2019թ. 1-ին կիսամյակի համեմատ 2020-ին կրկնակի ավելացել են ինքնասպանության դեպքերը Զինված ուժերում

2019թ. 1-ին կիսամյակի համեմատ 2020-ին կրկնակի ավելացել են ինքնասպանության դեպքերը Զինված ուժերում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը:
Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 31 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 10-ը՝ առողջական խնդիրների, 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,  6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ ավտովթարի,  1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ ականի պայթյունի։ 
Նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվան դեպքերի թիվն ավելի է 1-ով (2019 թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր մահվան 30 դեպք):  
2020 թ. մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:  
Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է  պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից: 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: 
Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է,  որ  զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակական բնույթը փաստում է այն մասին, որ այդ դեպքերով  կա՛մ պատշաճ ծառայողական քննություն չի տարվում, կա՛մ  դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման,  վերացման կամ  լուծման ուղղությամբ  քայլերը հեռու են արդյունավետ լինելուց: 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «2020 թ. առաջին եռամսյակում  ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» տեղեկանքում անդրադարձել էր 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին ինքնասպանության դեպքերի կտրուկ աճին, որը հանրային  դժգոհության ալիք առաջացրեց:
2020 թ. ավելացել են դժբախտ պատահարների հետևանք մահվան դեպքերը: 2019 թ.-ի 1-ին կիսամյակում դժբախտ պատահարի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, 2020 թ.-ի 1-ին կիսամյակում՝ 6-ը ( դեպքերի ընդհանուր թվի 19 %-ը ):
Դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի աճը ենթադրելու առիթ է տալիս, որ կա՛մ զինծառայողները չեն պահպանում ծառայության անվտանգության կանոնները, կա՛մ այդ մասին նրանք պատշաճ չեն հրահանգավորվում:  
Ծառայության անվտանգության կանոնների պահպանման համատեքստում հարկ է նշել, որ 2020թ 1-ին կիսամյակում տեղի է ունեցել մահվան 1 դեպք՝ ականի պայթյունի հետևանքով: Ընդ որում՝ մահացողը սպա է, ինչն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով սպայական  անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զինծառայության կազմակերպման գործում նրանց կողմից անվտանգության բոլոր կանոնների պահպանման պարտավորությունը: 
2020թ 1-ին կիսամյակում առողջական  խնդիրների հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահվան 10 դեպք, ինչը մահացության ընդհանուր թվի մոտ 1/3-րդն է: 2 դեպք պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինծառայության հետ կապված, 8-ը՝ չկապված: Զինծառայության հետ կապված են համարվել 2 պարտադիր ժամկետային զինծառայողների,  չկապված՝ 4 պայմանագրային  զինծառայողների, 3 սպաների և 1 ենթասպայի մահվան դեպքերը: 
Ելնելով այս վիճակագրությունից՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը ևս մտահոգիչ են, անգամ եթե դրանք պաշտոնապես համարվում են ծառայության հետ կապ չունեցող:  
Այս համատեքստում հարցականի տակ է դրվում՝ արդյոք պատշաճ կերպով իրականացվում են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողության բոլոր միջոցառումները, թե՝ ոչ: Վիճակագրական տվյալներից կարելի է ենթադրել, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ  զննությունը պատշաճ չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել առողջական խնդրով մահացության դեպքերը: 
2020 թ.-ի 1-ին կիսամյակում էականորեն նվազել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը. 3 դեպք՝ ի տարբերություն 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի՝ 12-ի: 
Ամփոփելով՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի գերակշիռ մասը՝ 97 %-ը, տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում. մասնավորապես՝ 32 %-ը՝ առողջական խնդիրների, 26 %-ը՝ ինքնասպանության, 19 %-ը՝ դժբախտ պատահարի, 10 %-ը՝ ավտովթարի, 7 %-ը՝ սպանության, 3 %-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերի թիվը կազմում է մահվան դեպքերի ընդհանուր թվի միայն 3 %-ը ( մահվան 1 դեպք )։ 
Մահացած 31 զինծառայողներից 14-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 9-ը պարտադիր ժամկետային, 7-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։  
2019թ մահացած  30  զինծառայողներից  8-ը պարտադիր ժամկետային  զինծառայողներ  էին, 13-ը՝ պայմանագրային ժամկետային, 4-ը` սպա, 3-ը՝ ենթասպա, 2 դեպքում զինծառայության տեսակը դեռ ճշտված չէ։ 
Կարող ենք արձանագրել, որ 2020թ 1-ին կիսամյակում ինքնասպանության, առողջական խնդիրների և ավտովթարի հետևանքով մահվան դեպքեր արձանագրվել են թե՛ պարտադիր ժամկետային, թե՛ ժամկետային պայմանագրային զինծառայողների, և թե՛ սպաների շրջանում:  
Ինչ վերաբերում է զինծառայության հետ կապված և չկապված դասակարգումներին, ապա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության՝ ՀՔԱՎ գրասենյակին տրամադրած տեղեկության համաձայն՝ զինծառայության հետ կապված են համարվել մահվան 31 դեպքից 17 -ը,  չկապված՝ 14-ը: ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ գրասենյակին տրամադրել է տեղեկություններ միայն այն 18 զինծառայողների մահվան դեպքերի մասին, որոնց առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում իրականացվում է մինչդատական վարույթ: Ուշագրավ է, որ ՀՀ ՔԿ-ի տվյալներն այն մասին, որ 18 զինծառայողներից 17-ի մահվան դեպքերը համարվել են զինծառայության հետ կապված, 1-ը՝ ոչ, համընկնում է ՀՀ գլխավոր դատախազության տվյալներին: 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019թ ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ հղում տալով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետին:
2019թ 1-ին կիսամյակի համեմատ՝ 2020թ նույն ժամանակահատվածում ԱՀ/ԼՂ-ում նվազել է թե՛ հրադադարի ռեժիմի խախտումների (1335-ով), թե՛ կրակոցների թիվը (17050-ով): Նշենք, որ այս տվյալները ներառում են միայն ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: 2020թ 1-ին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրված մահվան 1 դեպքը գրանցվել է ՀՀ տարածքում: 
Կարևոր ենք համարում նշել, որ թեև 2020 թ․ 1-ին կիսամյակում ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, 2020 թ․ հուլիսի 12-ից  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրվեց իրավիճակի կտրուկ սրացում, ինչը հանգեցրեց նյութական ու մարդկային կորուստների՝ 2 երկրների զինված ուժերում: 
Ընդհանուր առմամբ սահմանային խիստ լարված իրավիճակը տևել է 4 օր՝ հուլիսի 12- 16-ը, որին հաջորդել են ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակի կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները՝ սահմանին հարաբերական անդորրի պահպանման վերաբերյալ: 
2020 թ․ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արձանագրված դիվերսիոն ներթափանցումների փորձերին, արձակված կրակոցներին, կիրառված զինատեսակներին և մահացության դեպքերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կանդրադառնա 2020 թ․ հոկտեմբերի տեղեկանքում: