Փաշինյանը խոստովանեց` Հայաստանի բանակը մարտունակ չէ, դիվանագիտությունը տապալվել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել այն։
-Ինչպիսի՞ն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ դրանից։
-Մեծ հաշվով չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ստեղծված իրավիճակում լուրջ ակնկալիքներ ուներ այս ելույթից, որովհետև այս ելույթը ընդամենը հնարավորություն էր ՄԱԿ-ի ամենաբարձր քաղաքական ամբիոնից դիմելու միջազգային հանրությանը և ներկայացելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ։ Սա մեծ հնարավորություն էր ներկայացնելու ադրբեջանական ագրեսիան և դրա հետևանքները։ Ես չեմ կարծում, որ ակնկալիքները շատ մեծ էին, և որ հանրությունը կամ քաղաքական էլիտան ավելի բարձր ակնկալիքներ ուներ։
- Կարողացա՞վ արդյոք Փաշինյանը ճիշտ և համոզիչ ներկայացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ սանձազերծած պատերազմի մանրամասներն` իր հետևանքերով։ Կայի՞ն բաներ, որ Փաշինյանը պետք է ասեր, սակայն չասաց, և հակառակը` ելույթում կայի՞ն հատվածներ, որոնք չպետք է ասվեին։
- Այն, որ ինքը ներկայացրեց փաստեր, որոնք տեղի են ունեցել վերջին հարձակումների ժամանակ, այո, դրանք արձանագրված փաստեր էին թե ներքին, թե արտաքին աշխարհի մասնագիտական շրջանակների կողմից։ Այսինքն, այն ինչ-որ ներկայացրեց՝ դրանք արձանագրումներ էին, որոնք կային․ թե զոհերի քանակը, թե տեղահանվածների քանակը, թե ռմբակոծությունների հետևանքները և այլն։ Այլ հարց է, որ իր ելույթում նա ոչ բառացի կերպով, անուղղակի ֆիքսեց այն իրողությունները, որ Հայաստանի բանակը մարտունակ չէ և չի կարողանում թշնամու հարձակումներին առավել էֆեկտիվ արձագանքել, և ֆիքսեց, որ մեր դիվանագիտությունը տապալվել է, որովհետև մոտավորապես միտքն այն է, որ մենք տարբեր բաներ ենք առաջարկել, և որ մեր առաջարկներից և ոչ մեկը չի ընդունել ադրբեջանական կողմը: Բացի այդ էլ, Ալիևը անընդհատ ինչ-որ նոր բաներ է պահանջում։ Պարզ է, որ եթե բանակը մարտունակ չլինի, նոր բաներ կպահանջեն և դիվանագետների բանակցային դիրքը ավելի վատը կլինի։ Այս ամեն ինչը կարծում եմ՝ փաստ է։ Փաշինյանն ասում է, որ ինքը չգիտի, թե Ալիևը ինչ է ուզում Հայաստանից, ինչ ակնկալիքներ, ինչ պատրանքներ և ինչ ցանկություններ ունի։ Դրա մասին ոչ միայն ասում է, այլև արձանագրում, որ Հայաստանը տեղյակ չէ։ Այդ է պատճառը, որ նաև ասում է՝ Ալիևը թող ցույց տա այն քարտեզը, որտեղ որ ինքը պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը։ Բնականաբար այստեղ է, որ ճանապարհի մասին խոսելիս՝ ադրբեջանական կողմն ասում է միջանցք, հայկական կողմը՝ ճանապարհ, ռուսական կողմը՝ կոմունիկացիա։ Այսինքն, այստեղ ակնհայտ երևում է, որ խնդիրը այդ կոմունիկացիաների, ճանապարհի կամ միջանցքի մեջ է, սա է ամբողջ հարցը։
- Ի՞նչ ակնկալել Փաշինյանի ելույթից հետո՝ ՄԱԿ-ից և միջազգային այլ կառույցներից։ Արդյո՞ք արձանագրելով Փաշինյանի ելույթը որևէ դրական շարժ կլինի` ոչ միայն գնահատականների և կոչերի տեսքով, այլ նաև որևէ գործընթաց կսկսվի Ադրբեջանի դեմ։
- ՄԱԿ-ից որևէ բան պետք չի ակնկալել։ Մենք դիմել ենք արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Անվտանգության խորհրդում եղան քննարկումներ, եղան ելույթներ։ Տարբեր պետություններից մի շարք դիվանագետներ հայանպաստ ձևակերպումներով հանդես եկան։ Սակայն ոչ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որևէ բանաձև ընդունեց, ոչ էլ ինչ-որ հայտարարություն ընդունվեց։ Այնպես որ ակնկալիքները, էլի եմ կրկնում, մեծ չեն։ Ուղղակի՝ այստեղ թիվ մեկ միջազգային բարձր ամբիոնն է, և այդ ամբիոնից Հայաստանի Հանրապետությունը բարձրաձայնեց իր զոհ լինելու մասին, և ներկայացրեց հանրությանը՝ ինչ ագրեսիվ գործողությունների է դիմել Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։
Կարծիքներ