Ինչ նկատի ունի Էդուարդ Աղաջանյանը
Ազգային ժողովում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո, արդյոք Ռուսաստանը պատժամիջոցներ չի՞ կիրառի Հայաստանի նկատմամբ, գազը չի՞ թանկացնի և այլն, Լարսում այս պահին արդեն կանգնեցրել են Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարներ, որոնք կոնյակ են արտահանում։ «Գազը երբ թանկացավ, աթա՞ր ենք վառելու»,- հարցրել են լրագրողները։
Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է․ «Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այս պահին մենք չունենք որևէ հիմք պնդելու, որ հնարվոր է նման գործողություններ լինեն»։
Ի՞նչ նկատի ունի Աղաջանյանը։ Մենք գրել ենք այդ մասին՝ ՀՀ իշխանությունը տարբեր երկրների հետ բանակցություններ է սկսել այլընտրանքային ճանապարհներով գազ Հայաստան ներկրելու մասին։ Բնականաբար, առաջինը Իրանն է, որտեղից մենք գազ ստանում ենք, բայց շատ փոքր քանակով։ Բանակցություններ են վարում Թուրքմենստանի հետ։ Եւ վերջին տվյալներով, թուրքական իշխանությունն է խոստացել՝ գազ տրամադրել Հայաստանին, եթե Ռուսաստանը երես թեքի մեզնից։
Բայց այս բոլոր խոստումներն իրականություն դառնալու համար երկարատեւ աշխատանք եւ բանակցություններ է հարկավոր իրականացնել։ Նախ, որովհետեւ դրա համար ենթակառուցվածքներ պետք է ստեղծվեն, խողովակաշարեր անցկացվեն եւ այլ՝ մեծ ներդրումներ պահանջող աշխատանք է պետք կատարել։ Բայց ամենակարեւորը՝ ոչ մի երաշխիք չկա, որ այլընտրանքային գազը, եթե անգամ մի քանի տարուց հասնի Հայաստան, ավելի էժան է լինելու, քան ռուսական գազը, եթե չասենք՝ կարող է մի քանի անգամ ավելի թանկ լինել։
Այնպես որ սա ՔՊ-ականների հերթական բլեֆն է, որը լավագույն դեպքում ծանր աշխատանք ու երկար ժամանակ կպահանջի, իսկ ակնհայտ է, որ մենք ոչ ժամանակ ունեն, ոչ էլ սրանք՝ աշխատելու ունակություն։
Արեգ Մարգարյան
Կարծիքներ