Հայաստան․ տասը տարի անց

Հայաստան․ տասը տարի անց

2031 թվական, օգոստոս։ Սան Ֆրանցիսկոյի արվարձանում գտնվող շքեղ առանձնատունը շրջապատել են լրագրողները, որոնց մի կերպ են կարողանում զսպել ոստիկանները։ Բոլորն անհամբեր սպասում են տանտիրուհու հայտնվելուն, որ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան։ Խորհրդավոր առանձնատան տանտիրուհին չի շտապում դուրս գալ, ինչից կրքերն էլ ավելի են բորբոքվում։ Նախօրեին հեղինակավոր  «Նյու Յորք Թայմսը» հոդված էր հրապարակել՝ «Միասնական Կենտրոնական Աֆրիկան գտավ իր առաջնորդին», որում մասնավորապես ասվում էր․ «Պրոֆեսոր Փաշինյանը միացել է խռովարարներին եւ նրանց հետ անհետացել Կենտրոնական Աֆրիկայի ջունգլիներում։ ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են, քանի որ պրոֆեսորի անմիջական մասնակցությամբ մեծ հավանականություն կա, որ խռովարարներին ի վերջո կհաջողվի իրականացնել «Միասնական Կենտրոնական Աֆրիկա» ծրագիրը՝ ստեղծելով խոշոր կոնֆեդերացիա՝ մեկ տասնյակից ավելի պետություններից։ Կոլեգաները տարակուսած են լեգենդար  պրոֆեսորի արարքից, քանզի վստահ էին, որ Փաշինյանը մեկնել է Կենտրոնական Աֆրիկա՝ կողմերին հաշտեցնելու եւ իրավունքի դաշտ վերադարձնելու առաքելությամբ, բայց, փաստորեն, այժմ գլխավորում է այդ շարժումը։ Աֆրիկյան մի շարք պետությունների օրինական իշխանություններն ԱՄՆ-ից  հետ են կանչել իրենց դեսպաններին՝ դիվանագիտական մեծ սկանդալ է հասունանում։ Պրոֆեսորի նախկին կինը՝ խոշոր ներդրումային ընկերության նախագահ Էննի Ջեյկոբսը, նախօրեին հրաժարվել էր մեկնաբանել այս լուրը՝ ասելով, որ ինքը վաղուց չի շփվում Նիկոլ Փաշինյանի հետ եւ չէր կարող տեղյակ լինել նրա պլաններից։ Խմբագրությունը փորձել էր կապվել կանադական Քվեբեկում բնակվող պրոֆեսորի որդու հետ, բայց վերջինիս բնակության վայրից՝ «Վերածնունդ»» հոսթելից հայտնել էին, որ սթրիթ արտ  նկարիչ Աշոտ Փաշինյանը, լուրը լսելուց հետո, հոսթելի ադմինիստրատորից պարտքով գումար է վերցրել եւ շտապել մոր մոտ՝ Սան Ֆրանցիսկո»։ 

Մինչ ԱՄՆ-ում լրագրողները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել աշխարհահռչակ պրոֆեսորի հետ, եւ ինչու է նա գնացել այդ արկածախնդրությանը, Հայաստանում բոլորն արդեն ամեն ինչից տեղյակ էին, որովհետեւ «Հրապարակը» ոչ միայն մանրամասն նկարագրել էր, թե ինչ է ծրագրել ՀՀ նախկին վարչապետը, այլեւ անգամ լուսանկար էր հրապարակել, որտեղ Փաշինյանը ջունգլիներում՝ Վահագն Հովակիմյանի եւ Ալեն Սիմոնյանի հետ, ինչ-որ բան է քննարկում մոտ մեկ տասնյակ աֆրիկյան խմբավորումների առաջնորդների հետ։ Անգամ նշված էր, թե Ալեն Սիմոնյանն ու Վահագն Հովակիմյանը որքան գումար են ծախսել Հայաստան-Կենտրոնական Աֆրիկա հատուկ չվերթի վրա։ «Հրապարակը» նաեւ Փաշինյանի ընտանեկան  նամակագրությունն էր հրապարակել․ «Ան ջան, դու ոչ մի բանից տեղյակ չես, եղա՞վ․․․ հենց ամեն ինչ կարգավորվի, կկապվեմ ձեզ հետ․․․ հա, չմոռանաս էս համարին փող գցես, որ ինտերնետս չկորչի»։ Ամերիկյան լրագրողները եւս տեղյակ էին այդ հրապարակումներից, կարդացել էին նաեւ «Աֆրիկայում էլ երեւի նախկիններն են մեղավոր» հոդվածը։ 

Աշխարհահռչակ պրոֆեսոր Փաշինյանի աֆրիկյան արկածների մասին լուրը շատ ուրախացրել է կոլումբիական Արմենիա քաղաքի խոշորագույն դղյակի բնակչին՝ Սերժ Սարգսյանին, ով վաղուց արդեն այստեղ է բնակվում եւ անգամ հաջողացրել էր իր հավատարիմ զինակից Արմեն Աշոտյանին Կոլումբիայի հայկական համայնքի նախագահ կարգել՝ բնականաբար, համայնքի կենտրոնական գրասենյակը տեղափոխելով Արմենիա, իսկ մի փոքր ավելի ուշ այս չքնաղ դրախտավայրի քաղաքապետ է ընտրվել Տարոն Մարգարյանը եւ բարեկարգման լուրջ ծրագրեր է իրականացնում։ Հանրապետական կուսակցությունը Կոլումբիայում, իհարկե, հասարակական կազմակերպության ֆորմատով է գործում, բայց դա ամենեւին չէր խանգարել լայն համագործակցություն սկսել կոլումբիական խոշոր քաղաքական ուժերի հետ, եւ այդ ուղղության հիմնական պատասխանատուն Էդուարդ Շարմազանովն է, ում կարճ ժամանակահատվածում հաջողվել էր սերտ համագործակցություն սկսել կոլումբիական  անտառներում թաքնվող մարքսիստների հետ։ Մարքսիստները մեծ հարգանքով են վերաբերվում պրոֆեսոր Շարմազանովին, ով հաճախ նրանց համար դասախոսություններ է կարդում՝ ծանոթացնելով նրանց հին աշխարհի պատմության հետ։ Շարմազանովին հաջողվել է հավատացնել կոլումբիական մարքսիստներին, որ համաշխարհային պատմությունն ամբողջությամբ կեղծված է՝ հիմնականում հայ ազգի դերը նվազեցնելու նպատակով, իսկ իրականում հայերը միշտ ջախջախում էին հռոմեացիներին եւ պարսիկներին, հետագայում՝ նաեւ թուրքերին ու ազերիներին, եւ ներկայումս հայկական պետության բացակայության միակ պատճառը պարբերաբար կատարվող դավաճանություններն էին։ Հանրապետականների բիզնես կապերով էլ այստեղ զբաղվում է Միհրան Պողոսյանը։

Հանրապետականներն այստեղից արտահանում են գրեթե ամեն ինչ՝ թունավոր գորտերից մինչեւ եզակի ծաղկատեսակներ։ Բեռնափոխադրումների պատասխանատվությունն Առաքել Մովսիսյանի վրա է դրված, ով շատ լուրջ կապեր է ստեղծել բոլոր հարեւան երկրներում եւ Ամերիկա աշխարհամասի մաքսանենգների շրջանում հայտնի է  իբրեւ Մարդ Լեգենդ, որովհետեւ բոլորին պատմել էր, որ 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, ամբողջ զենքն ու զինամթերքն ինքն էր ներկրում Հայաստան՝ Ռուսաստանում իր ունեցած կապերի շնորհիվ։ Մի խոսքով, Կոլումբիայում Սերժ Ազատիչն առերեւույթ ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, եւ նրա գործունեությունը սահմանափակվում է իր թիմի աշխատանքները կոորդինացնելով, քանի որ որոշել է այլեւս իր խոսքը չխախտել եւ որեւէ պաշտոն չզբաղեցնել, բայց ամեն ինչ կախված է նրանից։ Նրան է պատկանում քաղաքի ամենամեծ դղյակը, որը կառուցված է Հայաստանից բերված տուֆ քարով: Իսկ կիրակի օրերը հանրապետականները հավաքվում են նորակառույց եկեղեցում, որը կառուցվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու նախագծով, հանրապետականները բոլորին ասում են․ «Այդպես է ցանկացել շեֆը»։ 

Հայաստանի երրորդ նախագահը Փաշինյանի աֆրիկյան արկածների մասին լուրերը լսելուց հետո որոշել է մեծ խնջույք կազմակերպել իր դղյակում, որին հրավիրվել են Կոլումբիայի  պառլամենտի խոսնակը, երկրի գլխավոր դատախազը, խոշոր գործարարներ, հյուրեր են ժամանել անգամ արտերկրից, եւ Սերժ Սարգսյանը բոլորին հրճվանքով պատմում է, որ պրոֆեսոր Փաշինյանը՝ Միասնական Կենտրոնական Աֆրիկայի նորաթուխ առաջնորդը, իր աճեցրած կադրն է եւ ամեն ինչի համար պարտական է հենց իրեն։

Սերժ Սարգսյանին շատ էր ուրախացրել հատկապես այն, որ Նիկոլ Փաշինյանն ամերիկացիներին եւս ֆռռացրեց եւ նորից սեփական օրակարգով առաջ շարժվեց, միեւնույն ժամանակ մի փոքր էլ հպարտություն կար Հայաստանի երրորդ նախագահի մոտ, որ աշխարհը նորից հայերի մասին է խոսում եւ հայերով զարմանում։ Մտերմիկ զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ չմոռացավ հիշեցնել Կոլումբիայի խոշորագույն քաղաքական կուսակցության ղեկավարին իրենց պայմանավորվածությունների մասին, ըստ որոնց՝ կոլումբիացի քաղաքական գործիչը խոստացել էր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որով հայերը կճանաչվեն ազգային փոքրամասնություն եւ կստանան կոլումբիական պառլամենտում մշտական ներկայացուցիչ ունենալու հնարավորություն։ Եթե դա ստացվի, ապա հայերին հատկացվելիք երկու տեղերից մեկը կզբաղեցնի Սերժ Սարգսյանի թոռնիկը, մյուսը՝ Անդրանիկ Մարգարյանի թոռնիկը։ Ինչեւէ, երբ հյուրերը ցրվեցին, հանրապետականները՝ նեղ շրջանակով, հավաքվեցին Սերժ Սարգսյանի աշխատասենյակում, որպեսզի տեսակապով զրուցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ռուսական իշխանությունների հատուկ հանձնարարությամբ գտնվում էր Կրասնոդարում եւ փորձում էր տեղի հայերին համախմբել ռուսական լեգիտիմ իշխանությունների շուրջ ու պայքար ծավալել տեղի անջատողականների դեմ։ Տեսակապով զրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ չմոռացավ  հիշեցնել Սերժ Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյան ֆենոմենի ի հայտ գալն ուղղակիորեն կապված է Սերժ Սարգսյանի մի շարք սխալ գործողությունների հետ, իսկ երրորդ նախագահն էլ իր հերթին հիշեցրեց, որ դեռ 2021-ին ինքը ելքը գտել էր Նիկոլին հաղթելու, բայց դա ձախողվեց Ռոբերտ Քոչարյանի շտապողականության պատճառով, եւ կողմերն այդպես էլ  բաժանվեցին՝ փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով՝ մոռանալով անգամ, թե ինչի համար էին կապվել։ 

Տեղափոխվենք իրանական Սպահան, որտեղ հանգրվանել  է Հայաստանի ամենապահպանողական եւ ծայրահեղ ազգայնական գաղափարներ քարոզող մամուլի ակումբն ու արդեն մի քանի տարի է՝ իր գործունեությունն իրականացնում է այստեղից։ Սպահանի հայկական թաղամասում գտնվող մամուլի ակումբն այնքան էլ մարդաշատ չէ, իսկ ավելի կոնկրետ՝ արդեն մի քանի տարի է, օրը երեքից-չորս անգամ ակումբի միակ հյուրն է Գառնիկ Իսագուլյանը, ով նույնպես տարիներ առաջ տեղափոխվել էր Սպահան՝ բազմաթիվ քաղհայցերից եւ քրեական հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս պահին հայրենասեր լրագրողուհին եւ Գառնիկ  Իսագուլյանը փորձում են «Հրապարակի» նյութն ընթերցել եւ վերլուծել՝ ուղիղ եթերում եւ միմյանց հետ վիճելով․․․ «Ախր դեռ 2021-ին ասում էի, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը նորից հաղթելու է ընտրություններում, չլսեցին, գնացին ընտրության, ու տեսա՞ք ինչ եղավ վերջը․․․ Հիմա արդեն Նիկոլն էլ չէ, արդեն եռավարչապետություն է Հայաստանում, ու էլ ընդհանրապես բան փոխել հնարավոր չէ․․․ Էն խեղճ հանրապետականներն էլ Կոլումբիայում են չարչարվում, պարոն Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն էլ Կրասնոդարում են, ու այս ամենն ինձ չլսելու պատճառով եղավ, ասում էի, չէ՞, որ փողոցով եկածին փողոցով էլ պետք է քշել, չլսեցին, ու հիմա այս վիճակում ենք բոլորս»։ «Հիմա էլ ուշ չէ, պարոն Իսագուլյան, դեռ ազգը կարող է արթնանալ եւ դրանց վռնդել Հայաստանից, իսկ Նիկոլն աֆրիկացիներից իր պատիժը կստանա, ես համոզված եմ դրանում, աֆրիկացիները հաստատ հայերից ավելի թասիբով կգտնվեն, եւ պետք չէ մեր եթերից հակառակ եւ հուսահատ պնդումներ անել»։ «Նորից եմ կրկնում՝ արդեն դա կարեւոր չէ, մեզ ի՞նչ, թե Աֆրիկայում ինչ կլինի Նիկոլի հետ, մեզ մեր հայրենիքն է պետք, որը հիմա այդ տխմարներն են պղծում, թուրքացածները․․․ Ասում էի, չէ՞, որ թուրքն ավելի լավն է, քան թուրքացածը․․․»։ Եվ այսպես, միմյանց հետ վիճելով՝ մարտնչող  Գառնիկ Իսագուլյանն ու հայրենասեր լրագրողուհին անօգուտ փորձեր են անում՝ Հայաստանում ազգայնական գաղափարներ գեներացնելու։ 

Երեւի ճիշտ կլինի Հայաստան վերադառնալուց առաջ նախ հասկանանք, թե այդ ինչպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախ հայտնվեց ԱՄՆ-ում, այնուհետեւ՝ Աֆրիկայում, ինչը դրդեց հանրապետականներին տեղափոխվել Կոլումբիա, իսկ Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին՝ Կրասնոդար։ Այնուհետեւ պարզենք, թե ովքեր են հիմա՝ 2031-ին, Հայաստանի երեք վարչապետերը, ինչպես ստացվեց, որ Բաղրամյանի արձանն այնպես վերափոխվեց, որ Բաղրամյանը նմանվեց Լեւոն Շիրինյանին, իսկ Անդրանիկ Օզանյանի արձանը՝ Անդրանիկ Քոչարյանին։ Ինչպես Արփինե Հովհաննիսյանը Հայաստանում  տարվա մարդ ճանաչվեց, եւ ինչ մեթոդներով է շարունակում պայքարել իշխանության դեմ Միքայել Մինասյանը։ Այս իրադարձությունները պետք է ուսումնասիրենք, որպեսզի կարողանանք լիարժեքորեն հասկանալ 2031-ի Հայաստանը։


Պողոս Պողոսյան