Նիկոլ Փաշինյանը հայկական Ջուլիան Ասա՞նժն է, թե՞ Ռիխարդ Զորգեն 

Նիկոլ Փաշինյանը հայկական Ջուլիան Ասա՞նժն է, թե՞ Ռիխարդ Զորգեն 

Սրանք արդեն պետության անվտանգության հետ են խաղում։ Պետական գաղտնի փաստաթղթերը, հատկապես՝ Ազգային անվտանգության արխիվի նյութերը դարձել են իշխանական լայն զանգվածի եւ նրանց լրատվամիջոցների սեփականությունը։ Առավոտից Քաղպայմանագրի անդամները, կառավարության անդամները ֆեյսբուքում տարբեր փաստաթղթեր են հրապարակում, որոնք սահմանափակ հասանելիություն ունեն եւ առնվազն նախաքննական գաղտնիք են հանդիսանում։ Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակցության դեմ սկսված արշավն արդարացնելու համար Փաշինյանը փաստաթղթերը տվել է իր թիմակիցների ձեռքը, թե՝ հրապարակեք։ Եւ Արսեն Թորոսյանը փոխանակ կորոնավիրուսի դեմ պայքարի, Սուրեն Պապիկյանը՝ փոխանակ ՏԻՄ-երում աշխատանքները կազմակերպի, Ալեն Սիմոնյանը՝ փոխանակ նոր օրենսդրական փոփոխությունների վրա աշխատի եւ փորձի բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են ֆեյսբուքում Ծառուկյանի թիմի դեմ նյութեր տարածելով։

Եւ քանի որ գործ ունենք ԱԱԾ-ից նյութերի արտահոսքի հետ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ քանակի գաղտնի նյութ է հայտնվել այս անհավասարակշիռ եւ պետության հանդեպ պատասխանատվությունից զուրկ մարդկանց ձեռքում։ Այդ նույն ԱԱԾ արխիվներում մեծ քանակի պետական գաղտնի փաստաթղթեր կան, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին, դրսում՝ անվտանգության գծով մեր երկրի կատարած աշխատանքներին, մեր գործակալական ցանցին, գաղտնի նամակագրություններ եւ նեղ անձանց վերաբերող հանձնարարությունների մասին վկայող նյութեր կան եւ այլն։ 

Մենք կանգնած ենք նոր՝ հայկական Վիկիլիկսի առաջ։ Բայց եթե ամերիկյան Վիկիլիկսն իրականացվեց լրագրողի կողմից, հայակական Վիկիլիկսի հեղինակը պետության առաջին դեմքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Եւ քանի որ անցյալում ու այսօր այդ գաղտնի տեղեկատվությունն առաջին հերթին հայտնվում է նրա ընտանիքին պատկանող լրատվամիջոցի էջերում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր կարող են հայտնվել այդ լրատվամիջոցում նրա պաշտոնաթողությունից հետո։ Պարզ ասած՝ Նիկոլը կգնա, իր հետ տանելով պետական արխիվները եւ հավերժորեն սրան-նրան շանտաժ անելու հնարավորություն կունենա։ 

Ոմանք անգամ կարող են ենթադրել, որ սա պարզ լրտեսական գործունեություն է՝ Հայաստանի դեմ։ Եւ հենց այդ գործունեությունը հեշտացնելու եւ ԱԱԾ-ն իր հակառակորդների դեմ որպես գործիք կիրառելու համար էլ 29-ամյա անփորձ երիտասարդը նշանակվեց պետության անվտանգությունն ապահովող կառույցի ղեկավար։ Պարզ է, որ Արթուր Վանեցյանն ու Էդվարդ Մարտիրոսյանը որոշ բաներ չէին անի, ինչ որ հարցերում կկասեցնեին վարչապետի գործողությունները, կկանխեին՝ պետությունը վտանգելու նրա կիրքը։ Իսկ Արգիշտի Քյարամյանը իր նշանակվելու մի քանի օր անց արդեն գաղտնի փաստաթղթերի արտահոսք է կազմակերպում եւ քաղաքական ընդդիմության դեմ գործողություններ ձեռնարկում՝ նոր թափ հաղորդելով քաղաքական հետապնդումներին Հայաստանում։