«Ղզիկ» եւ անթասիբ ընդդիմություն

«Ղզիկ» եւ անթասիբ ընդդիմություն

Հայրենի ընդդիմությունը հազիվ դուխավորվել, ընդդիմացել, սկսել էր ատամ ցույց տալ իշխանությանը, երբ հանկարծ նորից հիշեց իր անփառունակ ու թուլամորթ անցյալը՝ նետվելով Նիկոլ Փաշինյանի գիրկը։ «Երկրում պատերազմ է, հիմա դրա ժամանակը չէ» պատրվակ-լոզունգի ներքո՝ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի օր է՝ քիչ է մնում սիրո խոստովանություններ անի Նիկոլ Փաշինյանին ու նրա ապիկար իշխանությանը, որը, կարծում ենք, դեռ պետք է պատասխանի որոշ հարցերի, թե ինչպես, ում մեղքով եղավ, որ այսպես եղավ։ Բայց այս եւ նմանատիպ այլ հարցեր մեր ընդդիմադիրների մտքով այսօր չեն անցնում՝ նրանք «ղզիկացել» են, վարակվել հայրենասիրական պաթոսով ու նետվել Փաշինյանի ոտքերի առջեւ՝ զոհաբերելով ընդդիմադիրի իրենց իմիջն ու արժանապատվությունը։

ԱԺ վերջին երկու նիստերը՝ դրա վառ օրինակը։ Մի մասն արդեն նույնիսկ Փաշինյանի դռան մոտ էր հերթ կանգնել՝ պատրաստ բարեհաջող մուտք գործել եւ ծառայություններն առաջարկել։ Ու այս ամենը՝ պատերազմի անվան տակ։ Իսկ ո՞վ է ասել, որ պատերազմի ժամանակ չի կարելի ընդդիմություն լինել, քննադատել իշխանությանը։ Ի՞նչ է՝ պատերազմի պահին իշխանությունը դառնում է անսխալակա՞ն։ Իսկ գուցե ճիշտ հակառա՞կը, թերեւս հենց իշխանության սխալնե՞րն են ծնել այս պատերազմը, եւ առավել քննադատելու կարիք այսօր կա։ Բա չխոսե՞ք այդ մասին, չհարցնե՞ք օրվա իշխանությանը, թե ինչու այս քայլն արեցիր, այսինչ հայտարարությունը տարածեցիր, այսինչ քայլը չարեցիր։

Իսկ մեր ընդդիմադիր պատգամավորներն այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարին կոնկրետ հարցեր ուղղելու փոխարեն ճռճռան, լացակումած ու ինքնամատուցման ելույթներ էին ունենում՝ կոչ անելով Փաշինյանին իրենց առաջնորդել դեպի թշնամու թնդանոթները։ Նրանց կոկորդն այնպես էր խեղդվում հայրենասիրական պաթոսից, որ թվում էր՝ մոռացել էին, որ նույն այդ Փաշինյանի թեթեւ ձեռքով ընդդիմության առաջնորդներից մեկը բանտարկված է կեղծ ու միջին ծանրության մեղադրանքով, որով ոչ մի ուրիշ անձ Հայաստանում երբեւէ չի կալանավորվել։ Եվ եթե «Լուսավոր Հայաստանից» ու Էդմոն Մարուքյանից սպասելի էր նման թույլ ու «կառուցողական» կեցվածքը, ապա ԲՀԿ-ն, որը հազիվ էր իրեն հավաքել ու հուժկու ընդդիմության կերպարի մեջ մտել, լրիվ անսպասելի հրաժարվեց իր առաջնորդից ու աչքի առաջ «ղզիկացավ»։

Հատկապես տարօրինակ էր Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որը ժամանակին հատուկ էր «ՀՀԿ կանանց», երբ ուրիշ քննադատելու բան չէին ունենում, սկսում էին Ալիեւին հայհոյել ու ժողովրդի հայրենասիրական զգացմունքների հետ խաղալ։ Տիկին Զոհրաբյանը, որն ընդամենը մի քանի օր առաջ կուրծք էր ծեծում իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ,  քարը քարին չէր թողնում իշխանություններին քննադատելիս, ԱԺ-ում իր ողջ հմայքով Ադրբեջանին էր քարկոծում։ Իհարկե, նորմալ է դա, Ալիեւին ու Ադրբեջանին պետք է ամենավերջին բառերով նախշել եւ ի լուր միջազգային հանրության՝ ցույց տալ Ալիեւի ագրեսոր ու վայրագ կերպարը։ Բայց ինչո՞ւ մի կեսբերան չեք հարցնում ձեր սիրելի վարչապետին ու մեզ պատուհասած այս պատերազմը ծնող պատճառների մասին, խաղաղ ու հանդարտ տոնով հարցրեք՝ որտե՞ղ թերացավ հայկական դիվանագիտությունը, որ բանը հասավ զենքով հարց լուծելուն։ Երբ նույն Նաիրա Զոհրաբյանը միասնականության կոչ էր անում, որ եկեք խրամատների չբաժանենք մեր երկիրը, ինչո՞ւ չէր ասում՝ խրամատները քանդելու ժամանակն է, եւ կոչ չէր անում իշխանություններին՝ հրաժարվել շինծու քրեական մեղադրանքներից ու համաներում հայտարարել, որ բոլոր վտարանդիներն ու հալածվածները գան ու ծառայեն երկրին՝ այս օրհասական պահին։ Ու ոչ մի խոսք այն մասին, որ այդ միասնականության կոչերը միայն ընդդիմությանը եւ իշխանություններին քննադատողներին չպետք է ուղղվեն, այլ հենց իշխանություններին, որը 2 տարում հիմնովին պառակտել է հասարակությունը եւ մեզ հասցրել անդունդի եզրին։

Պաթոսն ու «պետության կողքին կանգնելը», սակայն, այն աստիճանի են կուրացրել որոշ ընդդիմադիրների, որ ոմանք անգամ ԱԺ ամբիոնից լալահառաչ աղերսում էին Նիկոլ Փաշինյանին՝ զորակոչել իրենց սահման, որ գնան զոհվեն։ Ընդ որում՝ կանայք, այն էլ՝ «Լուսավորից», որ երբեք իր համարձակությամբ չի փայլել որպես ընդդիմադիր ուժ։ Է, գնացեք, ո՞ւմ եք սպասում, Նիկոլ Փաշինյանի՞ն, որ ձեզ ուղղորդի «զոհաբերության», թե՞ Արարատ Միրզոյանին, որ գոնգը խփի՝ ազդարարելով ընդմիջման մասին։ Այս տեմպերով որ գնա, պատերազմի ավարտից հետո հայրենիքն իշխանության հետ նույնացրած մեր ընդդիմադիրները վաղը երեւի կոալիցիա էլ կազմեն Փաշինյանի կառավարության հետ, հուշագիրն էլ բանտում ստորագրեն։ Կարծես հարմար առիթի էին սպասում՝ Փաշինյանին հայրենիքի անվան տակ քծնելու եւ սիրաշահելու համար։