«Հրապարակ». Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ իր դեմ ներկայացված միջնորդությանը

«Հրապարակ». Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ իր դեմ ներկայացված միջնորդությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու միանգամից երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով։ Միջնորդագրերից երկուսը հրապարակված են ԱԺ կայքում, երրորդը՝ ոչ։ Երրորդ միջնորդագիրը, ասում են, հույժ գաղտնի է՝ դրա բովանդակությունը կբացահայտվի քննարկման պահին։ Այսպիսի անհեթեթ ու տարօրինակ բան առաջին անգամ է տեղի ունենում անկախ Հայաստանի խորհրդարանում, բայց քանի որ այս իշխանությունների օրոք ինչ ասես որ չտեսանք, այս դեպքից էլ չենք զարմանում։

Բայց եւս մեկ բան կա, որ կարելի է այլեւս տարօրինակ չհամարվող տարօրինակություների շարքին դասել։ Պարզվում է՝ Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ իր դեմ ներկայացված երրորդ միջնորդությանը, որ իմանա՝ երրորդն ինչ գործ է, որով իրեն ուզում են զրկել անձեռնմխելիությունից, որպեսզի կարողանա պատրաստվել, պաշտպանվել, հակափաստարկներ ներկայացնել։

Երկուսը պարզ է՝ պաշտպանության նախարար եղած տարիներին թույլ տված ինչ-որ չարաշահումներ, վատնում, ՊՆ բալանսում գտնվող շենք-շինությունների օտարում, հափշտակություն ու էլի նման ճռճռան ձեւակերպումներով մեղադրանքներ, որով շատ հանգիստ այսօր կարող էր անցնել նաեւ գործող նախարար Սուրեն Պապիկյանը՝ մի բան էլ ավելի, բայց այս իշխանությունները Պապիկյանին հարցաքննության կանչելու եւ, օրինակ, 15 զինծառայողի մահվան հանգամանքներով մեղադրանք առաջադրելու փոխարեն որոշել են նախկին նախարարին պատժել՝ ինչ-որ անորոշ ու չապացուցվող չարաշահումների գործով։

Բայց ուշագրավն այն է, որ երրորդ՝ «հույժ գաղտնի» գործին «մեղադրյալ» Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ։ Ասել են՝ դու գաղտնի նյութերին ծանոթանալու հասանելիություն՝ «դոստուպ» չունես։ Սա էլ մյուս աբսուրդն է, քանզի պատգամավորները՝ բոլորը, ի պաշտոնե իրավունք ունեն ծանոթանալու գաղտնի նյութերին, դրա համար իրենք նաեւ հատուկ ձեւաթղթի տակ են ստորագրում, որ պարտավորվում են գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնց առնչվում են որպես պատգամավորներ, չհրապարակել: Սեյրան Օհանյանին ուղղակի թույլ չեն տվել ստորագրել այդ դիմումի ձեւաթղթի տակ եւ ծանոթանալ գաղտնի գրիֆի տակ անցնող նյութերին։

Սեյրան Օհանյանն այս ամենը հաստատեց մեզ հետ զրույցում․ «Քանի որ ես չունեմ գաղտնիության թույլտվություն, երրորդ միջնորդությանը չեմ ծանոթացել: Ասել եմ՝ ծանոթանամ, ասել են՝ չէ»։ Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորել, որ մերժել են իրեն գաղտնիության թույլտվություն տալ, Օհանյանն ասաց․ «Գաղտնիության թույլտվության ես դիմել եմ, հենց որ դարձել եմ պատգամավոր։ Ինձ ասել են՝ ում վրա որ քրեական գործ կա հարուցված, ով մեղադրյալ է, իսկ էն ժամանակ մեղադրանք կար իմ նկատմամբ, դրա համար թույլտվություն չեն տվել։ Աբսուրդ է, էլի, ես այն ժամանակ ինչ տեսակի գաղտնիությունների եմ տիրապետել, ու հիմա ինձ թույլ չեն տալիս»։

Օհանյանի խոսքով՝ բոլոր պատգամավորներն էլ, անկախ ամեն ինչից, հավասար իրավունքներ ունեն, բայց իրեն առանձնացրել են ու արգելել գաղտնիության հասանելիություն ունենալը։ Հարցին՝ ի՞նչ է կարծում, ՔՊ-ն կողմ կքվեարկի՞ իրեն անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատախազի միջնորդությանը, Սեյրան Օհանյանն ասաց, որ ամեն ինչ էլ սպասելի է։

«Իմ կարծիքով, եթե ներկայացրել են Ազգային ժողով, ՔՊ-ն դակելու է, ինչպես միշտ»,- ասաց նա։ Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին խմբակցության նիստ է հրավիրելու, որպեսզի որոշի իր մարտավարությունը` Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի դեմ դատախազի ներկայացրած միջնորդությունների մասով: