Արդարության եւ օրինականության բաստիոն

Արդարության եւ օրինականության բաստիոն

Արեւմուտքի՝ արեւմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից սկսվել է արցախցի փախստականներին հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ հայտարարությունների հոսքը: Հատկացվում է մեկ, երկու կամ տասը միլիոն դոլար՝ կախված տվյալ երկրի կամ կազմակերպության հնարավորությունից: Առաջին հայացքից դա անգնահատելի օգնություն է եւ արժանի միայն երախտագիտության: Բայց ընդամենը՝ միայն առաջին հայացքից: Որովհետեւ այդ ամենը տրամադրվում է Արցախի կորստի հաշվին: Իսկ Արցախի կորուստն էլ նրանց համար նշանակում է ընդամենը ազատում Լեռնային Ղարաբաղի խնդրից: Ինչը տեղի ունեցավ հայացքը դեպի Արեւմուտք հառած Փաշինյան Նիկոլի ու ադրբեջանամետ Ալիեւ Իլհամի ջանքերով ու համագործակցությամբ: 

Բայց մինչ այդ՝ տարիներ շարունակ Արեւմուտքը ստիպված էր խաղեր տալ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ: Իլհամին (ենթադրաբար՝ նաեւ նրա հորը, երբ կենդանի էր) համոզում էր ընդունել Արցախի Հանրապետության ինքնիշխանության հանգամանքը: Իսկ Քոչարյանին կամ Սարգսյանին՝ Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս տարածքները: Բայց քանի որ հայր եւ որդի Ալիեւները հրաժարվում էին դա անելուց, առաջ եկավ Հայաստանում գործող իշխանությունը գունավոր հեղափոխությամբ փոխելու ծրագիրը: Ինչը հաջողությամբ կյանքի կոչվեց ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների տարած ներքին սխալ քաղաքականության, մի կողմից, եւ դրա դեմ զանգվածների մեջ ՀՀ առաջին նախագահի կողմից ձեւավորված մերժողական վերաբերմունքի շնորհիվ: Գտնվեց նաեւ անհրաժեշտ սուբյեկտը, որն աչքի էր ընկնում իր ընդդիմադիր գործունեությամբ: Վերջինս օժտված էր նաեւ սկզբունքների բացակայության հատկանիշով, ինչը հայտնի էր գոնե նրանց, ովքեր վերը նշված ծրագիրն էին մշակում: 

Անսկզբունքայնությունից բացի, Փաշինյան Նիկոլն ուներ մեկ այլ հատկանիշ՝ ազգային մտածողության բացարձակ բացակայություն: Դրա վկայությունն է Գառնու տաճարի կամ Քարահունջի (Զորաց քարերի) նկատմամբ նրա արհամարհալից վերաբերմունքը՝ դրսեւորված հոդվածներից մեկում: Ինչի շնորհիվ ինքն ամբողջովին ներծծեց իր մեջ «Արցախը տանք, որ լավ ապրենք» մտայնությունը: Եթե դա «թարգմանենք» ավելի հստակ լեզվի, կնշանակի՝ հայրենիքի մի մասի վաճառքի համաձայնություն: Կարծում եմ, որ վերջինս գտնված անձ էր՝ արեւմտյան այդ ծրագիրն իրականացնելու առումով: Հատկապես հայրենիքի զգացողությունից զուրկ մեծաթիվ զանգվածների առկայության պայմաններում:

Մի երկու խոսք էլ Արեւմուտքից խոստացված գումարների չափի առումով: Ասում են, որ նվեր ստացած ձիու ատամները չեն ստուգում: Երբեք չեմ ընդունել այդ դատողությունը, քանի որ նվերի իրական արժեքը նրան ունենալու ցանկությունն է նվիրողի համար: Եթե նվիրում ես մի այնպիսի բան, որ ավելորդ տեղ է զբաղեցնում քո տանը, ապա դա նվեր չէ: Իրական նվերն այն է, ինչը շատ կցանկանայիր թողնել քեզ: Տեսական այս շեղումից հետո վերադառնամ օգնության չափի հարցին: Ուկրաինայի հետ համեմատած՝ մեր երկրին տրվելիք գումարները կարելի է դիտարկել ընդամենը որպես կոպեկներ (կամ լումաներ): ԱՄՆ նախագահը, օրինակ, առաջիկա մեկուկես ամսվա բյուջեն հաստատելու առիթով համարյա թե ներողություն է խնդրել ուկրաինացիներից, քանի որ դրանում չի ներառվել 300 մլն դոլարի օգնության փաթեթը, ինչը նախօրոք էր պայմանավորված Կոնգրեսի ստորին պալատի՝ հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ: Իսկ մեզ համար ընդամենը 10 մլն են որոշել:

Բայց նաեւ գումարի չափը չէ էական խնդիրը. ի տարբերություն հսկայական (մեր համեմատությամբ) Ուկրաինայի՝ մենք կորցրինք ավելին՝ պարտվածի ու ցեղասպանվածի հոգեբանությունից ազատված լինելը: Ինչը տեղի էր ունեցել Արցախյան հաղթական պատերազմից հետո: Ուկրաինացիները հոգեբանական նման խնդիր երբեւէ չեն ունեցել եւ դժվար թե ունենան, քանի որ Ռուսաստանն այդ երկրում ցեղասպան քաղաքականություն չի վարում: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հենց ուկրաինական ազգայնականներն են կազմակերպել իրենց հարեւանությամբ բնակվող հրեաների ու լեհերի ջարդերը: Եվ որպեսզի մենք կրկին եւ վերջնականապես ազատվենք ցեղասպանված լինելու բարդույթից, պետք է մեր երկիրն ազատենք «նիկոլիզմից»՝ դարձնելով այն արդարության եւ օրինականության բաստիոն, հզոր ու բարեկեցիկ: