Ինչո՞ւ են ազգային-ազատագրական շեշտադրումներ հայտնվել 17 ուժերի ելույթներում 

Ինչո՞ւ են ազգային-ազատագրական շեշտադրումներ հայտնվել 17 ուժերի ելույթներում 

Տպավորություն է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի անցումային թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ի ելույթում նոր ազգային-ազատագրական շեշտադրումներ էին հայտնվել։ Պատահական չէ, որ նա իր ելույթը սկսեց փետրվարյան ցույցերից, ազգային զարթոնքից, մայր  Հայաստանին Արցախի վերամիավորման պահանջից։ «ԽՍՀՄ-ում առաջին անգամ հայտարարեցինք համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացնում էինք քաղաքը։ Բանակցում էինք ԽՍՀՄ եւ Հայաստանի ղեկավարության հետ: …Կար Խորհրդային Միության եւ «Ղարաբաղ» կոմիտեի իշխանությունը»: Սա պատմական մասն էր, հաջորդիվ ասվածը փոքր-ինչ տարօրինակ էր հնչում ամբողջովին ռուսամետի համարում ունեցող քաղաքական ուժերի անցումային վարչապետի թեկնածուի շուրթերից։ «Մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն՝ այդ իմաստով դառնում ենք Ռուսաստանից լրիվ կախյալ: Փորձեցին ազգայինը դուրս շպրտել մեր ժողովրդի միջից: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցրել ենք, այլեւ դրա վրա պետք է կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք: Պետք է արագորեն վերակառուցել բանակը: Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը»։ 

Կա՞ արդյոք շեշտերի փոփոխություն, եթե այո, ինչո՞վ է պայմանավորված․ հարց ուղղեցինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին։ Նա նախ ասաց՝ ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանի ելույթը համաձայնեցված էր։ Այսինքն՝ սա 17-ի շուրթերից էր հնչում։ «Էնպես չէ, որ Վազգեն Մանուկյանն ինքնուրույն շեշտադրումներով բոլորից անկախ ելույթ ունեցավ։ Երկրորդ․ այո, ես կարծում եմ, որ ինչ-որ մի փուլից սկսած՝ միավորված ընդդիմությունը քաղաքական պրոցեսը զուտ հակաիշխանական, ներքաղաքական պայքարի ֆորմատից սկսում է տանել դեպի ինչ-որ տեղ ազգային-ազատագրական պայքարի ֆորմատ։ Այսինքն՝ երբ իշխանությանն անվանում ես «դավաճան», բոլոր իր գործողությունները՝ ազգակործան եւ միտված երկրի տարածքային ամբողջականությունը ոչնչացնելուն, եթե դու այդպես ես համարում ու ավելին, որ պետությունն ամբողջովին պրոտեկտորատի կարգավիճակում է, ուղղակի արտաքին կառավարման ռեժիմում, ապա այն ուժերը, որոնք սկսում են պայքարել այս իշխանության դեմ, ինչ-որ մի փուլից սկսած, նման ձեւակերպումների պարագայում իրենց պայքարը սկսում է նմանվել ազգային-ազատագրական պայքարի։ Եվ առաջին պլան մղվում է երկրի սուվերենությունը վերականգնելու խնդիրը»,- ասում է Վիգեն Հակոբյանը։

Նրա գնահատմամբ՝ սա, իհարկե, հակառուսական շեշտադրում չէ, այլ տվյալ պարագայում սուվերենության խնդիր է, քանի որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտաքին կառավարումն ուղղակիորեն իրականացվում է Ռուսաստանից։ Որպես սուվերենության վերականգնման կոնտեքստ՝ ընտրվել է այս գիծը, որ «չի կարող անկախ երկիրն էս աստիճան կախվածության մեջ լինել՝ անգամ իր ռազմավարական դաշնակցից»,- հավելեց քաղտեխնոլոգը։ 

Ելույթ ունեցողների կազմը՝ Հրանտ Բագրատյան, Արփինե Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան, Գագիկ Ծառուկյան, Գեղամ Նազարյան եւ այլք, կարելի՞ է համարել ստվերային կառավարություն։ Ըստ Վիգեն Հակոբյանի՝ ոչ։ Նա ընդգծում է՝ Վազգեն Մանուկյանն ինքը բազմիցս ընդգծել է, որ եթե գնում ենք ժամանակավոր կառավարության սխեմայով, դա լինելու է ժամանակավոր կառավարություն, որն ունենալու է կոնկրետ ֆունկցիաներ՝ հստակ  «դեդլայնով»։ Կազմ, որի նպատակը լինելու է իրավիճակի կայունացումը, մինչեւ երկիրը կգնա արտահերթ ընտրությունների։ Այսինքն՝ ինչպեսեւ ասվել է, Վիգեն Հակոբյանը կարծում է, որ դա ավելի շատ լինելու է տեխնիկական-մենեջերների  կառավարություն։ Իհարկե, Հակոբյանը չի բացառում, որ մեկ-երկուսը կարող են լինել, բայց այդ կազմը չի կարելի համարել այս կազմով կաբինետ։ 

Այդ օրվա հանրահավաքը, չնայած եղանակային պայմաններին, Վիգեն Հակոբյանը համարում է միանգամայն կայացած։ «Դա նաեւ ուժի ցուցադրում էր, եւ երեւի թե ընդդիմությունը ցույց տվեց, որ շարժումը ոչ միայն չի մարել, ինչպես իշխանությունն է ասում, այլ ռեսթարթ է եղել։ Եվ որ հրաժարականի հասարակական պահանջ, այնուամենայնիվ, կա։ Հաշվի առնելով, որ գարունը քաղաքական ամենաակտիվ սեզոնն է, իսկ այդ հանրահավաքը, հիշենք, թե ինչ եղանակային պայմաններում տեղի ունեցավ։ Երեւի ավելի անբարենպաստ պայման դժվար է գտնել։ Եվ էդ առումով հանրահավաքն իր նպատակին հասավ»,- ասում է Հակոբյանը։

Մարդկանց թիվը, ըստ Հակոբյանի, ավելանալու է տատանվողների հաշվին, որոնք եթե նոյեմբեր-դեկտեմբերին չգնացին Ազատության հրապարակ՝ անսալով Փաշինյանի ճանապարհային քարտեզին ու հավատալով, որ փոփոխություններ է անելու, հիմա տեսնում են, որ 6 ամսից 3-ն անցել է, այդ քարտեզը թղթի վրա է։ Չնայած, Փաշինյանին այս ընթացքում ոչ ոք առանձնապես չի խանգարել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել ավելի հեռու ժամկետների մասին։ 
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը վերջին հանրահավաքում հստակ հայտարարեց՝ ունեն պլան Ա եւ պլան Բ՝ ապստամբության պլան։ Այսինքն, դրա ռեսուրսներն էլ են հաշվարկվում։