«Սողոմոն եւ Սողոմոն»․ երկու ճակատագիր

«Սողոմոն եւ Սողոմոն»․ երկու ճակատագիր

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի գոհաբանության երեկո՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակին եւ Կոմիտաս Վարդապետի տարեդարձին: «Սողոմոն եւ Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը կներկայացնի Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը կընթերցի ամենավառ հատվածները Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից։

Երկու Սողոմոն՝ Թեհլիրյան եւ Սողոմոնյան։ Երկու ճակատագիր՝ աղճատված Հայոց ցեղասպանությամբ։ Վարդապետի լռությունը եւ իր ժողովրդի համար վրեժխնդիր եղած ու արդար ցասումով լի հայորդին։ Մի կողմից՝ մինչեւ հոգու խորքը խելագարության աստիճան ցնցված Սողոմոնը, մյուս կողմից՝ Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»։ 1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, Թեհլիրյանին հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ ճանաչեց անմեղ։

«Սողոմոն եւ Սողոմոն» նախագծում միավորվել են երկու մեծ հայերի անունները, Սողոմոններ, ում հիշատակի առջեւ այսօր խոնարհվում ենք։ Նախագծի հեղինակն է Էռնա Ռեւազովան։