Ստոկհոլմյան սինդրո՞մ, թե՞ հեքիաթների աշխարհ 

Ստոկհոլմյան սինդրո՞մ, թե՞ հեքիաթների աշխարհ 

Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպման ժամանակ հերթական «գլուխգործոց» հայտարարությամբ է հանդես եկել, որը, իհարկե, մեծ նորություն չի պարունակում։ Հայտարարել է. «Մեր մտածածն այն է, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առեւտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ է մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։ 

Լավագույն ավանդույթները շարունակվում են․ Փաշինյանը շարունակում է մարդկանց համոզել, որ հանձնելով ու զիջելով՝ կունենանք առեւտուր անելու հնարավորություն, եկամուտ ստանալու` ադրբեջանցիները մեզ վճարելու են այդ զիջումների դիմաց։ Ապա հավելում է․ «Դուք հիմա ինձ կարող եք ասել՝ իսկ դու 100 տոկոսով երաշխավորո՞ւմ ես, որ այդպես լինելու է: Ես կասեմ՝ 100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք-կհասնենք 90 եւ ավելի»։ 

Փաշինյանի այս հայտարարությունները նորություն չեն, ավելին` դրանք նպատակ ունեն պատերազմի աղետալի ու շարունակական հետեւանքների պատճառով արդեն իսկ խոր դեպրեսիվ վիճակում գտնվող հայ ժողովրդին դարձնել ստոկհոլմյան սինդրոմի կրող։ Ստոկհոլմի համախտանիշը նկատվում է ռազմագերիների, ստրուկների, համակենտրոնացման ճամբարներում գտնվողների, երբեմն մարմնավաճառների մոտ։ Ինչու եմ զուգահեռներ տանում հենց ստոկհոլմյան սինդրոմի հետ, որովհետեւ բռնության ենթարկվողը չի դիմադրում, այլ սկսում է կապվել իրեն բռնության ենթարկողի հետ, սիրել նրան, հաճույքով վերաբերվել այդ բռնություններին: Հիմա մենք  գնում ենք նրան, որ մեր բազմամյա թշնամուն կամովին հրավիրում ենք մեր երկիր` նույնիսկ վստահ չլինելով, որ նա մեզ չի մորթելու, չի զավթելու մեր հայրենիքը, մենք պատրաստ ենք գրկաբաց ընդունել նրան` նախապես իմանալով հետեւանքների մասին: Սա կա՛մ ստոկհոլմյան սինդրոմ է, կա՛մ խելագարության ամենածանր դրսեւորում։ 

Կոգնիտիվ դիսոնանս է առաջանում ամեն անգամ, երբ փորձում ես բանականության եւ տրամաբանության դիրքերից բացատրել Փաշինյանի արտահայտած մտքերը։ Եվ այսպես, հարգելի հայեր, փորձենք ի մի բերել, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ասում է՝ սիրելի ժողովուրդ, սիրեք եւ գրկաբաց ընդունեք ադրբեջանցիներին, որոնք, օրինակ, 2020 թվականին սպանել են ձեր հազարավոր որդիներին, խոշտանգել, անդամահատել ու կտտանքների ենթարկել հայ մարդկանց, այդ թվում կնոջը՝ Անուշ Ապետյանին, 2022 թվականին, եւ անգամ այդ պրոցեսը տեսանկարահանել ու տարածել։ Ընթացքում, երբ կտրում էին Անուշի ոտքերը, մարմնի մասերը, թե՛ կտրողները, թե՛ կողքից դիտող ադրբեջանցի զինվորները հրճվում էին տեսարանից, իսկ հետո արդեն համացանցում ադրբեջանցի սովորական օգտատերերն էին հրճվում այդ տեսարանից։ 

Հարգելի հայեր, եկեք գրկաբաց ընդունենք այն ադրբեջանցիներին, ովքեր բլոկադայի էին ենթարկել Արցախն ու արցախցիներին, մարդկանց սովամահ էին անում, իսկ հետո հայրենազրկեցին մեր հարազատներին, ովքեր հարյուրամյակներով ապրել են այդ հողում։ Ի դեպ, հենց Փաշինյանի սրտի ՄԻՊ-ն էր հայտարարել, որ Արցախից բերված երեխաների մարմինները խոշտանգված են եղել, եղել են երեխաների գլխատման դեպքեր։ 

Հարգելի ժողովուրդ, եկեք բարեկամաբար վերաբերվենք մեր թշնամուն, որը Սյունիքի մարզում հայ գյուղացիներից ոչխարների հոտեր ու տնային անասուններ է գողանում տանում, մարդկանց է առեւանգում ճանապարհներից։ 
Քաղաքագետ Արա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հայտարարության մասով կարող է միայն երկու վարկած առաջ քաշել՝ կա՛մ Փաշինյանը ստում է, ինչն ամենահավանականն է, որովհետեւ իր հայտարարություններն անելիս ամեն դեպքում ասում է, որ պատերազմը բացառված չէ: Կա՛մ էլ նա ապրում է հեքիաթների աշխարհում եւ իր երազանքներն իրականության տեղ է ընդունում, ինչը քիչ հավանական է, քանի որ հընթացս հիշեցնում է՝ պատերազմը բացառել չենք կարող։ 

Իհարկե, Փաշինյանի հայտարարությունների աբսուրդային լինելու մասին շատ կարող ենք խոսել, սակայն մի բան հստակ է՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ազգային ու անվտանգային շահը, հայ ժողովրդի գոյության հարցն այլ օրակարգ են պահանջում, իսկ այն օրակարգը, որը Փաշինյանն առաջ է մղում, եւ որը համընկնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պետական օրակարգերի հետ, մեզ ոչ մի լավ բան չի խոստանում ապագայում։