Երբ ջուրը դադարում է հոսելուց, նրա կանգառի վայրը վերածվում է ճահճի

Երբ ջուրը դադարում է հոսելուց, նրա կանգառի վայրը վերածվում է ճահճի

Ազգային ժողովի խորհրդի, որը ներառում է նախագահությունը, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարների անդամների հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպել է նաեւ Երեւանում հավատարմագրված դեպանների եւ մի շարք արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Կարծիքների փոխանակման համար կազմակերպված այդ հանդիպումները մասնակիցների  (դեսպաններին հանած) մոտ կձեւավորեն պետության համար վճռորոշ այս օրերին պետական գործերին մասնակցություն ունենալու զգացողություն: Սա հենց այն է, ինչը կառավարման պրակտիկան բնորոշում է որպես ժողովրդավարական: Հենց նման քննարկումների ժամանակ կարող են ծնվել եւ սովորաբար ծնվում են գաղափարներ, որոնք ապահովում են ցատկային զարգացում կյանքի այս կամ այն ոլորտում:

Որպեսզի խիստ վերացական չհնչի ասվածը, ներկայացնեմ 15 տարի առաջ իմ մասնակցությամբ եւ համակարգմամբ իրականացված քննարկման կարճ պատմությունը: Սոցիոլոգիական ոչ մեծ խմբի առջեւ խնդիր էր դրվել կատարել հանրակրթության վերաբերյալ հարցում Գյումրի քաղաքում: Երբ 10-15 անձից (ճշգրիտ թիվը չեմ հիշում) բաղկացած խումբը ծանոթացավ 1988 թվականի երկրաշարժից ավերված քաղաքին, բախվեց հարցվողների հասցեականության նախապես մշակված պլանն իրականացնելու անհնարինությանը, երկու-երեք ժամ տեւած բուռն քննարկումից հետո, որում առաջարկ էին անում բոլոր մասնակիցները, մշակվեց հնարավոր լավագույն լուծումը, եւ հարցումն իրականացվեց նորմալ մակարդակով: 

Վերադառնանք մեր օրերը: Վարչապետի մոտ քննարկման ժամանակ, ենթադրաբար, հնչել են իշխանության կողմից իրականացված քայլերի վերաբերյալ քննադատություններ. մասնակիցները չէին գնացել, չէ՞, գովելու իշխանությանը: Նրանք պետք է որ դիտարկած լինեին իշխանության կատարած այս կամ այն քայլը եւ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնեին վարչապետին: Իսկ իշխանության գործողություններին համաձայն չլինելն ու այն բարձրաձայնելը, եթե չենք մոռացել, պատժվում է երկու օր առաջ ընդունված օրենսդրական փոփոխություններով:       
Վերացական բնույթի տողերով սկսելով հոդվածը՝ ավարտեմ այն փիլիսոփայական մտորումներով. երբ ամենամաքուր ջուրն անգամ դադարում է հոսելուց, նրա կանգառի վայրը վերածվում է ճահճի: Երբ դադարում է մտքերի հակադրությունն ու համադրությունը, կյանքը նույնպես ճահճանում է, եւ հանուն ինչ-որ հիպոթետիկ դրական արդյունքի քննադատության բացառումն առաջ է բերում խիստ բացասական արդյունք՝ դադարում է գաղափարների գեներացիան: Երբ դադարում է գաղափարների գեներացիան, հասարակությունը դեգրադացվում է: Երբ հասարակությունը դեգրադացվում է, այն չի կարող երկարատեւ ժամանակահատվածում դիմագրավել արտաքին կամ ներքին մարտահրավերներին, որքան էլ ոգով արի լինի հասարակության մի մասը (զինվորը): Այս շղթայից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել խոսքի եւ կարծիքի ազատությունը՝ հատկապես ժողովրդավարության պայմաններում:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ