Արայիկ Հարությունյանի գրասենյակի արձագանքը ծեծկռտուքի դեպքին

Արայիկ Հարությունյանի գրասենյակի արձագանքը ծեծկռտուքի դեպքին

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Կարապետյանը իր էջում տեսանյութեր էր հրապարակել, որոնց կից կատարել էր գրառում․
«Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին
հայտարարություն հանցագործության մասին
պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»: Միջադեպին արձագանքել էր նաև <իրազեկ քաղաքացիների միավորում> ՀԿ նախագահ դանիել Իոաննիսյանը, որը Արցախի ընտրություններում դիտորկան առաքելություն է իրականացնում․
<Խիստ մտահոգիչ են Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից ստացվող լուրերը: Ըստ դրանց և շրջանառվող տեսանյութերի՝ գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով, որի ընթացքում գոռում էր «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»:
Դրանից հետո, գիշերը. մի խումբ անձանց հետ ու ոչ սթափ վիճակում մոտեցել է ընտրական տեղամասին ու կռիվ սարքել, որից հետո փակել է «Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձի՝ Կովսական գնացող մեքենայի ճանապարհը, հարվածել մեքենային:
Գյուղապետին և այլ մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին և ապա ազատ արձակել: Քրեական գործ դեռ հարուցված չէ, հաղորդումը քննվում «երկու կանանց կողմից գյուղապետի վրա հարձակման» ուղղությամբ:
Նշված տեղեկությունները հաստատվում են չորս տարբեր աղբյուրներից (մեկը իմ հին գործընկերն է), իսկ տեսանյութերը առաջին մեկնաբանությունում են: Առավոտյան այս դեպքով ևս հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ԱՀ ՔՕ 147, 147.1 և 269-րդ հոդվածներով:
Հ.Գ. Մարտունու քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը փակելու գործը եթե նորմալ քննվեր, այս դեպքը կարող է չլիներ: Ոստիկանության անգործությունը խթանում է հանցավորությունը»,- գրել է Իոաննիսյանը։ 

«Հրապարակը» պարզաբանման համար դիմեց Արայիկ Հարությունյանի գրասենյակ։ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կապվել է Մուշ համայնքի իրենց կուսակցականների հետ, վերջիններս վստահեցրել են, որ միջադեպը կենցաղային բնույթ է ունեցել․

«Մուշ համայնքի մեր կուսակցականներից ես տեղեկություն ստացա, և ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Մուշ համայնքում տեղի ունեցած այդ քաշքշուկները, որոնք տեսանյութով տեղադրված են համացանցում և որին արձագանքել է «իրազեկ քաղաքացիների միավորում» Հկ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ես ամենայն պատասխանատվությամբ արձագանքում եմ, որ դա կենցաղային մակարդակում տեղի ունեցած քաշքշուկ է եղել, որը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել։ Ինձ հավաստիացրին, որ դեպքը որևէ մեկի գրասենյակում տեղի չի ունեցել, դեպքը տեղի է ունեցել դպրոցի շենքում, եղել է, այսպես ասած, գինովցած մարդկանց միջև քաշքշուկ, որին միջամտել է Մուշ համայնքի գյուղապետը, որ այդ ծեծկռտուքը տեղի չունենա։ Կրկնում եմ այնտեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, և ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն , որով փորձ է արվում դա կապել «Ազատ հայրենիք» կուսակցության կամ, առավել ևս, Արայիկ Հարությունյանի հետ, և պահանջում ենք, որ ցանկացած նման հայտարարություն անպայման ճշտված լինի, հատկապես դիտորդական առաքելություն իրականացնոց մարդիկ չառաջնորդվեն միայն լսած և չճշտված լուրերով, քանի որ դրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ հասարակության մեջ սխալ կարծիք ձևավորելուն։ Դեպքով այս պահին զբաղվում է ոստիկանությունը , և համոզված ենք, որ ոստիկանությունը կտա անհրաժեշտ  հարցերի պատասխանները»
Հարցրինք՝ այնուամենայնիվ, իրենց  համախոհներից մարդ կա՞ր, որ մասնակցել է ծեծկռտուքին․
«Ոչ, ոչ մեկի համակիր այնտեղ չի եղել, քաղաքական ոչ մի ենթատեքստ չի եղել, ընդամենը այդ գյուղի բնակիչները մեկը մյուսի հետ քաշքշուկ են ունեցել։ նույնիսկ տեսանյութից պարզ է, որ ոչ մի քաղաքական հայտարարություն չկա, այսինքն՝ որևէ մեկը որևէ մյուսին քաղաքական առումով չի վիրավորում, չի ասում քո թեկնածուն այսպես, այնպես։ դա մեզ հետ կապելը ես ընդամենը համարում եմ սադրանք և վիրավորանք»,- պատասխանեց Պողոսյանը։

Նշենք, որ մենք փորձեցինք կապվել նաև Մասիս մայիլյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան, Արցախի ոստիկանության հետ ևս չհաջողվեց կապվել։