Փաշինյան-Ալիեւ հեռավար երկխոսությունը խաղաղության պայմանագրի շուրջ
Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները հայտնվել են խաղաղություն մուրողի դերում՝ իրենց պահվածքով նվաստացնելով եւ ստորացնելով Հայաստանը եւ հայ ժողովրդին: Ամեն հարմար առիթով ռեժիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, այն դեպքում, որ պայմանագրի ամբողջական տեքստը պատրաստ չէ, պատրաստ են ստորագրել այն դրույթները, որոնց շուրջ կա համաձայնություն: Փաշինյանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ պատրաստ են օր առաջ, րոպե առաջ ստորագրել պայմանագիրը. «Փաստացի, ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ու սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Հետեւաբար, տեքստի շուրջ այլեւս անհամաձայնություն չկա: Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ, խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»։ «Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում համաձայնեցված տեքստը` խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի»,- մեկ օր անց Միրզոյանին կրկնում է Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանը՝ հակառակը․ պնդում է, որ քանի դեռ խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված չէ, այն չի կարող ստորագրվել: Շատ օպերատիվորեն արձագանքելով Արարատ Միրզոյանի` վայրկյան առաջ ինչ-որ թուղթ ստորագրելու մարմաջին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Թեեւ մինչ այժմ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բազմաթիվ դրույթներ, այսինքն՝ մոտ 80%-ը, որոշ դրույթների շուրջ համաձայնությունը դեռ հնարավոր չէ։ Սա չի նշանակում, որ համաձայնագիրն այդ տեսքով կարող է ստորագրվել, ինչպես առաջարկում էր հայկական կողմը` նախագծից չհամաձայնեցված դրույթները հանելով։ Սա չի կարելի ընդունելի համարել»:
Կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են. հայկական կողմն անընդհատ ասում է` եկեք խաղաղության համաձայնագիր ստորագրենք արդեն համաձայնեցված հոդվածներով, հետագայում շարունակենք աշխատել չհամաձայնեցված հոդվածների շուրջ, իսկ Ադրբեջանը պնդում է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն 100 տոկոսով համաձայնեցվելուց հետո: Հրապարակայնորեն չի հստակեցվում, թե ինչի շուրջ է հնարավոր եղել համաձայնության գալ, եւ ինչն է շարունակում մնալ չհամաձայնեցված:
Թվում է, թե Հայաստանը, անվերջ խոսելով խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին, դրսեւորում է կառուցողական մոտեցում, աշխարհին, այսպես կոչված, միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ ինքը հանդես է գալիս խաղաղասիրական դիրքերից, ուզում է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, իսկ, ահա, Ադրբեջանը՝ ընդհակառակը․ բոյկոտելով պայմանագրի ստորագրումը՝ նպաստում է լարվածության պահպանմանը: Սա ինչ-որ արժեք կունենար, եթե իսկապես աշխարհաքաղաքական կենտրոնները շահագրգռված լինեին տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմամբ, բայց ո՞ւմ է հետաքրքիր Հայաստանի խաղաղասիրությունը, բացի Փաշինյանից ու Միրզոյանից, որոնք ուզում են խաղաղ վայելել իրենց պաշտոնները եւ ունեցվածքը:
Իրավիճակն այնպիսին է, որ բոլորին կամ գրեթե բոլորին ձեռնտու են լարվածության շարունակական աճը, պատերազմների վերսկսման սպառնալիքի գոյությունը, հակամարտություններ հրահրելու հնարավորության մշտական առկայությունը: Ռուսաստանն ասում է, որ եթե պետք է խաղաղություն հաստատվի, եւ տրանսպորտային ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացվի, ապա այդ միջանցքը պետք է լինի իր վերահսկողության տակ, ինքը համաձայն է միջանցքի բացմանը միայն այդ պայմանով։ Ամերիկացիներն ասում են, որ այդ միջանցքը պետք է օգտագործել Ռուսաստանը եւ Չինաստանը շրջանցելով` Կենտրոնական Ասիայի էներգակիրները Եվրոպա հասցնելու համար։ Իրանն ընդհանրապես դեմ է ցանկացած միջանցք բացելուն, Թուրքիան եւ Ադրբեջանը կուզենային, որ այդ միջանցքի նկատմամբ չլիներ ո՛չ ռուսական, ո՛չ արեւմտյան վերահսկողություն, այն լիներ բացառապես իրենց ենթակայության` ինքնիշխանության ներքո:
Ալիեւն իրեն ուժեղ է զգում, դրա համար ուզում է խաղաղության պայմանագիրը ստորագրել տալ իր պայմաններով: Պարզ է, որ չհամաձայնեցված 5 հոդվածները պարունակում են Հայաստանին նվաստացնող եւ ինչ-որ պահանջներ պարտադրող կետեր, որոնք Փաշինյանը չի ուզում ներառել պայմանագրի մեջ՝ ասելով, թե դրանք կարող են առանձին-առանձին քննարկել, ինքը հետո հերթով դրանք կկատարի, քանի որ դրանց միանգամից եւ հենց հիմա կատարումը կարող է սպառնալիք լինել իր իշխանությանը: Ալիեւն ուզում է, որ Հայաստանն ընդունի իր բոլոր պահանջները, այդ թվում՝ այն, որոնք նվաստացուցիչ կարող են լինել Հայաստանի համար, կարող են սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը: Նրան Փաշինյանի՝ իշխանության մնալ-չմնալը չի հետաքրքրում, նա համարում է, որ ինքն ու իր ղեկավարած պետությունն այնքան ուժեղ են, որ կարող են ուժի դիրքերից խոսել Հայաստանի ցանկացած իշխանության հետ: Եթե Հայաստանը չհամաձայնի կատարել իրենց պահանջները, որոք ներառված են այդ չհամաձայնեցված հինգ կետերում, ինքն ուժով կհասնի դրանց կատարմանը: Փաստացի, Փաշինյանն Ալիեւին ասում է․ արի՝ դու իմ իշխանության համար վտանգ մի ստեղծիր, ես կամաց-կամաց կկատարեմ քո բոլոր պահանջները։ Ալիեւը պատասխանում է՝ եթե ուզում ես իշխանությունդ պահել, միանգամից արա այն, ինչ պահանջում եմ, թե չէ՝ կկորցնես իշխանությունդ:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ