Ինչից է բողոքում Լալա Մնացականյանը

Ինչից է բողոքում Լալա Մնացականյանը

Դերասանուհի Լալա Մնացականյանը բողոք է հղել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ «Հրապարակի» դեմ։ Լավ կլիներ, իհարկե, տիկին Մնացականյանը նախապես ճշտեր, թե արդյո՞ք «Հրապարակն» այդ դիտորդ մարմնի հետ որեւէ առնչություն ունի։ Հավանաբար, տիկինը կարծել է, թե դա լրատվամիջոցների դատարանն է եւ ինքն էլ դիմել է դատարան։ Բայց հարգելով տիկին Մնացականյանի բողոքելու իրավունքը, փորձենք ներկայացնել, թե ինչից է դժգոհում սիրված դերասանուհին։

Մեր լրագրողը զանգահարել է տիկին Մնացականյանին՝ ներկայացել է, ասել է, ուզում է հարցազրույց վերցնել եւ մի քանի հարց է տվել նրան։ Տիկին Մնացականյանը սկզբում ասել է, որ չի ուզում հարցազրույց տալ, ապա սկսել է պատասխանել լրագրողի հարցերին։ Զրույցից հետո լրագրողը տեղեկացրել է, որ զրույցը հրապարակվելու է։ Դրանով չբավարարվելով՝ մեկ անգամ էլ հարցազրույցի հրապարակումից առաջ է զանգահարել եւ տեղեկացրել, որ հարցազրույցը, որտեղ ոչ մի կրիմինալ չկա, հրապարակվելու է։ Կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի եւ մոտ կես էջանոց հարցազրույցը հրապարակվել է, որը մեր կամքից անկախ՝ տարբեր լրատվամիջոցներ վերաթողարկել են եւ գուցե այդ հրապարակումների ներքո ինչ որ մեկնաբանություններ են արվել, որոնք հաճելի չեն եղել դերասանուհուն։ 

Նա նամակ է գրել խմբագրության հասցեով՝ պահանջելով հեռացնել նյութը կայքից, մենք ամենայն հարգանքով պատասխանել ենք, որ դա հնարավոր չէ։ Ահա այս ամենից հետո տիկին Մնացականյանը որոշել է, այսպես կոչված, «դատարան» դիմել, որ մեզ «պատժեն»։ Եթե մենք յուրաքանչյուր «փոշմանողի» հորդորն ու խնդրանքը կատարենք, հավատացեք` մեր կայքում շատ քիչ հոդվածներ կմնան: Իսկ հրապարակում հեռացնելը մեր սկզբունքներին դեմ է: Խոսակցության ձայնագրությունը կա եւ հարցազրույց տվողը չի էլ հրաժարվում իր խոսքից, բայց նա կարծում է, որ լրագրողի հետ ուղղակի «զրուցել» է եւ դա չպետք է հրապարակվեր:

Որպեսզի պահպանենք համաչափության սկզբունքը եւ տիկին Մնացականյանին իր վրդովմունքն արտահայտելու հնարավորություն տանք` ներկայացնում ենք խնդրո առարկա հարցազրույցը եւ տիկին Մնացականյանի բողոքը: Կարծում ենք` ընթերցողն ինքը կորոշի, թե ով է ճիշտ եւ ով սխալ:

2018-Ի ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՍ ԲԵՐԵՑ ՆՐԱՆ, ՈՐ ԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՈՉԻՆՉ ՉԵՄ ՀԱՍԿԱՑԵԼ

«Դերասանուհի Լալա Մնացականյանն, ով առաջ հանդես էր գալիս որպես ակտիվ քաղաքացի, խոսում էր նախկին իշխանությունների կողմից հաստատված հոռի ու անթույլատրելի բարքերի մասին, քննադատում նրանց, իսկ իշխանափոխությունից հետո ջերմեռանդորեն պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, վաղուց ասպարեզում չի երևում: Դերասանուհին ասում է, որ այսօր ոչնչից չի հասկանում, իսկ ահա Արցախի մասին էլ չի ցանկանում խոսել. «Ոչինչ չեմ հասկանում», - ասում է նա: Մենք մի քանի հարց ենք ուղղել դերասանուհուն:

- Տիկին Լալա, ողջ երկիրը խոսում է զոհվածի մորը կալանավորելու մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Տիկին Գայանեին կալանավորելը իրավական պետություն դառնալու ճանապա՞րհն է՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում։

- Ոչ մի բան ոչ հասկանում եմ արդեն, ոչ էլ:

- Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքրում:

- Ես կարծիք չունեմ:

- Հասարակությունը Ձեզ ընկալել է որպես լավ դերասանուհի, մտավորական, ի վերջո՝ մտավորականը չունի՞ կարծիք:

- Ես կարծիք չունեմ, չեմ հասկանում ինչ է կատարվում: Այս թատրոնի իմաստը չեմ հասկանում:

- Առաջ շատ ակտիվ էիք, 2018-ին պայքարում էիք: Ինչպե՞ս է ստացվում, որ այն ժամանակ ակտիվ էիք, հիմա` ակտիվ չեք, անգամ չեք հասկանում:

- Այո, ակտիվ էի, ակտիվությունը բերեց նրան, որ ես հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել:

- Ըստ էության, զոհվածի մորը կալանավորելն այնքան էլ բարդ քաղաքական հարց չէ, սա առավել շատ բարոյական հարց է: Այդպես չէ՞:

- Մենք հիմա զրուցում ենք որպես ծանոթներ: Չեմ ուզում շատ բան խոսել, որովհետև չեմ հասկանում:

- Որպես քաղաքացի ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:

- Չգիտեմ ինչ է եղել, չեմ կարող գնահատական տալ: Ինձ համար արդեն բոլորը մի հարթության վրա են հայտնվել` բոլորը, և ես գիտեմ, որ ինձ նման շատ ու շատ մարդիկ չեն հասկանում այսօր ինչ է կատարվում:

- Բայց մարդիկ արվեստագետներին այսօր մեղադրում են լռելու համար:

- Այո, որովհետև, երբ արվեստագետները խոսեցին ու խոսում էին, հանուն բոլորի` պայքարում էին, չունենալով ոչինչ…. Մի խոսքով մենք հասկացանք, որ էլ ասելու բան չունենք, պետք չէ ավելորդ անգամ շահարկել արվեստը:

- Ո՞վ է մտավորականն այսօր:

- Չգիտեմ ով է, ես ինձ այդ շարքերից հանել եմ: Թույլ տվեք համեստորեն ասել` ես ինձ մտավորական չեմ համարում:

- Այժմ իշխանությունները պատրաստվում են կոչումները վերացնել:

- Վերցրեք, վերցրեք, ինչ կոչում ուզում եք, ես չեմ էլ նշում իմ կոչումները: Միայն կարող եմ ասել, որ դրանք ես վաստակել եմ:

- Տիկին Լալա, գուցե վախենո՞ւմ եք խոսել, գուցե Ձեզ շատերը համացանցային տիրույթում վիրավորում են, դրա՞ համար եք խուսափում խոսել:

- Դա վախ չի: Մի վիրավորեք, ես վախկոտ չեմ:

- Հարցնում եմ, չեմ պնդում:

- Ինձ միշտ են հայհոյել, էդ հեչ: Ուղղակի ես չեմ հասկանում, թե ինչ թատրոն է սա:

- Ինչպե՞ս է ստացվում, որ 2018 թվականին հասկանում էիք, իսկ այսօր չեք հասկանում:

- Դե հենց դա էր խնդիրը: 2018-ին հասա նրան, որ հասկացա` բան չեմ հասկացել, եթե հասել եմ սրան: Ինչի՞ դեմ եմ պայքարել, ի՞նչ եմ ստացել, հիմա չգիտեմ՝ ինչի դեմ պայքարել ու ինչ ստանալ: Չկա մի մարդ, որ ես գնամ ու կողքին կանգնեմ»:

Բողոք Լալա Մնացականյանից

1.Բողոքի նախապատմությունը.

Ամբողջ լրատվադաշտը ողողված  է «2018-Ի ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՍ ԲԵՐԵՑ ՆՐԱՆ, ՈՐ ԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՈՉԻՆՉ ՉԵՄ ՀԱՍԿԱՑԵԼ»: Այդ նյութի հեղինակը «Հրապարակ» օրաթերթ խմբագրության լրագրող Հայկ Գևորգյանն է: Հայտնում եմ Ձեզ, որ Հայկը ներկայացել է «Հրապարակ» օրաթերթ խմբագրության լրագրող, որի ընթացքում ուղղակի զրույց ենք ունեցել, այլ ոչ թե հարցազրույց, քանի որ ես ի սկզբանե հայտնել եմ, որ հարցազրույց չեմ տալու: Սակայն, չնայած դրան այդ զրույցը լրագրողի կողմից կայքում հրապարակվել է իբրև հարցազրույց: Ես զրույցի ընթացքում և զրույցից հետո մի քանի անգամ լրագրողին խնդրել և պահանջել եմ մեր զրույցը  չհրապարակել, քանի որ ես չեմ ցանկացել հարցազրույց տալ: Իմ կարծիքով  բոլոր լրագրողները ելնելով լրագրողական էթիկայի կանոններից, այդ թվում նաև կարծում եմ «Հրապարակ» օրաթերթի /լրատվական կայքի լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակելու իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակելու մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը/:

Հրապարակված այդ նյութը կիսվել են այլ լրատվամիջոցների  կողմից, էլ չեմ խոսում հնչեցված քննադատություններին մասին, որոնք զետեղվել են մեկնաբանությունների բաժնում: 29.05.2023թվականին «Հրապարակ» օրաթերթ խմբագրությանը դիմում եմ ուղարկել, որով խնդրել եմ իրենց  կայքով հրապարակված նյութը հեռացնել, և միաժամանակ այս դիմումին Ի Պատասխան  հրապարակել, որ իրականում հարցազրույց այդ օրը չեմ տվել:
Իմ դիմումի ի Պատասխան. «Հրապարակ» օրաթերթի  խմբակցությունը հայտնել է. «Հարգելի Գայանե (մեզ նամակ գրողը  Gayane Ghulyan էր ստորագրել` խմբ. կողմից), եթե լրագրողը զանգահարում է որեւէ անձի, ներկայանում, որ ինքը լրագրող է՝ տվյալ լրատվամիջոցից եւ հարցեր է տալիս, դա արդեն հարցազրույց է։ Լրագրողը Լալա Մնացականյանի ընկերը չէ, որ զանգի եւ զրուցի, հոգեբանը չէ, որ լսի նրան մխիթարի, գործընկերը չէ, որ քաղաքական կամ մասնագիտական թեմաներով նրա հետ բամբասի․․․ Հարցազրույց տալու ցանկություն չունեցող անձը՝ չի զրուցում լրագրողի հետ, չի պատասխանում նրա զանգերին․․․․Բացի դա՝ այդ փոքրիկ նյութում չկար որեւէ բան, որը վարկաբեկեր, նվաստացներ կամ ի վնաս Լալա Մնացականյանի լիներ։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա այդ մեկնաբանությունները մեր տնօրինությունից դուրս են եւ դրանց վրա կենտրոնանալու դեպքում առհասարակ որեւէ նյութ չպետք է հրապարակվի ոչ սոցցանցերում, ոչ լրատվամիջոցներում։ Որեւէ մեկն իր կարծիք չպետք է հայտնի, որովհետեւ հայհոյանքն ու քննադատությունն անխուսափելի են այս լարված նյարդերով, պառակտված հանրության մեջ։ Եւ վերջինը՝ մեր կայքից որեւէ նյութ երբեւէ չի հեռացվում, դա կնշանակի վախենալ, հետքայլ անել, հրաժարվել քո տեսակետից, քո գրած նյութից, որտեղ չկա ոչ մի կեղծ բառ, ոչ մի որակում․․․ ոչ մի պատճառ, որի հիման վրա կարելի լիներ հեռացնել նյութը․․․Հարգանքով՝ Հրապարակ օրաթերթի խմբագիր»:

«Եթե լրագրողը զանգահարում է որեւէ անձի, ներկայանում, որ ինքը լրագրող է՝ տվյալ լրատվամիջոցից եւ հարցեր է տալիս, դա արդեն հարցազրույց է» տրամաբանությունից բխում է, որ այդ խոսակցությունը, ըստ խմբակցության (հավանաբար` նկատի ունեն խմբագրության` Խմբ կողմից) «հարցազրույցը» ձայնագրվել է, ապա Դիտորդ մարմնին այդ ձայնագրությունը ներկայացնելով պարզ կդառնա, որ «հարցազրույց» տվող անձը՝ Լալա Մնացականյանը իր համաձայնությունը չի տվել  տվյալ «հարցազրույցը» հրապարակելու համար։ Ավելին, Ձեր ուշադրություն եմ դարձնում խմբագրության պատասխանի ձևակերպմանը ,մասնավորապես` «...Հոգեբանը չէ, որ մխիթարի...» այդ մտքի քողարկված ենթատեքստն ու միտքը նույնպես տարակարծելու տեղիք է տալիս: Հարցը լուծելու փոխարեն, կարծես, թե խմբագրությունը «մեղադրանք» է հնչեցնում, որ անձը`Լալա Մնացականյանը կուլտուրայից ելնելով շարունակել է խոսել լրագրողի հետ: 

Անգամ, եթե  ենթադրենք, որ լրագրողը զանգահարել է ներկայացել և ասել, որ այս զանգը հարցազրույց է, և Լալա Մնացականյանը ինչ-որ հարցերի պատասխանել է, այնուհետև մտափոխվել /փոշմանել/ և լրագրողին հայտնել խոսակցության /հարցազրույցի որ մասն է ցանկանում կամ չի ցանկանում  հրապարակվի, ապա միանշանակ լրագրողը պարտավոր է հարգել անձի իրավունքներն ու կարծիքը, առավելևս հարցազրույցի ձևաչափով: Լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, առանց փոխադարձ համաձայնության՝ բացառությամբ պաշտոնական տեղեկությունների:

Այս դեպքում ինչումն էր կայանում այս նյութի հրապարակման անհարաժեշտությունը, երբ անձը իր համաձայնությունը չի տվել հրապարակելու մասնավոր զրույցը /զրույցում հայտնած տեղեկությունը/, քանի որ նյութը չի սպասարկում հանրային շահը և այլն, որից ելնելով լրագրողը /տվյալ խմբագրությունը, այնուամենայնիվ, հրապարակել են սահմանափակվելով անձի իրավունքներով:

2.Բողոքի հիմքերն ու հիմնավորումները, պահանջը .

Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ: Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի համաձայն՝ խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են.
1.5. ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս,
2.6. հարգել հարցազրույց տվողի՝ որպես հարցազրույցի տեքստի նկատմամբ համահեղինակի, իրավունքները:
6.3. ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք.

Դիտորդ մարմնին խնդրում եմ պահանջել  Լալա Մնացականյանի և «Հրապարակ» օրաթերթ խմբակցության (խմբագրության` խմբ կողմից) լրագրող՝ Հայկ Գևորգյանի 24.05.2023 թվականի հարցազրույցի ձայնագրությունը, որի ուսումնասիրությունը կապահովի բողոքի քննության օբյեկտիվությունն ու լրիվությունը, որը էական նշանակություն ունի տվյալ բողոքի քննության ելքի վրա: Այս բողոքի քննությունը և դրա արդյունքում կայացրած եզրակացությունը հետագայում նույնանման իրավիճակների, արատավոր պրակտիկայի խնդիրների լուծման համար շատ կարևոր է,  որպեսզի թե՛ լրագրողները, թե ՛անձինք նրանց հետ հարաբերություններում հստակ գիտակցեն իրենց իրավունքներն ու պարտականություները, որպեսզի այսուհետ լրագրողները և խմբագրությունները ուղեցույց ունենան անձի կարծիքը, անձնական կյանքի իրավունքի հարգման ինստիտուտների վերաբերյալ:

Անթույլատրելի և անընդունելի է առանց անձի համաձայնության և թույլտվության հրապարակել այդ անձի հետ կապված որևէ բան, այդ թվում նաև խոսակցություն, խոսակցության ընթացքում հայտնած տեղեկություններ /եթե դրանք չեն ապահովում հանրային շահը/, լուսանկար, տեսաձայնագրություն, հարցազրույց, որը կարող է ուղղակի դիտարկվել որպես անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի/ ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության եւ նամակագրության/  խախտում: 

Լրագրողությունը  պետք է  գործի «Հարգանք մարդկանց անձնական կյանքի եւ այլ իրավունքների նկատմամբ» սկզբունքով:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով, որ Դիտորդ Մարմինը ընդունում և քննում է ԶԼՄ-ների կողմից Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները, Խնդրում եմ Ձեզ ՝ քննության առնել սույն բողոքը և ընդունել եզրակացություն և այն հրապարակել` 25.05.2023թվականին «2018-Ի ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՍ ԲԵՐԵՑ ՆՐԱՆ, ՈՐ ԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՈՉԻՆՉ ՉԵՄ ՀԱՍԿԱՑԵԼ» վերնագրով «Հրապարակ» օրաթերթ խմբակցության և տվյալ խմբակցության լրագրողի հրապարակած նյութի վերաբերյալ, հայտնաբերելով խախտում/ները/ գնահատել և ենթարկել համապատասխան պատասխանատվության: Այդ նյութը հեռացնել՝ նշելով, որ Լալա Մնացականյանը  հարցազրույց տալ չի համաձայնվել : Հնարավորության դեպքում խնդրում եմ մասնակից դարձնել բողոքի քննությանը: 

Հարգանքով ` Լալա Մնացականյան 

ՀԳ. Մենք որոշակիորեն սրբագրեցինք բողոքի տեքստը, սակայն որոշ հատվածներում պահպանեցինք բնագրի ուղղագրությունն ու շարադասությունը` հարգելով դիմողի արտահայտվելու իրավունքը: Միայն նկատենք, որ ոչ մի դիտորդ մարմին, անգամ եթե քննի այս հետաքրքրաշարժ դիմումը, չի կարող որոշում կայացնել` մեր կայքից նյութ հեռացնելու մասին: Մեր 15-ամյա պրակտիկայում նման մի դեպք է եղել, երբ դատարանը որոշում է կայացրել, որ վիճարկվող հոդվածը հեռացվի մեր կայքից` դա վերաբերում էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ հոդվածին: Վերջինս դիմել էր դատարան եւ երկարուձիգ քննությունից հետո դատարանը նման աննախադեպ որոշում կայացրեց: Չնայած նման որոշումը եւս դժվար թե բավարարի հայցվորին, քանզի եթե անգամ «Հրապարակի» կայքից հեռացվի տվյալ հոդվածը, մյուս լրատվամիջոցներից հեռացնելու որոշում նույնիսկ դատարանը չի կարող կայացնել: