ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինաբար կալանավորված հայերին
Ապրիլին ԿԽՄԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված և գերության մեջ պահվող հայերին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, փոխանցում է APA-ն։
Ըստ տեղեկությունների, կալանավորված հայերի հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց՝ ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանն առևանգել և ապօրինաբար կալանքի է պահում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս նրանցից ոմանց կալանավորումների արժանապատվությունը նվաստացնող տեսարաններ։
Հավելենք, որ մինչ օրս Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր: Այս խմբի մեջ են 2020 թվականի պատերազմի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետում և Հայաստանի դեմ ռազմական հարձակումների արդյունքում ձերբակալված անձինք:
Կարծիքներ