Մենակ մի բան փոխվեց՝ Կոնսերվատորիան ազատվեց Արմեն Սմբատյանից

Մենակ մի բան փոխվեց՝ Կոնսերվատորիան ազատվեց Արմեն Սմբատյանից

Նոր կառավարության մշակութային քաղաքականությունը վերջին շրջանում շատ է քննադատվում։ Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը նախ նկատում է՝ պետք է երախտապարտ լինել այսօրվա ղեկավարներին, որ ազատեցին մեզ նախկին ղեկավար հրեշներից, բայց երախտապարտ լինելուց բացի, պետք է նաեւ քննադատել՝ նրանց իսկ օգնելու համար, եթե ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարին, որի շուրջ գնալով սեղմվում է օղակը, ապա․ «Ինքը երբ քայլում էր, չգիտեր, որ պետք է լինի նախարար։ Ինքը քայլել է եւ իր կյանքը վտանգել է, այն դեպքում, որ մեր շատ թշվառական մտավորականներ մինչեւ այսօր, նույնիսկ իշխանություն փոխվելուց հետո, մեդալի հերթի են կանգնած եւ մտածում են՝ ինչ նոր կոչում կա, որ ստանան էլի»։

Նա նկատում է՝ ԿԳՄՍ նոր փոխնախարարը որ եկավ, որոշ ծրագրեր արդեն ժառանգություն ստացավ․ «Արա Խզմալյանը մշակութային մարդ է, նա Մատենադարանում է աշխատել, տեղյակ է մեր միջնադարյան մշակույթից, բայց ժառանգությունն արդեն փոխանցվել է, ծրագրերը հաստատված էին, մեկը Կոմիտասի 150-ամյակի խայտառակ ծրագիրն է, որտեղ, բացի ժողովրդից, ամեն ինչ կա՝ ինքնաթիռներ, հյուրանոցներ Եվրոպայում, ռեստորաններ, ֆռֆռալ, եւ այդ բոլորը՝ իրենց համար։ Իսկ ժողովուրդը տեռորի տակ է գտնվում, մեզ հայտարարել են ձայնային պատերազմ, եւ, ի տարբերություն մեր ֆիզիկական սահմանի, ներխուժել են մեր սահմանից ներս ու տարածքներ գրավել։ Դա արեւելյան կլկլոցն է, որ հնչում է երթուղայիններում, տաքսիում, ռեստորաններում, հեռուստատեսությամբ, նույնիսկ՝ պետական հեռուստատեսությամբ, ամենուր։ Դա ձայնային պատերազմ է, որին մարդիկ այդքան էլ ուշադիր չեն։ Մտնում ես խանութ, շատ բարձր ռիթմ է միացրած՝ դըմփ-դըմփ-դըմփ, որն արգելված է օրենքով, լուսամուտին ձեռք ես տալիս՝ շարժվում է, պատը՝ նույնպես։ Իսկ ուղեղը ջրի պես բան է, հատկապես՝ երեխաների մոտ, դա նշանակում է, որ հիմա այդ երեխայի գլխում էլ ուղեղը շարժվում է։ Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ փորձանք է ազգի գլխին։ Հիմա գյուղերում էլ են միացնում բարձր, նայում են երեսիս, ու հասկանում եմ, որ ազդեցությունն արդեն առկա է, հաղթել են, մարդը չի հասկանում, թե ինչ ես ասում, որովհետեւ ուղեղն արդեն ջուր է դարձել։ Ես խոսեցի այդ մասին փոխնախարարի հետ, նա ասաց, որ առողջապահության փոխնախարարի հետ պետք է խոսի, եւ միջոցներ ձեռք առնեն, որ այս ձայնային տեռորը մեր ազգի գլխից վերացնեն։ Մեր ժողովրդին այդ ձայնային տեռորով այնպես են այլանդակում, որ մշակույթի նախարարության բոլոր ծրագրերը սրա մոտ դառնում են մանկապարտեզ»։

Շահնազարյանն ընդգծում է՝ մշակույթի նախարարությունը պետք է անի այնպիսի ծրագրեր, որ ժողովրդի հետ կապ ունենա։ Մշակութային առումով, ըստ նրա, մենք 2 ճահճից պետք է դուրս գանք։ «Մեկը մեր մտավորականության այս թշվառական վիճակի ճահիճն է, որ կոչումի, մեդալի համար պատրաստ են ամեն ինչ ծախել, 2-րդը մեր պետական խմբերի, իրենց ծրագրերի վիճակն է։ Այդ ծրագրերի 99 տոկոսը հայ մշակույթի հետ կապ չունի, իրականում դրանք տնազի նման բաներ են։ Օրինակ՝ պար են պարում, կոչվում է՝ հայկական պար, բայց եթե արդար նայենք, դա հայկական պար չէ։ Երգում են երգեր՝ իբր հայկական, որ հայկական չէ։ Այս ամբողջը մի «թատրոն» է, որի տակ հազարավոր պետական հաստիքներ են դրված, եւ մեր ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասում է նա։

Անդրադառնալով մշակույթի նախարարություն-ժողովուրդ փոխհարաբերություններին, Շահնազարյանն ասաց․ «Առաջին խնդիրը մանկապարտեզն է, մեր երեխաները մինչեւ այսօր ռուսական էստրադայի տակ են անում իրենց հանդեսները։ 2-րդը դպրոցն է, հատկապես որ կրթությունն ու մշակույթը միացրել են իրար, աշակերտն ավարտում է 10-րդ դասարանն ու 2 հատ երգ չի կարողանում երգել, բայց դպրոցական ծրագիրը որ նայես, նա նոտաներ պետք է իմանա, Բախ, Մոցարտ, ռիթմեր, ո՞ւմ են պետք այդ գրքերն ու գրված ծրագրերը, եթե նա 2 երգ չի կարողանում երգել, որ վաղը ընկերներով հավաքվեն՝ մի հատ հայկական երգ երգեն։ Հաջորդ հարցը մյուս օղակներն են, որ չեն գործում, դրանցից մեկը Կոմիտաս ինստիտուտ-թանգարանն է։ Կարո՞ղ եք ցույց տալ մի ինստիտուտ, որի տնօրենը լինի ոչ մասնագետ եւ այնքան հեռու լինի Կոմիտասից, ինչքան աստղը՝ երկրից։ Կոմիտասի համաձայն, այդ թանգարանում աշխատող բոլոր մարդիկ պետք է դրա պատերից դուրս լինեին, գնային շրջաններ, գյուղեր, ժողովրդին քարոզեին այն, ինչ Կոմիտասն էր ուզում, փոխեին դպրոցների ծրագրերը, գնային մանկապարտեզ, ասեին՝ ինչ երգեն մանուկները, մի խոսքով՝ մտնեին ժողովրդի մեջ, նրա հետ կապ ունենային։ Բայց իրենք թանգարանի պատերից ներս ընդունում են արտասահմանցի այցելուներ, կապեր են պահպանում, իրենց հարցերը լուծում, որ վաղը, մյուս օրը ինքնաթիռով թռնեն-գնան մի երկիր, ման գան-գան։ Սա մի օրինակ է, բայց ամեն տեղ է այդպես։ Եթե հեղափոխություն ենք արել, ինչո՞ւ ենք հին կազմը պահում։ Ես նաեւ հավատում եմ իրենց, որ ուզում են մի բան փոխել, բայց այդ մարդիկ նորից այս նորերին բռնեցին, էն, որ ասում են կատվին ոնց գցես, ոտքերի վրա է կանգնում, այսինքն՝ էլի իրենք են։ Մենակ մի բան փոխվեց՝ Կոնսերվատորիան ազատվեց Արմեն Սմբատյանից, որովհետեւ որտեղ «Կոմիտաս» անուն կար, նա էր տնօրինում, որ հանկարծ ազգային որեւէ արժեք չլինի։ Կոնսերվատորիան ազատագրվեց, բայց Կոմիտասի թանգարանում իր դրած մարդիկ դեռ աշխատում են»։

Կոմիտասագետն իր խոսքում ընդգծում է՝ Կոմիտասի 150-ամյակի համար միլիոնավոր գումարներ դուրս գրվեցին, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ մեր ժողովրդի վրա։ «Կոմիտասի 150-ամյակի այս թատրոնը, որ դեռ շարունակվում է, ոչ մի կապ չունի Կոմիտասի հետ։ Այսօր տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում մեր գյուղերում, մարդիկ բարձրաձայն միացնում են ադրբեջաներեն, թուրքերեն երաժշտություն, այնքան բարձրաձայն, որ հարեւանները բողոքում են ոստիկանություն, բայց ոչինչ չի ձեռնարկվում։ Հենց, օրինակ, իմ տունը․ ես Առինջում եմ ապրում եւ դադար չունեմ, չեմ կարողանում երաժշտություն պարապել, ամբողջ կողքերս ադրբեջաներեն բարձր միացրած, դինամիկները դուրսը դրած՝ երգեր են լսում։ Ասում ես՝ անջատում են, բայց 2-րդ օրը՝ նորից նույն բանը։ Դուք չեք հավատա, բայց իմ տան պատը ճաքել է, կանչել եմ իրենց էրեխեքին, ասում եմ՝ եթե տանս պատն այդ ձայնից ճաքում է, ձեր երեխայի գլխում վաղը կարող է քաղցկեղ առաջանա այդ ձայնային բարձր ալիքից։ Բերանը բաց նայում է ինձ, որովհետեւ այդ երաժշտությունը բոլորին հիմարեցրել է։ Սրա մասին ո՞վ պետք է մտածի, հարց եմ տալիս, սա եթե Ամերիկայում լինի, կձերբակալեն, բանտ կտանեն։ Օրենքն ասում է՝ չի կարելի ներխուժել մարդու ձայնային տարածք, բայց օրենքը չի գործում։ Սա շատ ավելի վտանգավոր բան է մեր ազգի համար, քան այս կաշառակերներին ձերբակալելը, հավատացեք ինձ։ Մենք մեր մշակութային հայրենիքն այսօր հանձնում ենք։ Տերյանն ի՞նչ էր ասում իր «Հոգեւոր Հայաստան» հոդվածում՝ եթե չի լինելու մշակութային, հոգեւոր Հայաստան, ինձ այդպիսի Հայաստան պետք չէ»,- եզրափակում է Շահնազարյանը։