Արցախցի կինն աղերսում է՝ հաշմանդամներին 4-րդ հարկից իջեցնել
Արցախցի Իննա Ծատուրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ 76 տարեկան հաշմանդամություն ունեցող քեռու և հաշմանդամություն ունեցող մորաքրոջ հետ մնացել է Ստեփանակերտի Հեքիմյան 7 շենքի 11 բնակարանում: Նա մեզ հետ զրույցում աղերսում է օգնել իր՝ հաշմանդամություն ունեցող հարազատներին:
- Չնայած, եթե էսքան խոխա ա զոհվալ, թող մենք ալ մեռնենք: Քեռիս 76 տարեկան ա, շաքարով հիվանդ, չի կարում քայլի, դողում ա, ինսուլինը խփում ա: Մի հատ էլ մորքուր ունեմ՝ երկու անգամ ինսուլտ տարած` երկրորդ ինսուլտն էս կռվի վախտ ա խփել: Չի կարա իջնի աստիճանները: Ես չեմ կարա նրանց մենակ թողնեմ գնամ.... եթե մեռնում ենք, պետք ա բոլորս իրար հետ մեռնենք: Հիմա մնացել ենք մենակ, ոչ մի տղամարդ չկա, մեզ համար ոչ մի բան չկա.... մենակ ենք մնացել լրիվ: Էս ինչ օրն ընկանք: Խնդրում եմ օգնեք մեզ, իմանանք ինչ ենք անում: Մի քիչ առաջ էլ մի ծանոթ մարդ կա, ասեց, որ ոչ մի ավտոբուս չեն թողնում Հայաստանից Ղարաբաղ մտնի, ասում են՝ ով ավտո ունի, թող ավտոյով դուրս գա, ով էլ չէ, չէ.... Ահագին մարդ, որ եկավ, իրանց մեքենաներով են եկել: Ով մեքենա, չունի, սենց անտեր մնում ա: Կարմիր խաչին դիմելն էլ անիմաստ ա, որովհետև մենակ վիրավորներին են հիմա տանում: Պայթյուն ա եղել, մենակ դրանով են հիմա զբաղվում: Խնդրում եմ էլի..... իմանանք, ինչ ա գլխներիս գալու:
- Իսկ ի՞նչ պայմաններում եք այժմ: Սնունդ, դեղորայք ունե՞ք:
- Դե մի քիչ մնացել ա, մի քիչ ալիր կա, էսօրվա, վաղվա: Դրան կդիմանանք, ոչինչ, կնիհարենք մի քիչ: Խաղաղություն ու առողջություն թող լինի, մնացածը լրիվ ստացվելու բաներ են:
- Հայաստանում բարեկամներ, հարազատներ, ծանոթներ ունե՞ք: Որտե՞ղ եք ցանկանում գալ:
- Ոչ մեկը չունեմ (Լաց է լինում): Մի տեղից դուրս են անում, տանում նորից թուրքի բերանը մտցնում: Ես չեմ հասկանում, կարո՞ղ ա սաղ ուզում են ղարաբաղցիներին կոտորել: Ես ուժե սկսել եմ վախենալ: Որ կյանքում չեմ վախեցել:
Կարծիքներ