Արոնյանը մեկնարկել է պարտությամբ. Champions Chess Tour

Արոնյանը մեկնարկել է պարտությամբ. Champions Chess Tour

Մեկնարկել է շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլը, որի 10 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Շախմատիստները մրցումները սկսել են Champions Chess Tour-ի նախորդ 9 փուլերի ընդհանուր արդյունքների հիման վրա վաստակած բոնուսային միավորներով:

Մինչ մրցաշարի մեկնարկը Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով ընթանում էր 3-րդ հորիզոնականում: Նրա հաշվին բոնուսային 8 միավոր էր գրանցված: Առջևում 16,5 միավորով Մագնուս Կառլսենն էր, որին հաջորդում էր 12,5 միավոր ունեցող Ուեսլի Սոն:

Մրցակարգի համաձայն յուրաքանչյուր տուրում մրցակիցներն արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղ են անցկացնում, որի հաղթողը ստանում է 3 միավոր, պարտվողը՝ 0: Հավասար արդյունքի դեպքում անցկացվում է 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը որոշվում է «արմագեդոնում»: Այդ դեպքում հաղթողին տրվում է 2, պարտվողին՝ 1 միավոր:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը շատ դժվարին մրցախաղ անցկացրեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արագ շախմատի 4 պարտիաներից հետո հաղթողը չորոշվեց: Արոնյանը հաղթեց առաջին պարտիայում, Վաշիե-Լագրավն առավելության հասավ 4-րդում, մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լրացուցիչ մրցախաղում ևս հաշիվը հավասար էր: Առաջին պարտիայում Արոնյանը պարտվեց, իսկ երկրորդում՝ հաղթեց: Մրցախաղի ելքը վճռվեց «արմագեդոնում», որում հաջողությունն ուղեկցեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Այսպիսով, Արոնյանը պարտվեց 3-4 հաշվով ու վաստակեց մեկ միավոր: Վաշիե-Լագրավի օգտին 2 միավոր գրանցվեց: 2-րդ տուրում Արոնյանը կմրցի Վլադիսլավ Արտեմևի հետ, որը 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց Թեյմուր Ռաջաբովին: Մեկնարկային տուրի մյուս մրցախաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Մագնուս Կառլսեն-Յան-Քշիշտոֆ Դուդա՝ 2,5-0,5, Ուեսլի Սո-Շահրիյար Մամեդյարով՝ 3-1, Անիշ Գիրի-Հիկարու Նակամուրա՝ 3,5-2,5: