Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովում քիչ առաջ հերթական անգամ լարվեց մթնոլորտը։ Այս անգամ բախման կենտրոնում հայտնվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Լարվածությունն առաջացավ վերջինիս՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին ուղղված խոսքից հետո, երբ Մանուկյանն ասել էր՝ «գլուխդ պատով տվեցիր»։

Ալեն Սիմոնյանը հակադարձեց Մանուկյանին, հայտարարելով, որ եթե ինքը նման արտահայտություն աներ ամեն անգամ, երբ ընդդիմադիր պատգամավորը սուտ է ասում, գլուխ չէր մնա։ Նա ընդգծեց, որ Գեղամ Մանուկյանը ոչ միայն հաճախ է հնչեցնում վիրավորական արտահայտություններ, այլ նաև տիրապետում է լարվածություն ստեղծելու արվեստին։ «Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել։ Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դու», – նշեց Սիմոնյանը։

Երբ Մանուկյանը տեղից ռեպլիկ հնչեցրեց, ԱԺ նախագահը արձագանքեց հարցով՝ «սպառնո՞ւմ եք ինձ»։ Հնչեց ընդդիմադիր թևից արձագանք՝ «հա», որին Սիմոնյանը պատասխանեց կտրուկ՝ «Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարա իրեն թույլ տա սպառնալ»։