Նավթի գինն իջնելուն զուգահեռ՝ կբարձրանա ոսկու գինը

Նավթի գինն իջնելուն զուգահեռ՝ կբարձրանա ոսկու գինը

Երկու օր է՝ նավթի համաշխարհային գներն իջել են, եւ դա մեծ իրարանցում է առաջացրել խոշոր խաղացողների եւ գերտերությունների շրջանում։ Երեկվա դրությամբ (12:00, 09.03.2020) Brent Crude Oil տեսակի մեկ բարել նավթի գինը կազմում է 33.61 դոլար, ինչը նշանակում է 25.76 տոկոս նվազում, իսկ ավելի թեթեւ՝ Light Sweet Crude Oil տեսակի մեկ բարել նավթի գինը հասել է 29.89 դոլարի՝ նվազելով 27.59 տոկոսով։

Սրանից առավելապես կտուժի մեր ռազմավարական դաշնակից պետությունը՝ Ռուսաստանը, որտեղ նաեւ ռուբլու գինն է նվազել, էական վնասներ կկրեն նաեւ հարեւան Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաեւ Վենեսուելան՝ որպես աշխարհի խոշոր նավթարդյունահանող պետություն, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ոչ միայն։ Նշենք, որ նախկինում երբեւէ նավթի գների նման կտրուկ նվազում տեղի չէր ունեցել։ Տնտեսագետները նավթի գների այս աննախադեպ անկումը կապում են տարբեր պատճառների հետ՝ կորոնավիրուսից մինչեւ աշխարհաքաղաքական բախումներ։

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ դա մի կողմից կապված է կորոնավիրուսի տարածման հետ, քանի որ Չինաստանը կտրուկ պակասեցրել է նավթի պահանջարկը, մյուս կողմից բախում կա նաեւ նավթ արտահանող երկրների միջեւ։

«Կորոնավիրուսի պատճառով նավթի գինն օրական 2-3 տոկոսով ընկնում էր: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) որոշել է, որ օրական արդյունահանումը 2.5 միլիոնից իջնի 1.5 միլիոնի։ Դիմել է Իրանին եւ Ռուսաստանին՝ խնդրելով, որ իրենք կես միլիոնով ամենօրյա արդյունահանումն իջեցնեն, որպեսզի գինը բարձրանա, թե չէ քանդվում են, OPEC-ի ասելով՝ ըմբռնում չեն գտել, այնուամենայնիվ, առաջիկայում Վիեննայում նախատեսվում է հանդիպում OPEC-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան (Saudi Aramco ընկերությունը) միակողմանիորեն ավելացրել է արդյունահանումը, եւ արդյունքում տեղի է ունեցել այսպիսի բան»,- ասաց  Բագրատյանը՝ նկատելով, որ նպատակը եղել է գնի բարձրացումը, սակայն ստացվել է հակառակը։

Այսինքն՝ միայն կորոնավիրո՞ւսը չէ պատճառը․ Հրանտ Բագրատյանն ասաց․ «Քանի որ Չինաստանն ավելի քան երկու անգամ իջեցրել է նավթի իր գնումները, OPEC-ն ասել է՝ էսպես կքանդվենք, գոնե եկեք քիչ արտադրենք, որպեսզի գինը բարձրանա։ Եվ, իր ասելով, չի գտել Ռուսաստանի եւ Իրանի օժանդակությունը, եւ Սաուդյան Արաբիան ուղղակի քանդել է շուկան։ Այսինքն՝ ոչ թե կրճատվել է շուկա նետվող նավթը, այլ հակառակը՝ ավելացվել է»։

Բագրատյանը հիշեց, որ 1991 թվականից ի վեր՝ առաջին անգամ է նման բան լինում՝ նկատելով, որ հետխորհրդային տարածքն ավելի շատ քանդվում էր նավթի գների անկումից (մինչեւ 95, 96, 97 թվերը), քան թե նրանից, որ Սովետական Միությունն օբյեկտիվորեն չկա։
Իսկ հիմա ի՞նչ ազդեցություն կունենա նավթի գների նման կտրուկ անկումն աշխարհի եւ համաշխարհային տնտեսության վրա։ Բագրատյանն ասաց, որ իրականում շատ վատ բան է տեղի ունենում։

«Բայց կարող է մի քանի օր տեւի, որովհետեւ ասվում է, որ ամենաուշը մի քանի օրից հանդիպելու են Վիեննայում, այսինքն՝ իրենց մեջ երկխոսություն, այնուամենայնիվ, կա։ Խոսքը վերաբերում է OPEC-ի (ըստ էության՝ OPEC-ը Սաուդյան Արաբիան է) եւ Ռուսաստանի միջեւ»,- ասաց նա։
Իսկ Հայաստանը սրանից կշահի՞, թե՞ կտուժի։ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Հայաստանը միանշանակ կտուժի, որովհետեւ մեր հիմնական գործընկեր երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ մեր հիմնական առեւտրաշրջանառությունն է, հայտնվել են վատ դրության մեջ։ 

«Իհարկե, Ադրբեջանն էլ կտուժի, բայց ես երբեք չեմ նայում՝ ինչքան կտուժի մեր հակառակորդը, ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ ինչքան կտուժի մեր գործընկեր երկիրը։ Բացի այդ, Հայաստանում նավթի գնանկումից ստացած օգուտը միշտ, որպես կանոն, լինում է շատ ավելի փոքր, քան թե այն վնասը, որը մենք կրում ենք Ռուսաստան մեր արտահանման ծավալների անկումից»,- եզրափակեց Բագրատյանը։

Ժամանակին Ազգային ժողովում Բագրատյանի հետ թեժ «մարտեր» մղած ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ տնտեսության մեջ պասիվություն է նկատվում, եւ, իր կարծիքով, նավթի գների անկմանը զուգահեռ՝ պետք է նաեւ ոսկու գինը բարձրանա, քանզի սովորաբար այդպես է լինում։ Իսկ ոսկին, ըստ Այվազյանի, համարվում է «խաղաղ նավահանգիստ» նման իրավիճակներում։

Նկատեցինք, որ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, OPEC-ի եւ Ռուսաստանի ու Իրանի միջեւ փորձ է արվել համաձայնություն ձեռք բերել, որ նվազեցնեն նավթի արդյունահանման ծավալները։ Այվազյանն ասաց․ «Դե, գիտե՞ք ինչ կա, իրենք, որ նավթի արդյունահանման ծավալները փորձում են կրճատել, դա հիմնականում պայմանավորված է լինում նրանով, որ կարողանան գները պահել։ Ո՛չ Ռուսաստանն է OPEC-ի անդամ, Իրանն էլ, փաստորեն, էն ժամանակ, երբ պատերազմ սկսվեց, իր մասնաբաժինը տվեցին Քուվեյթին ու Սաուդյան Արաբիային։ Ու հիմա իրենց հետ պայմանավորվելը՝ դա իրենց եկամտի աղբյուրն է, ինչո՞ւ պետք է համաձայնեն դրա հետ։ Բայց դրանով չէ պայմանավորված։ Իմ խորին համոզմամբ՝ հիմնական ապրանքային արտադրության ծավալների անկումն է, որոշակի սպառման անկումն է, որովհետեւ կորոնավիրուսի պատճառով էս սահմանների փակումն է, Չինաստանի կողմից պահանջարկի նվազումը»։

Հարցին՝ սա համաշխարհային տնտեսական ճգնաժամի՞ կհանգեցնի, թե՞ կկարողանան դեմն առնել, Այվազյանն ասաց․ «Չեմ կարծում, որ սա կբերի համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որովհետեւ էդ ճգնաժամի պարամետրերը միայն սրանով չեն պայմանավորված։ Կարող է ապրանքային արտադրության որոշակի լարվածություն առաջ բերի, որովհետեւ ես ինչքան նայում եմ, կորոնավիրուսով ավելի շատ հաղթահարվում են բուժման եղանակները, եւ տնտեսական մասով ճանապարհները գտնում են։ Ու ինձ թվում է՝ եթե սրա հիմնական լուծումները գտան՝ առողջացման ամբողջ մեխանիզմը, այդ ժամանակ տեղի կունենա արդեն նավթի գնաճ, ոսկու գների աճի անկում, որովհետեւ ոսկին նավթի գների անկման ժամանակ գնաճ է արձանագրում»։