Հանրաքվե, թե՞ մեկ մարդու թատրոն

Հանրաքվե, թե՞ մեկ մարդու թատրոն

Առաջին հայացքից հանրաքվեն՝ որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ամենատրամաբանական հանգուցալուծումն է։ Բայց միայն առաջին հայացքից, քանի որ գործընթացն այդ իրականում մեկ քայլ առաջ է և՝ երկու քայլ ետ։ Իհարկե խիստ կասկածում եմ հանրաքվեի կյանքի կոչվելու հնարավորությանը, բայց, այնուամենայնիվ, առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել հիմնախնդրի կարգավորման նաև այդ տարակերպը։ 

Իրադարձությունների շղթայական ընթացքին հետհայաց ուղղելով՝ տրամաբանական հարց է առաջանում․ ինչո՞ւ կառավարող ուժն ի սկզբանե չէր դիմում հանրաքվեի օգնությանը։ Փաստացի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ավելի քան մեկ ու կես տարի պետությունը ներքաշել են խորը ճգնաժամի մեջ։ Սկզբում նրանք ասում էին, թե դատարաններն արդեն իսկ ազատ են և մենք չենք միջամտում դրանց կենսագործունեությանը։ Որոշ ժամանակ անց մոտեցումն այս փոխվեց և վարչապետ Փաշինյանը իսկակական խաչակրաց արշավանք սկսեց դատական համակարգի դեմ՝ կենտրոնական թիրախում դիտարկելով Սահմանադրական դատարանը։ Իհարկե այս կերպափոխումների մեջ տրամաբանություն գտնելը մի փոքր բարդ է և ընդհանրապես կառավորղ թիմի գործունեությունը հնարավոր չէ ռացիոնալ մտածողությամբ հասկանալ։ Ինչո՞ւ սկզբում հայտարարել, թե դատական համակարգում ամեն ինչ կարգին է, իսկ ամիսներ անց դատարանների մուտքերը շրջափակելու որոշում կայացնել։ Ըստ էության գործ ունենք իռացիոնալ և անտրամաբանական վարքագծի հետ։ 

Բայց սա դեռ ամենը չէ։ Շուրջ մեկ տարի Նիկոլ Փաշինյանը մարդաորս է հայտարարել Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս դատավոր-անդամների նկատմամբ։ Սկզբում որոշեցին նրանց գնել՝ կաշառքին օրենքի ուժ տալով, իսկ հետո պարզվեց, որ Հրայր Թովմասյանը քծնել է վարչապետին։ Արդյունքում անշունչ և անմեղ այն հայտնի առարկան դարձավ քաղաքական համակարգի թիվ մեկ կռվախնձորը։ Գրիչին հաջորդեց ԱԺ-ի ապաշնորհ և վիճահարույց նախագիծը, որն ըստ էության հիմնախնդրի կարգավորման հակասահմանադրական ճանապարհ էր։ Այսինքն , գործ ունենք ոչ միայն իռացիոնալ և անտրամաբանական վարքագծի հետ, այլ նաև՝ ապաշնորհության և ապիկարության։ Կառավարող թիմը շուրջ մեկ տարի հանրությանը կերակրել է Հրայր Թովմասյանի չեզոքացման միֆով, այդ ուղղությամբ ապաշնորհ և զավեշտալի քայլեր է իրականացրել, բայց ձախողվելուց և անկարողություն դրսևորելուց հետո հայացքն ուղղել է ժողովրդի ուղղությամբ։ Սա փաստացի պատասխանատվությունից խուսափելու միջոց է, անկարող և ապաշնորհ իշխանությունը նորից ամեն ինչ բարդում է ժողովրդի վզին։ Իբրև թե մենք լավն ենք, մենք ձեզ փրկել ենք Սերժ Սարգսյանի տիրապետությունից, իսկ հիմա հերթը ձերն է, փրկեք մեզ Հրայրի ներկայությունից։ Թերևս ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտի արժեզրկման առավել կենսունակ ճանապարհ հնարավոր չէ գտնել։

Չէ՞ որ ժողովուրդն արդեն իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վարչապետին վստահություն մանդատ էր տվել, որի հիման վրա Փաշինյանը պետք է բարեփոխումներ իրականացներ նաև դատական համակարգում։ Բայց բարեփոխումների փոխարեն առաջնային պլան մղվեցին եսասիրական նկրտումներն ու մարդաորսը, ինչն էլ հանգեցրեց խորը ճգնաժամի։ Եվ այսպես, խճճվելով իր իսկ կողմից սանձազերծված ճգնաժամի  և ապաշնորհ նախաձեռնությունների մեջ, Նիկոլ Փաշինյանը ստիպված վերստին օգնության է կանչում ժողովրդին։

Շարադրանքի հետքերով անհրաժեշտ ենք համարում դնել հետևյալ հարցադրումը․ դեռ ինչքան ժամանակ կառավարող թիմը պետք է խուսափի պատասխանատվությունից՝ ամեն անգամ որոշում կայացնելու բեռը թողնելով ագորայի վրա։ Էլ ի՞նչ պետք է անեն ՀՀ քաղաքացիները, կարծես թե ամեն ինչ արել են, մասնավորապես՝ Փաշինյանին գլխներին դրած, միջնադարյան միապետի կարգավիճակով մտցրել են կառավարության շենք ու լիազորել են գործել և որոշումներ կայացնել։ Այսքանից հետո էլ ի՞նչ են ուզում մարդկանցից։ 

Վերջում անհրաժեշտ ենք համարում շեշտադրել ևս մեկ կարևոր հանգամանք։ Վերջին մեկ ու կես տարիներին հանրությունն ու քաղաքական համակարգը փաստացի ապրել են սևի և սպիտակի, հերոսի և հակահերոսի պարզունակ իրավիճակում, ինչի հետևանքով առաջնային պլան էին մղվել անսանձ պոպուլիզմն ու ատելության նողկալի քարոզը։ Ներհանրային այս ճգնաժամը հաղթահարելու և ազգային համերաշխություն ձևավորելու փոխարեն, կառավարող թիմն էլ ավելի է բորբոքում սևի և սպիտակի դիմակայությունը, քանի որ հանրաքվեն փոխակերպվելու է Հրայր Թովմասյանին դեմոնիզացնելու և Նիկոլ Փաշինյանին աստվածային կարգավիճակ շնորհելու խելագար կամպանիայի։ Անշուշտ սա քայքայիչ նշանակություն է ունենալու ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական համակարգի համար։ Պետությունը վերստին շեղվելու է իր բնականոն զարգացման ընթացքից՝ ինտելեկտուալ բոլոր ռեսուրսները տրամադրելով մեկ մարդու թատրոնի կազմակերպմանը։