Օգնականները շեֆերին անցել են

Օգնականները շեֆերին անցել են

Շեֆի օգնականը ստորաբաժանման ղեկավարից ավելի մեծ կշիռ ունի, հարց լուծող է․ Փաշինյանի կառավարության բոլոր օղակներում նույն վիճակն է։ Նոյեմբերին մամուլում հրապարակում է եղել, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնական Հովհաննես Պողոսյանը, որը նախկինում նրա վարորդն է եղել, միշտ ուղեկցում է նրան եւ անգամ մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նրա հետ գործուղումների մեկնում։ Մեր էլփոստին ստացված նամակը, որը ստորագրված է՝ «ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ», պատմում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանի օգնականը միակը չէ, այլ պաշտոնյաների օգնականներն էլ են արտոնյալ, օրինակ՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրիկ Մինասյանինը։ «ԱԻՆ մի խումբ աշխատակիցները» գրում են, որ ՔՏՀԱ-ի պետի տեղակալ Սուրիկ Մինասյանը, որն Արայիկ Հարությունյանի օգնական Հովհաննես Պողոսյանի քեռորդին է եւ օգտվում է նրա հովանավորությունից, բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ իր օգնական Հրաչուհի Արզումանյանին է կողքը նստեցնում, ապա «ամեն խոսակցությունից հետո բերում է որպես վկա»։

Օգնականն «աշխատանքի է գալիս ու գնում՝ որ ժամին որ ուզում է, աշխատում է անփույթ, դիմումները մակագրում է սխալ, ում պատահի, որովհետեւ Մինասյանի կնիքը եւ ստորագրությունը գտնվում են իր ձեռքում։ Գնացել է արձակուրդ՝ երկրից դուրս, առանց արձակուրդ ձեւակերպելու, քանի որ չի լրացել աշխատանքի ընդունվելու 6 ամիսը։ Այս ամենի մասին տեղյակ է տեսչական մարմնի ղեկավարը, որը մի քանի անգամ ուզեցել է գործից հեռացնել աղջկան, որին ընդդիմացել է Ս․ Մինասյանը»։ Մինասյանը «չի էլ թաքցնում, որ ունի բարձր պաշտոնում բարեկամ, ուստի ոչ մի խնդիրներ չի ունենա երբեք»։ Իսկ Հ. Պողոսյանն այս կառույցի համակարգողն է (կուրատորը): «Դրա համար էլ ինչ ուզում՝ անում են»,- նշված է նամակում։

Մենք կապվեցինք տեսչական մարմնի մամուլի քարտուղարի հետ եւ խնդրեցինք մեկնաբանել նամակում նշված տվյալները։ Մասնավորապես՝ Սուրիկ Մինասյանը Հովհաննես Պողոսյանի հետ ազգակցական կապ ունի՞, քանի՞ ամիս է տեսչությունում աշխատում Հրաչուհի Արզումանյանը, ճի՞շտ է, որ տեսչության պետը նրան փորձել է ազատել աշխատանքից, սակայն Մինասյանը բարեխոսել է, ճի՞շտ է, որ Արզումանյանը, չունենալով արձակուրդ գնալու իրավունք, օգտվել է դրանից, նրա աշխատանքային պարտականությունների մեջ մտնո՞ւմ է ուղեկցել Մինասյանին՝  պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Խոսնակը վստահեցրեց, որ Հրաչուհի Արզումանյանի վերաբերյալ հայտնած տվյալները զրպարտություն են։ Նա իր հաշվին է գնացել արձակուրդ, քանի որ անձնական խնդիրներ ուներ։ «Չգիտեմ, ինչու են նրան  թիրախավորել։ Կա հրաման, որ Հրաչուհի Արզումանյանը գնա չվճարվող արձակուրդ՝ տեսչական մարմնի ղեկավարի հրամանով։ Նա պարտաճանաչ, կոմպետենտ աշխատակից է։ Այն, որ նա երբ ուզում է, գալիս է, երբ ուզում է, գնում է, իրականությանը չի համապատասխանում։ Կնիքի  մասով՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն առանձին կնիք չունի»։ Խոսնակը հայտնեց նաեւ, որ տեսչական մարմնի ղեկավարը չունի կաշկանդվածություն՝ որեւէ ոչ կոմպետենտ աշխատակցի աշխատանքից ազատելու։

«Մեր  կանոնադրությամբ, տեսչական մարմնի ղեկավարի օգնականները ՏՄ կանոնադրությամբ հանդիպումների, քննարկումների ժամանակ գրառում են ղեկավարի կողմից տրված հանձնարարականները, որ հետագայում ստուգվի, թե տվյալ հանձնարարականները որքանով են իրականացվել։ Սա օգնականի գործառույթն է, եւ կան հանդիպումներ, որոնց ընթացքում պետի տեղակալի օգնականն ուղեկցում է նրան»։ Խոսնակն ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք կա՞ ազգակցական կապ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականի եւ Սուրիկ Մինասյանի միջեւ։