում։ Անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Սարգսյանը հներից է։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետն օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն է՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայրը։ Նախկինում այս բաժնի ղեկավարը Յուրա Մամիկոնյանն էր, իսկ համակարգում էր Տարոն Մարգարյանի սպորտի գծով խորհրդական Գոռ Վարդանյանը։

Ներքին աուդիտի բաժնի ղեկավար Արթուր Վարդանյանը նորերից է, վարչական իրավախախտումների քննության բաժնի պետի ԺՊ Արամ Աբովյանը՝ եւս։ Քաղաքապետարանի ավագանու մի հին անդամի հարցրինք՝  հներն ի՞նչ տրամաբանությամբ են մնում կամ գնում։ Ասաց՝ ոչ մի տրամաբանություն չկա, ուղղակի որոշ տեղերում սպասում են, մինչեւ այդ ոլորտում կունենան քիչ թե շատ պրոֆեսիոնալ յուրայինների, իսկ որտեղ թեկնածու ունեն, նշանակում են։

Նույն հարցը տվեցինք Հայկ Մարությանի խոսնակին՝ ի՞նչ տրամաբանությամբ են մնում ու գնում, 12 հոգուց կազմված «հեռացողների» ցուցակի մասին հետաքրքրվեցինք։ Նա ասաց․ «Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ ցուցակի մասին եք ասում։ Համենայնդեպս, քաղաքապետ Մարությանը ցուցակ չի դրել իր առաջ, որ պետք է այսքան մարդուց ազատվել, եւ եթե հիշում եք՝ պաշտոնավարման հենց առաջին օրերին հայտարարվեցին աշխատանքի սկզբունքները։ Մասնավորապես, որ կշարունակեն պաշտոնավարել, համակարգում մնալ այն մարդիկ, որոնք այդ սկզբունքներին կդավանեն, եւ չեն մնա, համապատասխանաբար, նրանք, ում այդ սկզբունքները հոգեհարազատ չեն»։