«Ռետրո ջազ» համերգ 

«Ռետրո ջազ» համերգ 

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայանա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։ Փետրվարի 19-ին եւ 20-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան.Դյուկ Էլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան ... 

«Մեկ համերգի ծրագրում, իհարկե, շատ դժվար է տեղավորել ռետրո ջազի գոհարները, քանի որ դրանց ծավալը բավականին մեծ է, սակայն նվագախումբը փորձել է մեկտեղել ամենանշանավոր անունները։ Հատուկ անդրադարձ կա նաեւ Արտեմի Այվազյանի հիմնադրած հայաստանյան ջազ նվագախմբին, որի շարունակողն է մեր նվագախումբը։ Մշակվել է հետաքրքիր ծրագիր, որն անդրադառնում է թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան ջազ ժառանգությանը»,-նշում է Արմեն Հյուսնունցը։

Նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Մինչ այդ նաեւ փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել առցանց ելույթների միջոցով՝ հանդես գալով փոքր կազմերով եւ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այժմ ստեղծվել է մեծ կազմով հանդես գալու հնարավորություն, եւ քրտնաջան աշխատելով ու փորձեր իրականացնելով՝ ստացել են այս համերգի ծրագիրը։ 
Հավելենք նաեւ, որ այս ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախումբը աշնանը սկավառակ է ձայնագրել, որն առաջիկայում կներկայացվի ունկնդրի դատին։