Բանակդ պետք է պարտադրի խաղաղությունը

Բանակդ պետք է պարտադրի խաղաղությունը

Հարցազրույց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ

- Պարոն Գինոսյան, այսօր հայոց բանակի կազմավորման 30 ամյակն է, Դուք էլ տարիներ ի վեր բանակի ձեւավորման ականատեսն ու մասնակիցն եք եղել, ի՞նչ մտքեր ու զգացողություններ ունեք այս օրով, ինչպիսի՞ բանակ ունենք այսօր:

- Այս պատերազմից հետո շատ բաներ վերաիմաստավորելու եւ վերարժեւորելու կարիք կա, եւ շատ բաց հարցեր են մնացել, որ չենք էլ կարող ասել, թե ինչպիսին է այսօր մեր բանակը, որովհետեւ հիմա գոնե ներսում այնպիսի պրոցեսներ են տեղի ունենում, որ մենք` հասարակությունը, դեռ ենթադրությունների մեջ է: Պատերազմից հետո իրար հաջորդող մի քանի նախարարի, մի քանի շտաբի պետի փոփոխությունից հետո պետք է ընդամենը ենթադրություններով զբաղվել, թե ինչ է կատարվում, եւ ինչ բացասական կամ դրական տեղաշարժեր կան: Ակնհայտ է, որ վերջին տապալված պատերազմից հետո, ինչքան էլ մենք պատճառաբանենք, որ մի քանի պետություն էր կռվում մեր դեմ, դա տոտալ պարտություն էր, որը միայն բանակի պարտությունը չէր, այլեւ մեր դիվանագիտության, քանի որ չկարողացանք կանխել այդ պատերազմը: Դա մեր պետականության տոտալ պարտությունն էր, մեր ռազմարդյունաբերության պարտությունն էր, որին մենք պատրաստ չէինք, նաեւ դաշնակցային պարտություն էր, որ չկարողացանք մեր դաշնակիցներին ներգրավել։ Եվ հիմա այս ամենը վերլուծելու գերխնդիր կա, բայց ես, օրինակ, վստահ չեմ, որ սա ընդհանրապես քննարկվում էլ է, որովհետեւ դրան հաջորդեցին նոր պարտություններ, նոր գերեվարումներ ու բռնազավթումներ արդեն ՀՀ տարածքից։ Այս ամենից ելնելով՝ վստահ չեմ, որ ինչ-որ հետեւություններ արվել են, եւ բանակում լուրջ փոփոխություններ եղել են: Գերխնդիր է նաեւ հասկանալ այսօր բանակի առաքելությունը, մենք խոսում ենք 5-րդ սերնդի պատերազմներից, իսկ մենք ունե՞նք վերլուծություն, թե հաջորդ պատերազմը 5-րդ սերնդի՞ է լինելու, թե՞ մենք պետք է պատրաստվենք արդեն 6-րդ սերնդի պատերազմին: Մենք ինչ-որ տեսլականներ ունե՞նք, անընդհատ գոռում ենք, որ բանակը խաղաղության համար է, սա ուղղակի տգիտություն է, որովհետեւ ի սկզբանե բանակը կռվի համար է: Ի՞նչ է նշանակում խաղաղություն, երբ Հայաստանի Հանրապետության մի մասը բռնազավթված է: Հզոր բանակը խաղաղությունը պարտադրում է, ո՛չ թե աղերսում, բանակը հենց դրա համար է, որ քո դեմ ոտնձգությունները կանխելով՝ պարտադրի այն խաղաղությունը, որը քեզ նպատակահարմար է:

- Ի՞նչ եք կարծում, իշխանության կողմից հետեւողականորեն տարվող խաղաղության քարոզները հանրության շրջանում ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Չգիտեմ... իր վերջին ասուլիսում վարչապետն ասում է (հստակ ձեւակերպումը չեմ հիշում), որ մենք հզոր բանակ պիտի կառուցենք, որը տարածքներ գրավելու համար չէ..., նախ պետք է արձանագրենք, որ փաստացի ՀԱՊԿ-ն հրաժարվեց մեզ աջակցել մեր հայրենքի բռնազավթված հատվածի մի մասի ազատագրման մեջ, բայց մենք պատրաստո՞ւմ ենք այն բանակը, որն ինքը կլուծի այդ հարցը: Մենք պետք է գիտակցենք, որ բանակի գերխնդիրը հայրենիքի սահմաններն անխախտ պահելու եւ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու մեջ է: Մենք պատրաստո՞ւմ ենք այնպիսի բանակ, որը կվերականգնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք ակնհայտորեն դրա մասին չենք էլ խոսում, որովհետեւ Ադրբեջանը չի խոսում, որ ինքը զորքը հետ է տանելու, եւ այս պարագայում ավելի քան կարեւոր են հասարակության հզոր բարձրաձայնումները, հատկապես՝ մտավորականության կողմից: Այո, Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, որովհետեւ պատմություն չուսումնասիրել եւ ջայլամի քաղաքականություն վարել, դա առնվազն տգիտություն է կամ տականքություն, մենք անգամ պետականություն չունեցած ժամանակ նույնիսկ կես դար չենք կարողացել խուսափել պատերազմներից, եւ հիմա խոսել խաղաղությունից, երբ դու ի զորու չես այդ խաղաղությունն ապահովել քո բանակով, երբ քո հայրենիքի մի մասը բռնազավթված է, դա կա՛մ խնդիրը լուծելու քո ոչ կոմպետենտության մեջ է, կա՛մ գիտակցված դավաճանության: Նժդեհն ասում էր` հիվանդագին խաղաղապաշտությունը շատ ավելի կործանարար է, քան բուն պատերազմը: Հիվանդագին խաղաղապաշտության մղել մի ողջ ազգի, որը դեռ սգում է իր որդիների կորուստը, եւ կան ծնողներ, որ չգիտեն իրենց որդիների ճակատագիրը: Մենք նույնիսկ այնքան ուժ չունենք, որ ստիպենք՝ ներկայացնեն, թե քանի գերիներ ունենք, բայց ամեն օր ազգի հետ խոսում ենք խաղաղությունից, որը մեզնից դեռ ոսկի տղաներ է խլում, ամեն օր ընդհարում է սահմանին ու կրակոց։ Սա հիվանդագին խաղաղապաշտության դրսեւորում է, որը հղի է նորանոր տկարություններով: Հոգեբանորեն մենք պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում բանակը, նաեւ կամավորագրվող տղաները, պիտի հետ վերադարձնեն ոչ միայն Հայաստանից բռնազավթված տարածքը, այլեւ` Արցախից, բայց մենք դրա մասին չենք էլ խոսում: Մենք չգիտենք, թե այդ «խաղաղություն» կոչվածն իր ենթատեքստում ինչ է ակնկալում, որովհետեւ վտանգավոր է խոսել, երբ վստահ չես քո դիվանագիտության վրա, իսկ բանակն էլ պարտվել է: Ինչո՞վ ենք պարտադրելու այդ խաղաղությունը:

- Տարիներ շարունակ հանրությանն ասվում էր, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Ինչպե՞ս ստացվեց, որ 44-օրյա պատերազմից հետո տոտալ ջախջախվեց ամենամարտունակ բանակը, մի՞ֆ էր դա, թե՞ այլ գործոններ եւս կային:

- Ակնհայտ է, որ ներքին խնդիրներ կային, հետո՝ մի քիչ լղոզված տերմին է «տարածաշրջանը», ո՞րն է դա, մենք նկատի ունենք 3 հանրապետությունները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստա՞ն, ուրեմն միանշանակ այդպես է, մենք հիմա էլ ավելի մարտունակ ենք, քան վրացական եւ ադրբեջանական բանակները: Եթե մենք նման կարծիք ենք արտահայտում Թուրքիայի կողմից հորջորջվող 3+3 ձեւաչափի մասին, ապա վստահ կարելի է ասել, որ ծիծաղելի է Պարսկաստանի եւ Թուրքիայի նման հարեւան ունենալ եւ այդպես մտածել, որովհետեւ տարածաշրջանում շատ շահագրգիռ կողմեր կան, այդ թվում` Ռուսաստանը: Գուցե դա ընդամենը լավ քնաբեր էր՝ մեր սերունդը քնեցնելու, մեր հասարակությունը թմրեցնելու եւ միֆ ստեղծելու, որ պատերազմը բացառվում է: Մենք փոխանակ այդ գումարը ներդնեինք նորագույն տեխնոլոգիայով բանակը զինելու, ելակ էինք կերակրում երիտասարդին, հիմա ո՞ւր է այդ ելակով սնվող, ամեն օր ներքնաշոր փոխող երիտասարդը, կներեք, բայց Եռաբլուրում... իսկ գուցե կիսաքաղցած, բայց լավ սպառազինված զինվորն այսօր հաղթական վերադառնար տուն: Օրհասական խնդիր է օր առաջ բանակը վերազինելու հարցը` նախեւառաջ գաղափարապես:

- Ասացիք, որ անգամ այսօր էլ, համեմատած Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, մեր բանակը մարտունակ է, ինչի՞ հաշվին:  

- Ակնհայտ է, որ հայ զինվորը, ոչ` բանակը, ամենամարտունակն է, որովհետեւ հայ զինվորը, կամավորը ցույց տվեց նաեւ 44-օրյա պատերազմում, որ գիտի հերոսաբար ոչ միայն մեռնել, այլ նաեւ կռվել: Վերադարձած տղաների մեջ էլ, վստահաբար, կան այդպիսիք, որ մեծ հերոսություններ են գործել: Ինչի մասին չենք կարող ասել ո՛չ թուրքական, ո՛չ ադրբեջանական եւ ո՛չ էլ վրացական բանակի մասին, որովհետեւ իրենք ո՛չ այդ գաղափարի, ո՛չ այդ ոգեղենության եւ ո՛չ էլ այդ հերոսականության ազգերը չեն: Գ. Նժդեհը դեռեւս 1930-ին մի շարք կարեւոր հարցեր արծարծել է իր «Հիշիր պատերազմը» հոդվածաշարում, այն, ինչ կանխատեսվել է դեռ 30թ․-ին՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, թե ինչեր կարող են լինել..., այդ գիրքը յուրաքանչյուր սպայի սեղանի գիրքը պետք է լիներ, բայց 90 տոկոսն անգամ տեղյակ էլ չէ, որ նման աշխատություն կա: Դրա համար մենք նման հերոս սերնդով ունենք պարտություն, եթե Թուրքիան ունենար այնպիսի հերոսական սերունդ, որն ունեինք մենք ոչ միայն 92-ին, այլ նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում, ապա վստահ եղեք՝ մենք այսպիսի պարտությունով չէինք պրծնի այս պատերազմից, այլեւ գլխովին կջախջախվեինք, եւ կբռնազավթվեր ամբողջ պետությունը: Իրենք հաղթել են իրենց տեխնիկայի, քանակի եւ ոչ` հերոսականության շնորհիվ, նաեւ հաղթել են իրենց բանակի ճիշտ կառավարման շնորհիվ, որը մենք պետականորեն տապալել ենք, իրենց հստակ, կարգապահ զորակոչի, մոբիլիզացիայի հաշվին, ինչը մենք նույնպես տապալել ենք թե՛ ապրիլյան եւ թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ: 2 դեպքում էլ խայտառակ զորակոչ ենք ունեցել, եւ երբ երկրի քաղաքական իշխանությունն ասում է, որ կամավորությունը բարձրակետում չէր, կներեք, բայց եթե դուք պետություն եք եւ ճիշտ կառավարել եք բանակը, ապա կամավորության կարիք չպետք է լիներ: Եթե Թուրքիան կամ Ադրբեջանը վստահ լիներ, որ կարող է միայնակ լուծել այս հարցը, սիրիացի վարձկաններ չէր բերի տարածաշրջան` լուծելու հայոց հարցը: Մենք գիտեինք այդ ամենը, բայց համառորեն ազգին չէինք պատրաստում կռվի, եւ եղավ խայտառակ մոբիլիզացիա, որի համար պատասխան պիտի տա պետությունը: Մենք բավական չէ պատրաստ չէինք այդ պատերազմին, մենք ազգին տեղյակ չէինք պահում մոտեցող արհավիրքի մասին:

- Ո՞րն է այսօր բանակի առջեւ ծառացած առաջնային խնդիրը:

- Առաջնային խնդիրը բանակի գաղափարական փոփոխությունն է, որովհետեւ մեր բանակն ազգային գաղափարախոսությամբ զինված չէ, մինչդեռ մենք տարածք չենք պաշտպանում, այլ՝ հայրենիք, եւ, ցավոք, դրա գիտակցումը չկա, որովհետեւ ինչ-որ մեկը ելնում է ու ասում` ինչի՞ պիտի հայ զինվորը չոլ պաշտպանի, թող գան ռուսները պաշտպանեն... այ տգետներ, դուք ձեր հայրենիքը չո՞լ եք կոչում, Արարատի գագաթին էլ ամայի տարածք է, դրա համա՞ր եք տվել, որովհետեւ չենք հասկանում, որ դա մեր հայրենիքն է, եթե դու քո հայրենիքը, եթե նույնիսկ չոլ է, չես ուզում պաշտպանել, ինչի՞ պիտի գա օտարը պահի: Շատ հարցեր կան վերաիմաստավորելու, կա՛մ խելքի կգանք, կա՛մ խելքի չեկողները չեն լինի, նրանք, ովքեր պարտադրում են մեզ խաղաղություն՝ առանց հասկանալու, որ խաղաղությունը պարտության քարոզ է, ոչ թե խաղաղության: