Վլադիմիր Վարդանյանի հետ այնքան հաճախ ենք խոսել, որ կդժվարանամ մտաբերել

Վլադիմիր Վարդանյանի հետ այնքան հաճախ ենք խոսել, որ կդժվարանամ մտաբերել

«Հրապարակ»-ն արդեն գրել է, որ Արսեն Բաբայանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո իմքայլական պատգամավոր, ԱԺ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խնդիրներ է ունեցել: Մասնավորապես նրան կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության, որտեղ էլ հայտնել է, որ Արսեն Բաբայանի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում քննարկել են սահմանադրական դատարանի որոշումներից մեկը, որի շուրջ ինքը, ըստ իր բառերի, բավականին կոշտ քննադատել է: Խոսքը քրեական գործի հարուցումից հետո ունեցած խոսակցության մասին է, որը կասկածների տեղիք է տվել իրավապահների մոտ։

Այս պատմության մասին «Հրապարակը» մանրամասներ է ճշտել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանից:

- Պարոն Բաբայան, ԱԺ իմքայլական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանելով Ձեզ հետ հեռախոսազրույց ունենալու արդյունքում իրեն ՀՔԾ-ում հարցաքննելու մասին մեր տեղեկությունը հայտնել էր, որ Ձեզ հետ խոսել է ՍԴ որոշման շուրջ, որը Դուք պաշտպանել եք, իսկ ինքը կոշտ քննադատել է: Կասե՞ք, թե հեռախոսային ինչ խոսակցություն եք ունեցել:

- Վովի (նկատի ունի՝ Վլադիմիր Վարդանյանին) հետ այնքան հաճախ ենք խոսել, որ կդժվարանամ մտաբերել, թե կոնկրետ որ օրվա խոսակցությունն ինչի մասին է եղել: Նրա հետ խոսակցությունները հիմնականում ունենում ենք այլընտրանքային՝ Viber-ի Messanger-ի կամ WhatsUp-ի միջոցով: Վովի հետ վաղուց ենք շփվում և ունենք նորմալ հարաբերություններ: Հաճախ է եղել, որ նա, իմ խնդրանքով, որոշակի անհրաժեշտ տեղեկություններ է ինձ հաղորդել, շատ տարբեր հարցեր ենք քննարկել: Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում դրանում:

- Իսկ ի՞նչ կոշտ քննադատության մասին է խոսքը: Վլադիմիր Վարդանյանը մեզ հետ ցրույցում ասաց, որ կոշտ է քննադատել:

- Իրավաբանության մեջ չեն լինում կոշտ կամ փափուկ քննադատություններ, լինում են հիմնավոր՝ փաստարկված, կամ անհիմն, դրանք կարող են մեկ-մեկ էլ լինել անհեթեթ: Իսկ ՍԴ որոշման շուրջ մեր վերջին քննարկման ընթացքում Վովի հայտնած մասնագիտական դիրքորոշումը հանգիստ կարող ենք դասել անհեթեթների շարքին: Ես Վլադիմիրին համարում եմ մասնագիտական ճանապարհ անցած մարդ, բայց առնվազն այդ անգամ նրա մեկնաբանություններն ու բերված հիմնավորումները համոզիչ չէին: