Մենք Պաղեստին դառնալու ճանապարհով ենք գնում

Մենք Պաղեստին դառնալու ճանապարհով ենք գնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12-ին «Ղրիմի հարթակ» 4-րդ համաժողովում հայտարարել է, որ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելը միջազգային իրավունքի պահանջ է։ Նա շեշտել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքիշխանությանը և անկախությանն իրենց աջակցությունն անփոփոխ է մնում։ Արդյոք սա կարո՞ղ է ռուս- թուրքական փոխհարաբերություններում նոր սրացումների հանգեցնել, թե՞ Ռուսաստանն այս հայտարարությունն էլ կանտեսի` իր տնտեսական շահերից ելնելով։

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Թուրքիան միշտ ունեցել է շատ հմուտ, խորամանկ դիվանագիտություն և միշտ խաղացել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների և պատերազմների վրա։

«Նրանք դա արել են 200 տարի։ Էրդողանը խաղում է երկու սեղանի վրա, մի կողմից մտնում է ԲՌԻՔՍ, մյուս կողմից շարունակում է պահել իր կապը Արևմուտքի հետ, նա խաղում է երկու սեղանի վրա՝ նա միշտ այդպես է անում։ Դա փաստորեն մի փորձ է, մի մեսիջ է, որ մենք դեռ ասելու բան ունենք, մենք դեռ ձեզ հետ առևտրի հարցեր ունենք։ Ես վախենում եմ, որ նրանք, ինչպես անցյալ անգամ, մեր մեջքի հետևում կփակեն հաշիվը, որ իրենց միջև հարաբերությունները կարգավորեն Հայաստանի հաշվին, մեր հաշվին լինեն զիջումներ»,-ասաց Խաչիկյանը։

Մենք ունենք գոռգոռացող, ինքն իրեն արդարացնող ոչ կոմպետենտ լրագրող-վարչապետ, որը չգիտի ինչ է դիվանագիտությունը և մենք հասանք բացարձակ պարտության, հիմա մեր մեջքի հետևում որոշում են, թե ինչ է լինելու միջանցքի հարցը՝ դա նշանակում է, որ մենք պետություն ու սուվերենություն չունենք, կարծում է մեր զրուցակիցը։

«Դա հետևանք է այն բանի, որ մեզ ղեկավարում է ոչ կոմպետենտ, գործ և կրթություն չունեցող մի մարդ, ով անընդհատ լեզվակռվով, բառախաղերով է զբաղված»,-ասաց քաղաքագետը։ Ակնհայտ է, որ հարցերը լուծվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև․«Պուտինը հանդիպում է Ալիևին, ասում է, մենք ձեզ հետո կասենք, թե ինչ որոշեցինք ձեր մասով, և հետո Իրանը և Ռուսաստանը խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին։ Մեր տարածքի մասին երրորդ կողմերն են խոսում և պայմանավորվում, մենք կորցրեցինք մեր ինքիշխանությունը, մեր պետությունն արագ տեմպերով գնում է դեպի Պաղեստին դառնալու ճանապարհով։ Մենք լինելու ենք Պաղեստինի պես մի տարածք, որտեղ տարբեր պետություններն իրենց շահերն են ունենալու, հնարավոր է նաև կիսեն, հնարավոր է նաև ռազմական բախում լինի մեր տարածքի վրա, հնարավոր է, որ Թուրքիան և Ադրբեջանը ուժով փորձեն լուծել հարցը»,-նշեց Խաչիկյանը։

Հատկապես հիմա, երբ գնալով ավելի անկայուն և վտանգավոր է միջազգային իրավիճակը, թուրք-ադրբեջանցիները կարող են ուժով բացել այդ միջանցքն ու հետո արդեն պայմանավորվել ռուսների և իրանցիների հետ։ Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի կարևոր են Ռուսաստանի համար, քան մենք, որովհետև, ի տարբերություն մեզ, նրանք 35 տարի չզբաղվեցին իրենց երկրները քանդելով, նրանք տնտեսապես և ռազմապես կայուն ու ուժեղ պետություններ են։ Խաչիկյանը շեշտում է՝ սեփական էլիտաների բացակայության պատճառով մենք ինքներս մեզ ծնկի բերեցինք։